Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի նկատմամբ, իր պնդմամբ, բռնություն են գործադրել ոստիկանության պետն ու նրա տեղակալը

Նոյեմբեր 07,2013 10:55

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 5– ի ուշ երեկոյան Ոստիկանության կենտրոնի բաժնում անձամբ բռնություն է կիրառել բերման ենթարկվածներ Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի նկատմամբ։ Այս մասին երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հայտնել են Հարությունյանն ու Վարդանյանը։ Փաշինյանը երեկ Երևանի ՁՊՎ-ում տեսակցել է նախօրեին Մաշտոցի պողոտայի իրադարձությունների արդյունքում ձերբակալվածներին։

Պարոն Փաշինյան, տեղեկացանք, որ հանդիպել եք ձերբակալվածների հետ, ի՞նչ վիճակում են նրանք։

– Այո, այցելել եմ Ձերբակալվածների պահման վայր եւ հանդիպել եմ նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված բոլոր 20 անձանց հետ։  Ձերբակալվածներից մի քանիսը առայժմ սնունդ չեն ընդունել, մտածում են հացադուլ հայտարարելու մասին, բայց դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել, այդ պատճառով անունները նպատակահարմար չեմ համարում հրապարակել։ Ձերբակալվածների մի մասը վնասվածքներ ուներ։

Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ Կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրել անձամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաեւ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը։

Անձամբ ոստիկանության պետի կողմից բռնության ենթարկվելու մասին ինձ տեղեկատվություն փոխանցեց նաեւ ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը։ Նա ասաց, որ ոստիկանության պետը իրեն հարվածներ է հասցրել, իսկ ուրիշ ոստիկաններ պոկել են շքանշանակիրի կրծքանշանը։ Շանթ Հարությունյանը փոխանցեց, որ Հունան Պողոսյանը նաեւ Շանթի որդու հասցեին է սպառնալիքներ տեղացել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել։ Շանթն ասաց, որ այդ ընթացքում մի խումբ ոստիկաններ բռնած են եղել իր ձեռքերը։ Որպես պատգամավոր, կարծում եմ, որ այս հայտարարությունների կապակցությամբ պետք է պատշաճ քննություն իրականացվի։

Իսկ ձերբակալածները պաշտպան ունե՞ն։

– Մի մասը ընդհանրապես հրաժարվել է պաշտպանից, մյուս մասին տրամադրվել է, առաջարկվել է հանրային պաշտպանի ծառայություն։ Ընդամենը մեկ կամ երկու հոգի էին, ովքեր ասացին, որ իրենց հարազատները զբաղվում են պաշտպան վարձելու հարցով։ Կարծում եմ սա մտահոգիչ փաստ է, եւ վստահ չեմ, որ այս պայմաններում ձերբակալվածները պատշաճ պաշտպանվելու հնարավորություն կունենան։

Շանթ Հարությունյանն է՞լ է հրաժարվել պաշտպանից։

– Այո, ինքը չի ցանկանում պաշտպան ունենալ, բայց ես ասացի կարծում եմ, որ հնարավորության դեպքում արժե պաշտպան ունենալ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930