Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հրապարակավ հրավերը` տրանսպորտի ուղեվարձի հարցը քննարկելու համար ձեւավորված հանձնաժողովի նիստերին մասնակցելու, կընդունի միայն այն դեպքում, եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մասնակցի: Aravot.am-ի հետ զրույցում Պետրոս Ղազարյանն ասաց. «Եթե քաղաքապետը մասնակցի, մեծ հաճույքով ես էլ կմասնակցեմ, մեր բարձրացրած հարցերը քաղաքապետի տիրույթում են»:
Նշենք, որ Վահե Նիկոյանը Պետրոս Ղազարյանին, դերասան Հայկ Մարությանին եւ «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանին հրավիրել էր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու:
Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում չորս հարցադրում է արել, թե ինչու է քաղաքապետարանը թանկացնում ուղեվարձը:
«Տարոն Մարգարյանն ասում է,որ տրանսպորտի թանկացումն անխուսափելի է, որպեսզի լինի անվտանգ եւ որակյալ։
1. Ոչ մի ներդրում առ այսօր չկա։ Նույն մաշված «գազելները», հոգնատանջ վարորդները,խցկված ուղեւորներն ու անժամ, անկանոն երթեւեկությունը։ Քանի ներդրումներ չկան՝ ինչո՞ւ թանկացնել։
Կարդացեք նաև
2. Բազմաթիվ երեւանցիների հարցապնդմանը, թե ինչու կարմիր գծերի եկամուտները քաղաքապետարանին պահելու եւ տրանսպորտի ոլորտին ուղղելու փոխարեն՝ տրվել է մասնավորին, քաղաքապետարանը քար լռություն է պահում, թե պատասխան չկա՝ ինչու թանկացնել։
3. Միլիոնավոր դոլարներ քաղաքապետարանն ու պետությունը ծախսում են համերգների, փուչիկների, չարտերների,սեփական պադավատների վրա։ Եթե փողեր կան՝ ինչո՞ւ թանկացնել։
4. Մեր քաղաքում բոլորը գիտեն, թե որ գիծը, որ իշխանավորի բարեկամին, պատգամավորին, մեծահարուստին ու չինովնիկին է պատկանում։ Եթե քաղաքապետարանն ունակ չէ բաց, ազատ, թափանցիկ մրցույթներ անել՝ ինչո՞ւ թանկացնել»։
Ըստ Պետրոս Ղազարյանի, այս հարցերի շուրջ իր ֆեյսբուքյան էջում բաց քննարկում է հրավիրել, սակայն քաղաքապետարանի կողմից ոչ մի արձագանք չի եղել:
Մեզ հետ զրույցում Պետրոս Ղազարյանը նաեւ ավելացրեց. «Եթե մեր քաղաքապետարանը ցանկանում է լուրջ քննարկում, դիալոգ քաղաքացիների հետ, ապա թող հրաժարվի մուտանտ փիարշիկների ծառայությունից»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Դերասան Հայկ Մարությանն այս օրերին գտնվում է Պրահայում, ուստի նրանից չհաջողվեց ճշտել՝ ընդունո՞ւմ է փոխքաղաքապետի առաջարկը` հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու: