Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը սկսվելուն պես դատարանը տեղափոխվեց ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի բակ` սպանված երիտասարդի «Մերսեդես» մակնիշի մեքենան որպես իրեղեն ապացույց տեղազննելու: Չնայած մեքենան հանձնված էր քննչականի հատուկ պահպանությանը, սակայն ներկաները ականատես եղան այն փաստին, որ մեքենայի դռներից կնիքները պոկված էին, դռները բաց էին, ղեկի հատվածում ավերակ վիճակ էր, ամենայն հավանականությամբ ինչ-որ մաս էին հանել-տարել:
Մեքենայի չորս դռները բացելով ու ուսումնասիրելով՝ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատավոր Մարտին Սարոյանին խնդրում էր արձանագրել, որ կարևոր իրեղեն ապացույց համարվող մեքենայում միջամտություն է տեղի ունեցել:
Կարդացեք նաև
Այնուհետև փաստաբանը դատարանում հայտարարեց, որ այն այլևս չի կարող համարվել իրեղեն ապացույց: Իսկ լրագրողների հետ զրույցում Լուսինե Սահակյանն ասաց. «Մենք ունենք նաև ապացույցներ, որոնցով հստակ երևում է, որ դեպքի վայրից տեղափոխվելուց հետո ավտոմեքենան իբրև թե պետք է կնքված լիներ, և մինչ այն պահը, երբ որ զննվել է ավտոմեքենան և ավտոմեքենայից որոշակի իրեր են առգրավվել, հետագայում փորձաքննություն է անցկացվել, և նաև դրանք ճանաչվել են իրեղեն ապացույց , այդ ընթացքում միջամտություն է եղել: Եվ բազմաթիվ անձիք հնարավորություն են ունեցել միջամտելու այդ իրեղեն ապացույցներին, այդ թվում նաև ավտոմեքենային` որպես իրեղեն ապացույց: Բայց փաստորեն մենք չգիտեինք, որ նույնիսկ դրանից հետո, զննությունից հետո էլ եղել է միջամտություն ավտոմեքենային, որովհետև տեսնում ենք, որ կնքված չէ ավտոմեքենան, այսինքն` ինքը որպես այդպիսին իրեղեն ապացույց համարվել չի կարող»,- ասաց փաստաբանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ