Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. «Նախագահը, կաթողիկոսը, ԱԺ նախագահը ծափահարում էին ՌԴ-ից եկած ինչ-որ անհասկանալի, կիսաբարո երգչուհիների»

Նոյեմբեր 06,2013 18:27

«Ունենալով առատ բերք` մենք հոգևոր սով ենք ապրում»,- «Տեսակետ» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն այսպես արտահայտեց «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտը. «Զարմանալի պարադոքս է` երբեք մեզանում այնքան ճոխ, առատ չի հնչել դասական, հոգևոր երաժշտություն, ինչքան այսօր է: Բայց տպավորություն է ստեղծվում, թե ինչքան շատ են հնչում դասականն ու հոգևորը,  այնքան ավելի շատ ենք մենք հոգեզրկվում: Տեսեք` փառատոն փառատոնի հետևից` «Դասական երաժշտության», «21-րդ դարի հեռանկարներ», «Վերադարձի փառատոն» և այլն: Բայց, միևնույնն է, ինչ-որ մի բան այն չէ, որ ունենալով այդքան առատ բերք` մենք քաղցած ենք մնում, հոգևոր սով ենք զգում։ Ուրեմն` պետք է նաև, որ սերմը ցանելու համար պարարտ հող լինի։ Բեթհովենն ասում էր երաժշտության հասցեն ո՞րն է` սրտից սիրտ: Սրտից սիրտ գալիս է, բայց սրտից կոտրած սիրտ է գալիս հիմա, դրա համար էլ այդ սերմերը չեն տալիս սպասածդ բերքը։ Սխալ է, երբ երաժշտությանը նայում ես որպես թանգարանային նմուշի. երաժշտությունը պիտի հետդ տանես: Հենդելն ասում էր` եթե ես իմանամ, որ իմ երաժշտությունը միայն հաճույք է պատճառում, ես կդադարեմ ստեղծագործելուց: Երաժշտությունը պետք է ծառայի մարդկային հոգու կատարելագործմանը»,- ասաց Դանիել Երաժիշտը։ Նրա համոզմամբ` պիտի ժողովրդի ապրելակերպը փոխվի, որպեսզի նա սիրտ ունենա ընկալելու այս ամենը, «որովհետև տագնապի մեջ չես կարող խաղաղ երաժշտություն լսել»:

«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին մտահոգում է ազգային արժեքների նկատմամբ մեր իշխանությունների վերաբերմունքը: Գագիկ Գինոսյանն ասում է, որ արդեն ութ տարի է, ինչ իրենք անցկացնում են «Պարենք հայերեն» նախագիծը և՛ Երևանում, և՛ Հայաստանի մարզերում, և՛ Արցախում, և՛ Ջավախքում և այլուր, բայց նույնիսկ Երևանում որևէ բարձրաստիճան պաշտոնյա երբևէ ներկա չի եղել այդ միջոցառումներին.  «Սա արդեն վերաբերմունքի հարց է: Երբևէ չենք տեսնի, որ մեր պետական այրերը ազգային որևէ միջոցառման ներկա լինեն: Երբ նույնիսկ կազմակերպում կամ հովանավորում են այս կամ այն միջոցառումը, բայց իրենք չեն հետևում դրան, իմաստը կորում է:

Երկիր հյուր եկած մեծարգո մարդկանց չպետք է տանես ջազ լսելու: Դու նրանց պիտի մեր ինքնությունը ցույց տվող շարականները ներկայացնես, Կոմիտասին ու Եկմալյանին ներկայացնես: Ստացվում է, որ մենք փորձում ենք նրանց դուր գալ նրանով, ինչը հարյուր տարի առաջ իրենք են ստեղծել, և ինչը մենք կապկում ենք հիմա»,- ասաց Գ. Գինոսյանը:

Կարևորելով իշխանությունների դերը ազգային մշակույթի պահպանման և զարգացման գործում` պարոն Գինոսյանն ասաց. «Անցած տարի` մայրաքաղաքի տոնին, նախագահը, կաթողիկոսը, ԱԺ նախագահը ծափահարում էին Ռուսաստանից եկած ինչ-որ անհասկանալի կիսաբարո երգչուհիների, որոնք «մամա Լյուբա, դավայ-դավայ» էին երգում… Սա կարևորագույն խնդիր է, որովհետև նման այրերը ոչ միայն չպետք է ծափահարեն այդպիսի ելույթները, այլև իրենց ներկայությամբ չպիտի պատվեն տվյալ միջոցառումը: Նրանք պիտի կարողանան ցույց տալ, թե ինչն է հարգի այս երկրում և ոչ թե ասեն (պետական պաշտոնյաներից մեկի ասածն եմ ասում)` ազգային անաղարտ մշակույթը մրցունակ չէ։ Որևէ մշակույթ մրցունակության համար չէ: Դա դաստիարակություն է, կատարելագործման, երկրի քաղաքացի, հայի տեսակ դաստիարակելու ձև է»:

Հարցին, թե արդյո՞ք այսօր ունենք մշակութային քաղաքականություն, Գ. Գինոսյանը պատասխանեց, որ մենք ընդհանրապես որևէ քաղաքականություն չունենք, և հավելեց. «Իրականում քաղաքականությունը այգեպանի գործ է: Մեր քաղաքական այրերը կամ մշակույթի ոլորտի պատասխանատուները հաճախ ասում են, թե շատ վատ դաշտ է, որովհետև անընդհատ մոլախոտ է աճում: Երբ որ մոլախոտ է աճում, այգեպա՞նն է մեղավորը, թե՞ դաշտը: Այգեպանի խնդիրն է` մաքրել դաշտը մոլախոտերից, բերքը սնել, ջրել և ճիշտ ժամանակին բերքահավաք անել, իսկ իրենք այնպես են անում, որ նույնիսկ, երբ բերքը հասնում է, դրա պտուղները արտասահման են ուղարկվում: Գիտնականն այստեղ աճում է, իսկ հետո օգուտ է բերում ասենք Գերմանիային: Ստացվում է, որ հավը կուտն ուտում է այստեղ, ձուն ածում է այնտեղ, որովհետև այստեղ ձու ածելու տեղ չունի: Այս ամենը մշակութային քաղաքականության բացակայության պատճառով է»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԱՅՈՒՀԻ says:

    Մեր պետական այրերն այնքան հեռու են ազգային ամեն ինչից, ինչի՞ պիտի իրենց նեղություն պատճառեն գան ազգային պար նայեն, իրենց սրտամոտ են մուղամն ու պորտապարը։ Որ մի քիչ ազգային նկարագիր ուենանաիյն, էսպես անխնա կոչնչացնեի՞ն մեր մայրաքաղաքի դեմքը կազմող գլխավոր շինությունները։ Լավ է օպերայի շենքին ձեռքները չի հասել։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930