«Կատարվածին երկու կարգի գնահատական կարելի է տալ` քաղաքական և իրավական»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ երեկ Ազատության հրապարակում կատարվածին, այսպես պատասխանեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանը:
Նա նկատեց, որ իրավական գնահատական տալու համար ժամանակ է պետք ու մանրամասնեց. «Պետք է հասկանալ, թե ինչ է իրականում կատարվել: Տեսագրությունները նայելով այնպիսի տպավորություն է ստացվում, որ երթի մասնակիցների մեջ կային սադրիչներ, և մասնակիցները դիմադրում էին քաղաքացիական հագուստներով մարդկանց, որոնք նույնպես փայտերով էին: Որքան հասկանում եմ՝ փայտերը խորհրդանշական դեր էին կատարում և դիմակահանդեսի տարրերից էին: Պետք է ուսումնասիրել տեսանյութերը, թե ովքեր առաջինը սկսեցին պայթուցիկներ օգտագործել»:
Պարոն Դանիելյանը նկատում է՝ «Կարծես թե կոնֆլիկտը սկսվեց այն բանից, երբ մասնակիցները փորձեցին անցնել փողոցը, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ քրեական գործերի ընթացքը կախված է լինելու իշխող խմբավորման քաղաքական որոշումից, իսկ այդ քաղաքական որոշումը կախված է լինելու ներքին և արտաքին հանգամանքներից: Ողջ աշխարհում նշվում էր Anonymous-ի օրը, սակայն միայն Հայաստանում եղավ ընդհարում: Ամեն տեղ լինում են զանգվածային բողոքների ավելի լուրջ հետևանքներ, սակայն 5-10 տարվա հոդված ոչ ոքի վրա չեն դնում: Եթե դա այդպես մնա, ապա Հայաստանի քաղաքական վարկը էլ ավելի կիջնի»:
Ստեփան Դանիելյանը կարևորում է նաև ներքաղաքական պատճառները ու նշում. «Հարությունյանը չգտնելով իր խնդիրները լուծելու և պետական քաղաքականության վրա ազդելու մեխանիզմներ՝ գնալով ավելի ռադիկալ է դառնում: Ո՞րն էր Շանթի քայլի իմաստը: Կարծում եմ՝ բոլորին պետք է պարզ լինի, որ Շանթի քայլի հասցեատերը ոչ թե իշխանությունն էր, այլ հասարակությունը և հեղափոխություն ասելով նա նկատի ուներ արժեքային հեղափոխությունը: Նա ռադիկալ քայլի միջոցով ցանկանում էր փոխել հանրային ընկալումները: Կարծում եմ, որ որոշ մարդկանց վրա այդ քայլը ազդեցություն ունեցավ: Պետք է նաև հաշվի առնենք այն, որ ներիշխանական պայքարում նման միջադեպերը նույնպես կարող են օգտագործվել միմյանց դեմ»:
Կարդացեք նաև
Մեր մյուս հարցին՝ արդյոք նմանություն տեսնո՞ւմ եք երեկ կատարվածի և մարտի 1-ի դեպքերի միջև, պարոն Դանիելյանը պատասխանեց՝ նմանություն չեմ տեսնում ու հավելեց. «Առաջին տարբերությունն այն է, որ հարթակում կուսակցություններ չկային: Երկրորդը` ակցիաների հասցեատերը հանրությունն էր, այլ ոչ թե իշխանությունը»:
Հետաքրքրվեցինք՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի` քայլեր կատարվելո՞ւ են: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Շատ դժվար է Ձեր հարցին պատասխանելը: Շանթը հանրային խնդիրներ է բարձրացնում և Շանթի պաշտպանությունն առաջին հերթին հանրության գործն է: Եթե հանրության մի որոշ հատված նրան պաշտպանի, ապա կարելի է ասել, որ Շանթը իզուր չգնաց այդ հուսահատ քայլին և իր նպատակին հասավ: Եթե մարդը դուրս է գալից պայքարի քաղաքական կարգախոսներով, լուծումը նույնպես քաղաքական դաշտում պետք է լինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ճիշտ է