NEWS.am. Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու գործով հարցաքննվել է նաեւ Հայկական 2-րդ հեռուստաալիքով եթեր հեռարձակվող «Չէին սպասում» հաղորդման հեղինակ եւ վարող Սուրեն Շահվերդյանը:
Նա կանչվել է հարցաքննության, քանի որ մինչեւ վթարը եղել է Վարդան Պետրոսյանի հետ: Սուրեն Շահվերդյանը հաստատեց NEWS.am-ի տեղեկությունը՝ հավելելով, որ արդեն հարցաքննվել է: «Սարալանջ գյուղում գտնվող իր առանձնատանն ենք եղել, նկարահանել ենք մեր հաղորդումը՝ «Չէին սպասումը»: Մենք իրենից շուտ ենք դուրս եկել, ժամը 18.00-ին, ինքը՝ ավելի ուշ»,- պատմեց Սուրեն Շահվերդյանը:
Նա նշեց, որ ալկոհոլ չեն օգտագործել եւ շեշտեց, որ դերասանը կատեգորիկ ալկոհոլ չի օգտագործում իր ներկայացումներից առաջ, իսկ դրա հաջորդ օրը նրա «Ամեն երկուշաբթի» ներկայացումն էր:
Սուրեն Շահվերդյանն ասաց, որ այժմ կոռեկտ չէ այդ հաղորդումը եթեր տալը՝ հաշվի առնելով տուժող մյուս կողմի վիճակը: «Մի օր կտանք, բայց հիմա տեղին չէ: Ցավում եմ շատ դեպքի համար, պատկերացնում եք մյուս կողմի վիճակը, երբ տեսնի, որ ինքը այնտեղ ուրախ, զվարթ ներկայացնում է իր առանձնատունը: Շատ ուրախ, զվարթ, ինչպես միշտ, հետաքրքիր հաղորդում է, բայց ցավում եմ, որ այս պահին չենք կարող եթեր տալ, անտակտություն կլինի»,- ասաց հաղորդման հեղինակը եւ վարողը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում