Լրահոս
Օրվա լրահոսը

«Շանթ Հարությունյանի ակցիան ձեւով խուլիգանական էր, բովանդակությամբ՝ ոչ» (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2013 13:01

Այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի կազմակերպած հերթական քննարկումը վերաբերում էր վերջին օրերին Երեւանում տեղի ունեցած հայտնի դեպքերին եւ մտավորականության դերին՝ հասարակության համար նման կարեւորագույն իրադարձությունների ժամանակ:

Բնապահպան, ՀԽ անդամ Կարինե Դանիելյանի ձեւակերպմամբ. «Երբ մեզ լուրջ վտանգ է սպառնում, ինքնամաքրվում ենք, սկսում ենք իրար գնահատել, սիրել, միաբանվել, ինչպես 88-ին, մինչդեռ, երբ քիչ թե շատ հանգիստ իրավիճակ է, մեզ վատագույնս ենք դրսեւորում: Ցավով եմ փաստում, բայց օրինակ «Արարատ» ֆիլմում հենց թուրքի բերանով է ասվում, որ մեզ չեն սիրում, որովհետեւ մենք ագահ ենք…Ուզում ենք աշխարհը մեր հանդեպ արդար լինի, բայց մենք արդար չենք միմյանց նկատմամբ, կարծում եմ՝ ինքնասպանության ճանապարհն ենք բռնել այս գլխիվայր շրջված արժեհամակարգով: Այս իրավիճակով միայն կորուստներ կունենանք, ո՛չ հաղթանակներ: Այս երկու օրը ունեցանք պոռթկում, որի արտահայտման ձեւը ընդունելի չէ, բայց մտահոգությունը, որ այսպես ապրել չի կարելի, ընդունելի է եւ հասկանալի»:

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի խոսքով, իրավիճակի լավագույն արտացոլումը քաղաքաշինությունն է, նրա ասելով եթե նախկինում այդ ոլորտում խմբակային հետաքրքրություններ կային, ապա այժմ միտում կա՝ «ես» հասկացության՝ մեկը մյուսին չի ուզում լսել, քննարկել իր տեսակետը մեծամասնության հետ:

Հրապարակախոս, սոցիոլոգ Կարինե Հակոբյանի ասելով, հնարավոր չէ պետություն կառուցել առանց ազգային գաղափարախոսության, ազգային եւ պետական գաղափարախոսությանը այլեւս եկել է փոխարինելու անձնական շահի եւ բռնության գաղափարախոսությունը: «Սոցիալականն ու ազգայինը փոխշաղկապված են, երբ կա սոցիալական բեւեռացում, հնարավոր չի ոչ մի համախմբում»,-կարծում է տիկին Հակոբյանը: Նրա ասելով, Սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, բայց միաժամանակ կան բոլոր այն սողանցքները, որոնք Հայաստանը այսօրվա վիճակի են հասցել: Ըստ հրապարակախոսի, ամեն ինչ չէ, որ օրենքներով է կարգավորվում, կան նաեւ չգրված, բարոյական օրենքները:

Անդրադառնալով Հայաստանի ցեղապաշտական կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա կողմնակիցների կողմից օրերս իրականացրած ակցիային, Կարինե Հակոբյանը ասաց. «Կատարվածը իրականության տրամաբանական արձագանքն էր՝ եթե իշխանությունները ամեն բանի վերաբերվում են որպես ձայն բարբառո հանապատի, երբ հասարակական կարծիք չկա, դու ստիպված ես լինում դիմել նման քայլերի»:

Ճարտարապետ Մուշեղյանի համոզմամբ, հարկավոր է ոչ թե արդեն կատարվածին, արդյունքին գնահատական տալ, այլ դրանք ծնող պատճառներին, ինչը հաճախ չի արվում:

Aravot.am-ի խնդրանքին ի պատասխան՝ հստակ գնահատական տալ Շանթ Հարությունյանի եւ նրա կողմնակիցների՝ օրերս իրականացրած ակցիային, Կարինե Դանիելյանն ասաց, որ ակցիան ձեւով խուլիգանական էր, բովանդակությամբ՝ ոչ: Մյուս բանախոսները եւս համաձայնեցին նրա կարծիքի հետ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930