Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյից այսօր կառավարությունում լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտեն Հայաստանի մուտքը Մաքսային միություն եւ կան կոնկրետ ժամկետներ թե երբ Հայաստանը պաշտոնապես կանդամակցի Մաքսային միությանը:
Պարոն Խրիստենկոն այս առնչությամբ ասաց, որ նոյեմբերի 20-ին հանձնաժողովի խորհրդի նիստում կձեւավորվի աշխատանքային խումբը. ներկայումս մասնագետները նյութեր են պատրաստում երկրների ներկայացուցիչներին այդ գործընթացում ներառելու ուղղությամբ: Ըստ Վիկտոր Խրիստենկոյի, ՄՄ-ին անդամակցելը արագ գործընթաց չէ, որ մի քանի շաբաթում կատարվի, այն բավականին երկար ժամանակ է պահանջում օրենսդրական եւ այլ հարցերի հետ կապված:
«Ես չէի փորձի կոնկրետ ժամկետ ասել, թե երբ կավարտվի, ես շատ լավ ծանոթ եմ Հայաստանի ղեկավարության ամբիցիաներին ու ծրագրերին այս գործընթացի տեմպի սատարման ուղղությամբ: Ես կիսում եմ այդ ծրագրերը, մենք այս գործընթացում քայլեր չպիտի բաց թողենք: Անհաղթահարելի կամ գերբնական խնդիրներ չեմ տեսնում, սկսած այսպես ասած` ընդհանուր սահմանի խնդիրներից, մինչեւ այլ` քիչ կարեւոր խնդիրները: Այս բոլորը լուծվող հարցեր են: Ես հիմքեր չեմ տեսնում, որ ասվի թե` կան քաղաքական արգելքներ այս գործընթացի իրականացման համար: Կարեւորը` պետք է սկսել դրա իրականացումը, այդ ժամանակ բոլոր խնդիրներն, այսպես ասած` կհայտնվեն ոտքերի տակ»,-ասաց պարոն Խրիստենկոն:
Լրագրողների կողմից նորից հնչեց նույն հարցը` կապված Բելառուսի եւ Ղազախստանի` Հայաստանի` ՄՄ անդամակցելուն խոչընդոտելուն: «Ես փորձեցի քաղաքավարի պատասխանել այդ հարցին»,-պատասխանեց պարոն Խրիստենկոն, ավելացնելով` «Ես չեմ տեսնում այդ կարգի արգելքներ այս ուղղությամբ, այս պահին ես նման բան չեմ զգում: Ավելի շուտ դրանք կարելի էր պարզաբանել ոչ ինչ-որ քաղաքական սահմանափակումների առումով, այլ ուղղակի կա ցանկություն գործընթացն ավելի լիարժեք դարձնելու, որպեսզի արագությունը որակի հաշվին չլինի»:
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ անդրադառնալով հարցին, ասաց, որ Հայաստանի կառավարությունը ՄՄ-ին անդամակցելու համար միջոցառումների ծրագիր է մշակել կատարվող աշխատանքների ծավալի վերաբերյալ: Պարոն Սարգսյանի խոսքերով` ՀՀ նախագահը խնդրանքով դիմել է ՄՄ անդամ 3 երկրների ղեկավարությանը, որպեսզի նրանք արձագանքեն այդ ծրագրին. «Կարծում եմ սա կարող է նպաստել, որպեսզի արագ եւ արդյունավետ առաջախաղացում ունենանք այդ ուղղությամբ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ