Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատաղիսի գործով» արդարացվածների բողոքի քննությունը հետաձգվեց

Նոյեմբեր 07,2013 13:09
Gagik Jhangiryan

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում Դ.Խաչատրյան, Ն.Տավարացյան, Ս.Միքայելյան կազմով պետք է լսվեր «Մատաղիսի գործով» արդարացվածների՝ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի բողոքները:

Դատավոր Ս. Միքայելյանի հիվանդության պատճառով նշանակված բոլոր նիստերը հետաձգվում էին, քանի որ այլ կազմով նիստ անելու հնարավորություն էլ չկար (երեկ նույն դատավորի հիվանդության պատճառով չհետաձգվեց դատական նիստը եւ «Միլանոյի գործով» բերված բողոքը քննվեց, երբ դատավորներին միացավ դատավոր Ա.Պետրոսյանը-Ռ.Մ.): Նիստի հետաձգման մասին մեզ փոխանցեց դատավոր Դ.Խաչատրյանի օգնականը:

Բողոքաբեր կողմը վիճարկում էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի վճիռը, համաձայն որի  Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և հայցվորների անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջների վերաբերյալ հայցապահանջը մերժվել էր:
Հիշեցենք, որ «Իրավունք» թերթում «Ջհանգիրյանը չի փոխել իր կարծիքը Մատաղիսի գործով» վերնագրով Գագիկ Ջհանգիրյանի կողմից տրված հարցազրույցում նախկին զինդատախազն ասել էր. «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:

Իսկ 2012 թվականի դեկտեմբերի 18-ին www.aravot.am էլեկտրոնային կայքում հրապարակված «Ջհանգիրյանը մեղքի զգացում բացարձակ չունի` Մատաղիսի գործով» հարցազրույցում ասել էր. «Մեղքը դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են»: Գ.Ջհանգիրյանը նաեւ ասել էր. «Ուրեմն ինձանից հետո պաշտոնավարել է երկու զինվորական դատախազ: Երկրորդ զին. դատախազը նույն մեղադրանքով նույն անձանց վերաբերյալ այդ գործն ուղարկել է դատարան, երրորդ դատախազի օրոք այդ մեղադրանքը պաշտպանվել է դատարանում, դիմեք իրենց»: Հարցին` դուք ձեզ մեղավո՞ր եք զգում` նա պատասխանել էր. «Բացարձակ: Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930