Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը` Շանթ Հարությունյանի քայլի մասին. «Ամեն ոք իր ոճն ու մոտեցումներն ունի»

Նոյեմբեր 07,2013 12:03

«Մեր գործն է ուշադիր հետևել, որ կալանավորվածներից որևէ մեկի իրավունքները չխախտվեն, որ լինի բաց, թափանցիկ քննություն, որ հասարակության մեջ կասկած չլինի, թե ինչ-ինչ հարցեր են կոծկվում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումներին ` այսպես արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նա կարծում է, որ պետք է ամեն ինչ անել, որ անաչառ քննություն անցկացվի ու մանրամասնում. «Այնտեղ կարող էին սադրիչներ լինել, որոնք բախումը հրահրեցին: Ուստի պետք է հանգամանորեն ուսումնասիրել ու պարզել այդ ամենը: ՀՀ-ում ոստիկանության նկատմամբ վստահություն չկա, բաց որ եղել են սադրիչներ՝ դա միանշանակ է: Ուստի պիտի ուշադիր բոլորս հետևենք ճշմարտությունն ի հայտ բերելու համար»:

Հետաքրքրվեցինք` մարտի 1-ի հետ զուգահեռներ կարելի՞ է անցկացնել, պարոն Արզումանյանը պատասխանեց. «Մարտի 1-ին համաժողովրդական ընդվզում էր, մարդիկ խաղաղ ցույցերի էին դուրս եկել բողոքելու կեղծված ընտրությունների դեմ: Դա լրիվ խաղաղ ցույց էր, ու իշխանությունը օգտագործեց բանակը, զոհեր եղան, հազարավոր մարդիկ ձերբակալվեցին»:

Մեր այն հարցին` Շանթ Հարությունյանի ներկայիս և 2008-ի մարտին հնչեցրած ելույթներում նմանություններ տեսնո՞ւմ է, պարոն Արզումանյանը պատասխանեց. «Վեց տարի է անցել, մարտի 1-ին մի շարք ելույթներ են հնչել: Դրանց տրամաբանությունն այն էր, որ վերականգնվի արդարությունը և ճանաչվեն ընտրությունների իրական արդյունքները: Դա համաժողովրդական ընդվզում էր, քանի որ մարդիկ վստահ էին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ուստի համեմատությունը տեղին չէ: Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանի ելույթին, ապա ամեն ոք իր ոճն ու մոտեցումներն ունի»:

Այն քննադատություններին, թե հեղափոխությունն իր հերթին, բայց պայթուցիկների կիրառումը անթույլատրելի էր, պարոն Արզումանյանն այսպես արձագանքեց. «Մշտապես հանդես եմ եկել այն մոտեցմամբ, որ մեր ճանապարհը սահմանադրական ճանապարհն է, սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելը: Յուրաքանչյուր ժողովուրդ ըմբոստանալու իրավունք ունի, մենք նախընտրում ենք սահմանադրական ճանապարհը: Ուստի պետք է մանրամասնորեն ճշտել՝ ով էր պայթուցիկները բերել, պայթուցիկ օգտագործողները արդյոք Շանթ Հարությունյանի համախոհնե՞րն էին: Հարցեր կան, դրանց պետք է պատասխան տա նախաքննությունը»:

Մեր հարցին` ո՞րն էր Շանթ Հարությունյանի քայլի իմաստը և ով էր հասցեատերը, պարոն Արզումանյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր մարդ իր ճանապարհն ու ոճն է ընտրում, դժգոհությունը համատարած է, Հայաստանում մի շարք շարժումներ կան: Քաղաքացիական ակտիվությունը բարձր է, յուրաքանչյուրն ինքն է իր ուղին ընտրում: Դժվար է գնահատական տալ, ես դատավոր չեմ այս հարցում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930