Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական էթիկան՝ Եվրամիություն-Հայաստան թեմայի լուսաբանման մեջ

Նոյեմբեր 06,2013 23:25

«Դոյչե Վելլե» ակադեմիայի հետ համատեղ Երեւանի մամուլի ակումբը նոյեմբերի 6-7-ին կազմակերպել է «Հանրային նշանակության խնդիրների լուսաբանումը էթիկական տեսանկյունից» թեմայով միջազգային գիտաժողովը: Այսօրվա նիստին հիմնական քննարկումն ընթացավ այն մասին, թե ինչպես էր հայաստանյան մամուլը լուսաբանում «Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն» թեման, որքանո՞վ հասարակությունը կարողացավ հասկանալ, թե ի՞նչ էր կատարվում մինչեւ սեպտեմբերի 3-ը եւ դրանից հետո:

Արեւելյան գործընկերության շաբաթական տեղեկագրի խմբագիր, ԵՄԱ աշխատակից Հերիքնազ Հարությունյանը համարում է, որ մամուլը այդ թեմաների լուսաբանման ժամանակ պարբերաբար խախտում էր էթիկան՝ տեղեկատվությունը տրամադրում էր խեղաթյուրված կամ ընտրովի, չկային լուրջ մասնագիտական վերլուծություններ, եւ շարքային քաղաքացին, որ ուզում էր տեղեկանալ, թե ի՞նչ է Ասոցացման համաձայնագիրը կամ Մաքսային միությանը միանալը ինչի՞ կբերի՝ չէր ստանում իր հարցերի պատասխանները: Փոխարենը լրատվամիջոցները երկրորդական եւ երրորդական բաների էին անդրադառնում, օրինակ, հիշեցնում էին, թե այսինչ կամ այնինչ իշխանավորը մինչեւ սեպտեմբերի 3-ը ինչ էր ասել Ասոցացման համաձայնագրի եւ Մաքսային միության մասին, եւ ինչպես է փոխել իր տեսակետը սեպտեմբերի 3-ից հետո: Սակայն, ըստ տիկին Հարությունյանի, սեպտեմբերի 20-ից հետո արդեն մամուլում հայտնվեցին լուրջ վերլուծություններ ու փորձագետների ծավալուն հրապարակումներ, բայց դրանք էլ, քանի որ շատ երկար էին, «լավաշներ» էին, քչերը կկարդային:

Տիկին Հարությունյանը կարծում է, որ մամուլը հոգեբանական ճնշում էր գործադրում ընթերցողների եւ հասարակության վրա՝ վախեցնելով, թե առանց Ռուսաստանի եւ Մաքսային միության մեր անվտանգությունը մենք ի վիճակի չենք ապահովել: Ըստ բանախոսի՝ մեկ այլ կարգի հոգեբանական ճնշում էր այն, երբ մամուլում գրվեց, որ Եվրոպայում 84 մլն մարդ աղքատության եզրին է: Եվ այդ ճնշումների ազդեցության տակ, ըստ տիկին Հարությունյանի, անգամ տեղեկացված, ինֆորմացված մարդիկ ընկան հուսահատության գիրկը:

Մի հետաքրքիր համեմատություն էլ արեց տիկին Հարությունյանը: Ըստ նրա, երբ լրագրողը հարցազրույցի ընթացքում թույլ է տալիս, որ դիմացինը ակնհայտ սուտ ասի, ապատեղեկացնի հասարակությանը եւ չի միջամտում, այդ սուտը բացահայտող հարց չի տալիս, դրանով նա նմանվում է թմրանյութ տեղափոխողին, կամ առնվազն թմրանյութ տեղափոխողի վարորդին:

Հակառակ կողմի՝ ԶԼՄ-ների տեսակետը ներկայացրեց «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ով նկատեց, որ այնպես չի, որ այլ կարեւորագույն խնդիրների վերաբերյալ արվում են լուրջ քննարկումներ, վերլուծություններ, եւ միայն այս թեմայի շուրջ լռություն տիրեց, իրականում «մեծ հաշվով բոլոր պրոցեսների նկատմամբ ունենք նման վերաբերմունք»: Նա նաեւ նկատեց, որ այս թեմայի զարգացման, ճիշտ մատուցման համար «պիտի քաղաքական ուժերը ստիմուլ տային, սակայն չեղան նման ստիմուլներ»:

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ եթե քաղաքական գրեթե բոլոր ուժերը խոսելու, քննարկելու ցանկություն չեն արտահայտել կոնկրետ այդ՝ խիստ քաղաքական թեմայի շուրջ, ապա լրագրողներն իրենք իրենցով, որքան էլ ցանկանային, չէին կարող ստեղծել այդ քննարկումը, բանավեճը: «Այն մասին, որ Մաքսային միություն մտնելու հետ կապված խնդիրներ կան՝ իմացանք միայն Լուկաշենկոյից, մինչ այդ ոչ ոք նման բան չէր ասում»,-որպես օրինակ ներկայացրեց նա:

Իսկ երբ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ ցանկության դեպքում հնարավոր էր տեղեկացնել, թե ինչ է իրենից ներկայացնում Ասոցացման համաձայնագիրը, օրինակ, հրապարակելով, թե Ուկրաինայի հետ ԵՄ-ն ինչ Ասոցացման համաձայնագիր է պատրաստվում կնքել, որը, ի տարբերություն ՀՀ-ԵՄ համաձայնագրի, փակ չէ, սակայն շատ քիչ է տարբերվում մերինից, Պետրոս Ղազարյանը հակադարձեց, որ մեր իշխանության ներկայացուցիչներն էլ են այդ ճանապարհը ցույց տալիս՝ գնացեք կարդացեք Ուկրաինայի համաձայնագիրը, վերապահում անելով, որ Հայաստանի համաձայնագրում կան մի շարք այլ կետեր, որոնց մասին չի բարձրաձայնվում, բայց հենց դրանք են ամենակարեւորը. «Այդ ձեւով, համաձայնագրերի նմանության վրա շեշտը դնելով լուրջ քննարկում չի կարելի անել»:

Միջազգային կոնֆերանսին ներկա մոլդովացի փորձագետը՝ Պետրու Մակովեյը, կարծիք հայտնեց, որ ինչպես իր երկրի, այնպես էլ մեր երկրի համար եվրաինտեգրման գաղափարը այդպես էլ չդարձավ համազգային գաղափար, ինչպես դա եղավ բալթյան երկրներում: Նա ներկայացրեց սոցհարցման տվյալները, համաձայն որոնց, այս տարի մոլդովացիների 41,8%-ը կողմ է արտահայտվել եվրաինտեգրմանը, իսկ 37,5%-ը՝ Մաքսային միություն մտնելուն: Նա այս թիվը կատաստրոֆիկ համարեց, քանի որ մեկ տարի առաջ մոլդովացիների 55%-ն էր եվրաինտեգրում ուզում, իսկ 2009-ին՝ 70%-ից ավելին: Ի դեպ, Մաքսային միությունը, ըստ պարոն Մակովեյի հուսադրիչ ենթադրության, ընդամենը մի մեծ «օճառային պղպջակ» է, որը շուտով կպայթի:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930