Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հարցազրույցից:
–Ոստիկանության գործողություններն ինչպե՞ս եք գնահատում. իրավապահ մարմինների քայլերը, ըստ ձեզ, համարժե՞ք էին ստեղծված իրավիճակին։
-Ոստիկանության արագ արձագանքը, կարծում եմ, բնական էր եւ իրավաչափ։ Այդ բառապաշարը, ոճը՝ երբ հայհոյախառն արտահայտություններով, մահակներով հարձակվում են իրավապահների վրա, բենզինով լի սրվակները, դյուրավառ հեղուկով լցված շշերը շպրտում մարդկանց ոտքերի տակ, սպառնում պայթեցնել նախագահականը՝ ի՞նչ է, պատերա՞զմ են հայտարարում պետությանը։
Նույնիսկ չգիտես՝ ինչ անուն տալ որեւէ տրամաբանական բացատրություն չունեցող այդ քայլերին, գործողություններին, որտեղ տրամաբանությունն իսպառ բացակայում է։ Եթե նույնիսկ արկածախնդրություն էր, նման արկածախնդիրներին չպետք է հնարավորություն տրվի ի կատար ածելու մտքով անցածը եւ օրը ցերեկով վտանգի ենթարկելու խաղաղ բնակչությանը, որը զբաղված էր իր գործով։
Պատկերացրեք՝ ինչ քննադատություններ, ինչ բացասական արձագանքներ կլինեին ե՛ւ մեր քաղաքացիների, ե՛ւ միջազգային հանրության կողմից, եթե, Աստված մի արասցե, այդ գործողությունների հետեւանքով մարդիկ զոհվեին։
–Վարկածներից մեկն էլ այն է, որ այս ամենի հետեւում կանգնած են իշխանությունները, որոնք եթե չեն աջակցել, ապա չեն խոչընդոտել Շանթի գործողություններին՝ նրա միջոցով իբր փորձելով վարկաբեկել հեղափոխության գաղափարը։
-Չեմ կարծում, թե 3-4 հոգով, փայտերով ու դիմակներով հնարավոր է հեղափոխություն անել։ Այդ մարդիկ, եթե իրականում մտահոգ են ժողովրդի դարդուցավով, ուզում են առողջ ընդդիմություն ձեւավորել եւ իրականացնել խաղաղ ճանապարհով իշխանափոխություն, բաց են թողել այդ հնարավորությունը։ Նախագահական ընտրություններից հետո, երբ ձեւավորվել էր ընդդիմադիր մի կորիզ, որը հավաքել էր 38 տոկոս ձայն, ոչ թե իշխանությունները, այլ իրենք ջանք ու եռանդ չէին խնայում՝ վարկաբեկելու ընդդիմադիր դաշտի լոկոմոտիվի դերում հայտնված քաղաքական ուժին։
Եթե այն ժամանակ մի կողմ դնեին հատվածական շահերը եւ համախմբվեին գաղափարի շուրջ, այսօր ստիպված չէին լինի նման հայտարարություններ անել՝ ամենուրեք փնտրելով իշխանությունների «ստվերը»։ Այս մասին պետք է խոսել, ոչ թե քավության նոխազներ փնտրել՝ սեփական անհաջողությունները վերագրելով կա’մ իշխանություններին, կա’մ Եվրամիությանը, կա’մ Մաքսային միությանը։
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում