Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 23-րդ նիստի անցկացման կապակցությամբ:
Նախագահը բարձր է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ նշելով, որ տարիներ ի վեր հանձնաժողովի իրականացրած աշխատանքի շնորհիվ են նաև երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորվել կայուն և դինամիկ զարգացող հարաբերություններ: Սերժ Սարգսյանն այդ ամենում մեծապես կարևորել է հանձնաժողովի համանախագահ, հայ ժողովրդի վաղեմի բարեկամ Նիկոլայ Ռիժկովի անձնական ներդրումը: Նշելով, որ Նիկոլայ Ռիժկովը և նրա գլխավորած հանձնաժողովի անդամներն իրենց շահագրգիռ և ակտիվ աշխատանքի արդյունքում լիովին տիրապետում են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, Նախագահը շնորհակալություն է հայտնել այդ օրակարգի հարցերի լուծման գործում մինչ այժմ նրանց ցուցաբերած աջակցության համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այսուհետ ևս նույնպիսի ակտիվությամբ հանձնաժողովը կշարունակի գործունեությունը՝ նկատի առնելով, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մասին որոշումից հետո հատկապես օրենսդրական դաշտում զգալի աշխատանք կա իրականացնելու:
Հանդիպման ժամանակ Նիկոլայ Ռիժկովը ներկայացրել է միջխորհրդարանական հանձնաժողովի երևանյան նիստի արդյունքները, արդիական և կարևոր համարելով օրակարգի շրջանակներում քննարկված հարցերը, որոնք առավելապես վերաբերել են ՀՀ և ՌԴ միջև տրանսպորտային հաղորդակցության բարելավման խնդիրներին: Նա գոհունակությամբ է խոսել հանձնաժողովի շրջանակներում հայ գործընկերների հետ արդեն 16-ամյա համագործակցության մասին և շնորհակալություն հայտնել Հանրապետության Նախագահին՝ միջպետական հարաբերություններում խորհրդարանականների աշխատանքը մեծապես կարևորելու և խրախուսելու համար:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահի աշխատակազմ