Լրահոս
Օրվա լրահոսը

38 միլիոնի գողության կազմակերպման մեջ մեղադրվողի արդարացման դատավճիռը բեկանվել է

Նոյեմբեր 06,2013 18:07
voski

2013թ. հունիսի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով առաջադրված մեղադրանքով արդարացնել Ռուսաստանի Դոնի-Ռոստով քաղաքում հաշվառված, Բերդ քաղաքում բնակվող, 1970թ. ծնված Կորյուն Ալավերդյանին: Դատարանը վճռել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Մասիս Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով եւ նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման: 
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Կորյուն Ալավերդյանը 2012թ. հունվարի 18-ին կազմակերպել է համաքաղաքացի Վլադիմիր Վանեսյանի բնակարանից կատարված գողությունը,նրա կազմակերպմամբ Վանաձոր քաղաքի բնակիչներ Վահե Թումասյանը եւ Մասիս Խաչատրյանը նախնական համաձայնության գալով, դռան կողպեքը կոտրելու միջոցով մուտք են գործել Վ. Վանեսյանի բնակարան եւ ննջասենյակի մետաղյա պահարանից գողացել ընդհանուր արժեքով 38 միլիոն 488 հազար 75 դրամի ոսկե զարդեր եւ գումար:
Վահե Թումասյանը իրավապահների կողմից չի հայտնաբերվել: Վլադիմիր Վանեսյանը եւ նրա կինը` Գայանե Մելքումյանը դժգոհություն էին հայտնել Զոյա Զաքինյանի կայացրած դատավճռից: «Ես արդարադատություն եմ իրականացրել: Կորյուն Ալավերդյանն արդարացվել է, քանի որ հանցակազմ չկար»,- մեզ հետ զրույցում ասել էր Զոյա Զաքինյանը:
Նշենք, որ ավելի քան 38 միլիոն դրամ արժեքով գողոնից դատարանում, որպես իրեղեն ապացույց, առկա է եղել ընդամենը մեկ մատանի: Տուժող Վ. Վանեսյանը պատճառված վնասի վերականգնման պահանջ չի ներկայացրել դատարան, սակայն հունիսի 20-ին կայացված վճռով տուժող կողմին իրավունք է տվել դրա համար քաղաքացիական հայցով դիմել դատարան:
Ըստ «Դատալեքս» կայքի՝ քրեական գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ներսես Չիլինգարյանը քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարան վերաքննիչ բողոք է ներկայացրել Զ. Զաքինյանի կայացրած դատավճռի դեմ: Այդ բողոքով Ն. Չիլինգարյանը պահանջել է ամբողջությամբ բեկանել հունիսի 20-ին կայացված դատավճիռը եւ Մասիս Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին եւ 1.1 կետերով նշանակել ավելի խիստ պատիժ, իսկ Կորյուն Ալավերդյանին պատասխանատվության ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով: Քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանը(նախագահող դատավոր՝ Գ. Ավետիսյան) սեպտեմբերի 20-ին որոշել է Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ն. Չիլինգարյանի, ամբաստանյալ Մ. Խաչատրյանի պաշտպան Մ. Դավթյանի, տուժող Վ. Վանեսյանի ներկայացուցիչ Հ. Արսենյանի վերաքննիչ բողոքները մերժել, Կորյուն Ալավերդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով, Մասիս Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013թ. հունիսի 20-ի դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Ամբաստանյալ Մասիս Խաչատրյանի պաշտպան Մհեր Դավթյանը այս որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930