Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը քաղկալանավո՞ր է, թե՞ քրեական հանցագործ

Նոյեմբեր 07,2013 11:35

Ո՞վ է Շանթ Հարությունյանը. քաղաքական գործի՞չ, թե՞ խուլիգան, ինչպե՞ս պետք է վերաբերվել Շանթ Հարությունյանին այսօր. որպես քաղկալանավորի՞, ով կալանավայրում է հայտնվել իր քաղաքական հայացքների և իշխանության դեմ ուղղված գործողությունների համար, թե՞ քրեական հանցագործի, ով Երևանի կենտրոնում իր մի խումբ կողմնակիցների հետ ծեծուջարդ է սարքել ոստիկանների հետ: Նրան փորձում են վարկաբեկել տարբեր միջոցներով. ներկայացնելով որպես նախկին ոստիկան, ով իրավունք չունի դատել գողական հասկացություններով` «պանյատներով», փորձում են ներկայացնել` որպես հոգեպես անհավասարակշիռ մարդու, ով իրեն հաշիվ չէր տալիս, թե ինչի կարող են հանգեցնել իր կոչերը և գործողությունները, ծայրահեղական ազգայնամոլի, ում կողմնակիցներն իրենց դեմ բռնություն կիրառող կամ բռնությանը հակազդող ոստիկաններին անվանում էին «թուրքեր»: 

Ինչպես հայտնի է, Շանթ Հարությունյանը կալանավորվել է խորհրդային տարիներին, և այն ժամանակ նա քաղկալանավոր էր: Հարությունյանը հետապնդվում էր հակախորհրդային քարոզչության համար և բանտից ազատվեց Խորհրդային Միության փլուզման արդյունքում, որից հետո նրան համարում էին քաղկալանավոր: Երկրորդ անգամ նա կալանավորվեց 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո, և այն ժամանակ ևս ՀԱԿ-ը և ընդդիմադիր մյուս ընդդիմադիր գործիչները նրան ճանաչում էին որպես քաղկալանավորի:

Իշխանությունը, ի վերջո, ազատ արձակեց մարտի 1-ի դեպքերի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին, բայց Շանթ Հարությունյանը միակն էր, ում ազատ արձակեցին հոգեբուժական հիվանդանոցում պահելուց հետո և ազատ արձակելը հիմնավորեցին նրա անմեղսունակությամբ: Շանթ Հարությունյանը հայտարարում էր, որ ինքը հոգեբուժական հիվանդանոց է տարվել ռուսական հատուկ ծառայությունների պատվերով, և հնարավոր է, որ իրեն ֆիզիկապես ոչնչացնեն: Ավելի ուշ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ իր ֆիզիկական ոչնչացումը չիրականացավ միայն ամերիկացիների միջամտության արդյունքում: Ինչպե՞ս են այսօր Շանթ Հարությունյանին վերաբերվում իրավապաշտպանները և այն մարդիկ, ովքեր Շանթ Հարությունյանին խորհրդային տարիներին և 2008թ. ին համարում էին քաղկալանավոր:

Միակ մարդը, ով համարում է, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանն է: «Միանշանակ ես Շանթ Հարությունյանին համարում եմ քաղկալանավոր, որովհետև նրա գործողությունների շարժառիթը եղել է քաղաքական, նա հռչակել է քաղաքական նպատակներ և փորձել է իրականացնել դրանք»,- ասում է Միքայել Դանիելյանը: Մեր այն դիտարկմանը, որ նա և նրա կողմնակիցներն օգտագործել են մահակներ և պայթուցիկ նյութեր, չի՞ նշանակում, որ նրա արարքների մեջ կան քրեական տարրեր, Դանիելյանը պատասխանեց. «Դրա մեջ ոչ մի քրեական տարր չկա. դա կոչվում է «քաղաքական պայքար` ուժային մեթոդներով»: Երբ Ոստիկանությունն արգելում է խաղաղ երթ անցկացնել, դրանով ցուցարարներին հրահրում է ուժային գործողությունների: Առաջինը հակաօրինական գործողությունների դիմել է Ոստիկանությունը՝ սահմանափակելով երթ անցկացնելու քաղաքացիների իրավունքը: Այնպես որ, Շանթ Հարությունյանին և նրա հետ կալանավորվածներին պետք է ճանաչել քաղբանտարկյալներ և պայքարել նրանց շուտափույթ ազատ արձակման համար»:

 ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930