Այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ձվի գինը բարձրացել է 38,4%-ով, իսկ օգոստոսի համեմատ՝ 9,4%-ով, արդեն պաշտոնապես տեղեկանում ենք «Սպառողական գների ինդեքսը հունվար-սեպտեմբեր ամիսներին» ԱՎԾ հրապարակումից։ Ձուն, այսպիսով, առաջին անհրաժեշտության պարենամթերքների շարքում ամենաշատ թանկացած մթերքն է։ Միաժամանակ, համաձայն ԱՎԾ արտաքին առեւտրի տվյալների բազայում մինչեւ օգոստոս ներառված ցուցանիշների, ձվի ներմուծումն այս տարի կազմել է 143 տ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցելով ավելի քան 7 անգամ։ Եթե նկատենք, որ միջին չափի մեկ ձվի քաշը տատանվում է 45-50 գրամ, ապա, մոտավոր հաշվարկներով, մինչեւ ամռան վերջ ներմուծվել է շուրջ 3 մլն ձու։ Այն, իհարկե, այնքան էլ մեծ թիվ չէ, եթե նկատենք, որ հանրապետությունում ձվի սպառման պահանջարկը, ըստ հաշվարկների, կազմում է մոտ 700 մլն, իսկ վերոնշյալ ամիսներին էլ, եթե կասկածի տակ չդնենք պաշտոնական վիճակագրության տվյալները, հանրապետությունում արտադրվել է մոտ 487 մլն ձու։ Այս հաշվարկներով ստացվում է նաեւ, որ հանրապետությունում օրական սպառվել է միջինը 2 մլն ձու։ Եվ պատկերացրեք, որ ձվի այսպիսի մեծ պահանջարկի պայմաններում մեր գործարարներն արտադրությունն ավելացնելու փոխարեն նախընտրում են ներմուծել։ Փոքր-ինչ տարօրինակ է նաեւ, որ ձվի արտադրությամբ զբաղվող գրեթե բոլոր խոշոր կազմակերպությունների անուններն առկա են նաեւ ձու ներմուծող կազմակերպությունների ցանկում: Համենայնդեպս, այդպես էր մեկ-երկու տարի առաջ, իսկ ձվի բիզնեսի հիմնական խաղացողներն էլ այս պահին կարծես թե չեն փոխվել։
Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում