Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայաստանի ցեղապաշտական» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի երեկվա գլխավորած ու ձախողած հեղափոխությանը, այն բնորոշեց որպես «Շանթի շանթահարված հեղափոխություն»:
«Ի՞նչ է դա նշանակում 5-6 օր Թատերական հրապարակում հավաքվել, մի քանի տասնյակ մարդկանցով մահակներով զինվել, չգիտես ինչ պայթուցիկներ` ձեռքի պատրաստած, հետո Մոլոտովի կոկտեյլներով դուրս գալ…Ի՞նչ էին ուզում դրանով ասել, ի՞նչ հեղափոխություն, այ դա է ինձ շատ հետաքրքիր: Բա այդպես հեղափոխությո՞ւն են անում: Ես հասկանում եմ, որ եթե մյուս երկրներում այդպիսի դիմակներով ելնում են, ուրեմն բողոքում են իշխանությունների գործողություններից: Նախ` ես հաստատ համոզված եմ, որ ոչ մի եվրոպական երկրում, ԱՄՆ-ում առանց իշխանությունների թույլտվության ոչ մի երթ տեղի չի ունենում, մեզ մոտ ոչ մի թույլտվություն չի եղել: Թող կարծիք չստեղծվի, թե ես իշխանամետ եմ, բացարձակ, ես ուզում եմ այս ամեն ինչում արդարը գտնել, իմաստը գտնել, բայց էս քայլերի մեջ ոչ իմաստ կա, ոչ տրամաբանություն. բացարձակ անտրամաբանական մեկ քայլից մյուսի անցում, էդ գոգոռոցները, էդ անպարկեշտ լկտի հայհոյանքները, էդ լրագրողներին դիտավորյալ հարվածելը և գցելը… Իբրև թե միամիտ տե՞ղն են անում, շատ լավ երևում է, ով ինչ է անում. փախչում է, դիտավորյալ լրագրողուհուն փաթաթվում է ձեռքով և ինչքան ուժ ունի սեղմելով հարվածում է մեքենային: Դա՞ է հեղափոխությունը: Կամ էդ մի քանի տասնյակ հոգով ուզում են հեղափոխությո՞ւն անել», -ասում է քաղաքագետը:
Մեր ճշգրտող այն հարցին, թե ուզո՞ւմ եք ասել Շանթ Հարությունյանը ծրագիր չունի՞, մեր զրուցակիցն ասաց. «Այդտեղ միակ ծրագիրը ոչ ադեկվատ մարդու ծրագիրն էր: Ոչ մի նորմալ, խելահաս մարդ երբևիցե մի քանի հոգով, թեկուզև 20-30 հոգով մահակ չի պատրաստի, քաղաքի կենտրոնում, քաղաքի սրտում չի ելնի, չի հարձակվի ոստիկանների վրա, չի պայթեցնի ինքնաշեն պատրաստած ռումբիկները»:
Մեր դիտարկմանը, թե ըստ ակտիվիստների, դրանք ոստիկաններ են սադրել, Գագիկ Համբարյանը չհամաձայնեց` նշելով, որ պարզ երևում էր`ով ինչ էր անում: «Էդտեղ շատ լավ երևում է` ով ով է, ինչ ինչ է, շատ լավ նկարահանված է` ով ով է, դեմքերն էլ են երևում, թե ովքեր են պայթեցնում էդ ամեն ինչը: Եթե սադրիչներն են, թող Շանթ Հարությունյանը և իր ընկերները դիմեն իրավապահներին իրական մեղավորներին փնտրելու համար»:
Կարդացեք նաև
Մեր այն հիշեցմանն էլ, թե Շանթ Հարությունյանը նարնջագույն հեղափոխություն էր պատրաստվում անել Հայաստանում, քաղաքագետն ասաց. «Բայց դա նարնջագույն չէր, դա կեղտոտված, սևով պատված նարնջագույն էր: Ինքը, որ հագել էր էդ գույնի բաճկոն, դա չի նշանակում, թե ինքը նարնջագույն հեղափոխություն էր ուզում անել: Նարնջագույն հեղափոխություն կազմակերպողները և նրա մասնակիցները ահռելի գումարներ են ստանում, դա կազմակերպելու համար ահռելի մասսա է պետք, շատ լավ հիշում ենք և Վրաստանում, և Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունները, նրանց արդյունքները: Ինչպե՞ս կարող են նարնջագույն հեղափոխության մասնակիցների թիվը համեմատել այս մի քանի տասնյակի հետ կամ 100 հոգու հետ, աբսուրդ է»:
Ըստ քաղաքագետի, մեր երկրում լուրջ բարեփոխումներ են պետք, իսկ հեղափոխություն պետք չէ զուտ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք Լեռնային Ղարաբաղի խնդիր ունենք ու նաև շրջապատված են թշնամացած հարևաններով: «Բոլոր հեղափոխությունները միշտ էլ երկրի նորմալ`թե քաղաքական, թե տնտեսական գործընթացները հետ են շպրտում, այս պարագայում մեզ պետք չէ, մենք պետք է հաշվի առնենք, որ ունենք Ղարաբաղի խնդիր, մենք ունենք հարևաններ, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան: Բայց միևնույն ժամանակ վատն այն է, որ մեր գործող իշխանությունները հույսը դնում են նրա վրա, որ ժողովուրդը, այս ամեն ինչը հաշվի առնելով, չի հանդես գա հեղափոխական մտքերով, չի դուրս ելնի փողոց, բայց այդպես չի կարելի: Վերջը դժգոհող ժողովուրդ կա, ու մեր երկրի իշխանությունները պարտավոր են հաշվի առնել դա, պարտավոր են անցնել բարեփոխումների, կամ ընդհանրապես քանդեն այն համակարգը, որը կա շատ ոլորտներում և ահավոր է իր կոռուպցիոն ռիսկերի պարունակման առումով: Այստեղ թե ընդդիմությունն է մեղավոր, որ չի կարողանում իր պահանջները դնել իշխանությունների դիմաց, թե մեր իշխանությունը, որն անընդհատ հույսը դնում է նրա վրա, որ մեր ժողովուրդը ավելի խելամիտ է և հեղափոխության դուրս չի գա, որովհետև հաշվի կառնի թե մեր աշխարհաքաղաքական դիրքը, թե հարևանների հետ խնդիրները Լեռնային Ղարաբաղի հարցում», -ասում է քաղաքագետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իսկ դու՛ ի՞նչ ես ԱՆՈՒՄ: Քեզ պես «անկախ քաղաքագետներ» Հայաստանում հարյուրավորները կան: Էլի՞ էդ «Ղարաբաղի անվտանգության» բլեֆը:
Դու ավելի շատ ոչ թե իշխանամետ, այլ այլընտրանքային ես, ինչպես ԲՀԿ-ն….
Да, мы все должни стать ШАНТ и своей огной зажечь узурпаторов.
Քաղաքագետի պնդումները և եզրակացությունները լրիվ ընդունելի են: Անտաղանդ ռեժիսորի, անտաղանդ սցենարիստի հիմար շոու-մարտաֆիլմ: Համացանցում ապրող շանթերին խորհուրդ կտայի Շանթի հետ փողոցում լինեին, ոչ թե ուրիշի ֆոնին իրենց հերոսներ պատկերացնեին: