Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթի «հերոսացումը» ընդամենը կարող է այլ արկածախնդիրների ոգեւորվելու առիթ դառնալ

Նոյեմբեր 07,2013 11:50

 Ծիծաղելի, բայց հանրագումարում ահավոր տխուր էր տեսնել ոմանց քարոզչական սալտոները առ այն, թե ինչպես են կաշվից դուրս գալիս բոլորի աչքի առաջ կատարված այլանդակությունն ու անկարգությունը «խաղաղ երթ» բնորոշման մեջ ճխտելու համար: 

Ըստ այդմ, ինքնաշեն պայթուցիկները, մահակները, կտրող-ծակող իրը, քարերը «ինքնապաշտպանության առարկաներ» են: Փաստորեն «ինքնապաշտպան» պայթուցիկներ էր նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը բաժանում «նախագահականի վրա բենզինի շշեր նետելու» իր հրապարակային կոչին արձագանքած տաքգլուխ անձանց:
Ցանկացած առարկա էլ, ասենք, կարող է ինչպես հարձակման, այնպես էլ ինքնապաշտպանության միջոց ծառայել, բայց, ախր, ողջ խնդիրն այն է, որ Շանթ Հարությունյանն ու իր ուղեկիցները, ըստ էության, նախահարձակ եղան «երթի» ճանապարհի նախնական 20-30 մետրին հանդիպած առաջին իսկ ոստիկանների վրա: Եվ դա տեսան թե՛ ներկաները, թե՛ ներկաների նկարահանած տեսանյութերը դիտողները: Ի՞նչ ինքնապաշտպանության մասին է խոսքը:
Այստեղ արդեն «սադրիչների», «քաղաքացիական հագուստով» կամ ծպտյալ ոստիկանների մասին է խոսք նետվում: Ողջ հարցն այն է, սակայն, որ Շանթ Հարությունյանի արածն ինքնին սադրանք էր: Սադրանքին էլ ի՞նչ սադրիչ էր պետք:
Այս առումով բնութագրական են դեպքերից հետո, այդ ամենից, ի դեպ, անտեղյակ (կամ այդպիսին ներկայացող) Շահեն Հարությունյանի՝ Շանթ Հարությունյանի հոր մոտեցումները, որ նա արտահայտել է «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում: Մարդը Լոս Անջելեսում է, անտեղյակ, ու ասում է. «Պայթյունները ոստիկանությունը կսարքի, էդ հեչ, պրովոկացիան ԿԳԲ-ն կանի… Պայթեցնելը ոչ մի իմաստ չուներ, որ էնտեղ պայթեցներ»:
Թե ի՞նչն իմաստ ուներ, ինչը ոչ, երեւի ԽՍՀՄ տարիների այլախոհին կբացատրի «իր պրեզիդենտ» Բարաք Օբաման, եթե պատասխանի նրա գրելիք նամակին, կամ էլ, միգուցե, մի ինչ-որ առիթով հորը կասի որդին, որ ինքն էր առաջարկում պայթուցիկներով զինվել, փաղաքշորեն ասելով՝ «էս բաներից վերցրեք»։ Եվ ինքն էլ հենց սկսեց «էդ բաները» «գմփացնել», երբ բախվեց ոստիկաններին: Կարելի է կարծել, որ այդ ոչ թե Շանթ Հարությունյանն էր քֆուր-քաֆարով գնում «հեղափոխություն անելու», ոչ թե նա էր հորդորում մահակներ ու պայթուցիկներ վերցնել, այլ… ԿԳԲ-ի կողմից ներդրված նրա կլոնը:
Ի դեպ, կրկին ոստիկանների ու հատուկ ծառայությունների մասին: Առնվազն մի քանի լրատվական կայքում ու մեկ թերթում նոյեմբերի 5-ի առավոտյան զետեղված էին հրապարակումներ, որոնցում Շանթ Հարությունյանն ուղիղ տեքստով ասում է, թե նախագահականի վրա բենզինի շշեր պետք է նետեն: «Բենզինի շշեր», ըստ որում, չերեւացին, բայց «էն բաներն» էլ ոչ պակաս պայթում էին:
Հարց է ծագում. ինչո՞վ էին զբաղված ոստիկաններն ու անվտանգության ծառայությունը մինչեւ ժամը 16-ը: Լո՞ւրջ չեն ընդունել, սովորական «հայկական» բառադիությո՞ւն է:
Ավելին՝ պարզ երեւում էր, որ նորօրյա «հեղափոխականների» վերցրած մահակները միանման են, պատրաստված արհեստագործական եղանակով, երեւի նույն վայրում եւ օպերայի հրապարակ են բերվել միանգամից, խրձով: Ու ինչպե՞ս են բերվել, երբ այնտեղ անընդհատ ոստիկաններ են շրջում: Նույնը՝ ինքնաշեն պայթուցիկների մասին: Դրանք էլ, ի դեպ, որոշակի ծախսեր են նախատեսում, ինչպես միանման մահակները, «Անոնիմուսի» դիմակները:
Անանուններից անվանիներին անցնելով, թերեւս արժե ուշադրություն դարձնել այդ արկածախնդրության վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը. «Ակնհայտ է մի բան, որ երկիրն այս ռեժիմը հասցրել է մի այնպիսի անելանելի վիճակի, որ շատերն այլեւս այլ ելք չեն տեսնում, քան ամենածայրահեղական, ընդհուպ մինչեւ ապօրինի միջոցներով երկիրը ռեժիմից ազատելու փորձեր: Երեկվա դեպքերը պետք է համարել այս ռեժիմի գործողությունների լավագույն բնորոշումը»:
Այն, որ Լեւոն Զուրաբյանը «կրակոտ հեղափոխականի» յուրօրինակ կերպար է, դեռ մի կողմ: Այն, որ հասարակության մեջ օբյեկտիվորեն առկա է լուրջ դժգոհություն, նույնպես ակներեւ է ու հասկանալի:
ՀԱԿ լիդերներից մեկի խոսքում հետաքրքիր է «շատերն այլեւս այլ ելք չեն տեսնում» արտահայտությունը: Սա այն դեպքում, երբ Շանթ Հարությունյանի հետ «բենզիով շշերի հեղափոխություն» անելու ելածները հազիվ մի քանի տասնյակ էին, շատերը՝ հաստատ հետաքրքրությունից կամ ագրեսիայի ավելցուկից դրդված էին այնտեղ: Սա այն դեպքում, երբ 4-5 օր Շանթ Հարությունյանի «հեղափոխությունը» գովազդվում էր:
Ի դեպ, գրեթե ոչ մեկն ուշադրություն չդարձրեց Շանթ Հարությունյանի այն ակնարկներին, որ իր քայլերն ուղղված են նաեւ ՌԴ նախագահ Պուտինի կամ նրա ենթադրվող այցի դեմ: Մինչդեռ հնարավոր է, որ այս ամբողջ հարայ-հրոցի հիմնական խնդիրներից մեկը «թեման» այդ ուղղությամբ տանելն էր: Միգուցե դեռ կտանեն, փաստորեն հաստատելով այս թեզը:
Իսկ ամենածայրահեղականից ուրախանալ կամ դրա համար չարախնդալ ամենեւին չարժե, քանզի այդ ամենը կարող է բումերանգի էֆեկտով հարվածել նաեւ չարախնդացողներին եւ ուրախացողներին: Ի՞նչ կասեին կամ ի՞նչ կանեին նույն մարդիկ, եթե նախօրեին օպերայի մոտակայքում հնչած պայթյուններից, Աստված չանի, վիրավորվեր պատահականորեն այնտեղ շրջող իրենց ազգականը, հարազատը, ընկերը:
Վտանգավոր խաղի մեջ եք, պարոնայք: Շանթի «հերոսացումը» ընդամենը կարող է այլ արկածախնդիրների ոգեւորվելու առիթ դառնալ: Քավ լիցի, ի՞նչ է պետք Հայաստանում հայտնի դառնալու կամ սեփական գոյության մասին հիշեցնելու համար: Պարզվում է, ընդամենը մահակով ու պայթուցիկով երեկ ոստիկանի, այսօր՝ պատահական անցորդի, վաղը՝ մի խանութպանի վրա հարձակվել:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930