Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Ավան վարչական շրջանի Մյասնիկյան պողոտային հարող տարածքում ձևավորված նորակառույց պուրակի հանդիսավոր բացմանը:
Երկար տարիներ անխնամ տարածքի տեղում շուրջ 6 ամիս առաջ մեկնարկած շինարարական աշխատանքների շրջանակում 2,2 հեկտար մակերես ընդգրկող պուրակի ամբողջ երկայնքով կառուցվել են 1250 քմ սալապատ ճեմուղիներ՝ 1300 գծամետր եզրաքարերով: Տեղադրվել են նստարաններ, աղբամաններ: Պուրակն առանձնանում է ձևավորման հետաքրքիր լուծումներով՝ գործող ժամացույցով և ջրվեժով: Տարածքն ապահովված է նաև արտաքին լուսավորության ցանցով՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով հանգիստը կազմակերպել նաև երեկոյան ժամերին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է տարածքով և ծանոթացել կատարված աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավարը պուրակի նախագծի վրա քաղաքապետին է ներկայացրել աշխատանքների ամբողջ ընթացքն ու տարածքի սկզբնական տեսքից մինչև ավարտական փուլը: Ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է կանաչապատման ծավալների ավելացման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տանել: Բնապահպանության վարչության պետը քաղաքապետին զեկուցել է, որ արդեն առաջիկա ծառատունկի ընթացքում պուրակը կհամալրվի տարբեր ծառատեսակներով:
Նորակառույց պուրակի բացմանը շտապած բնակիչները, զրուցելով քաղաքապետի հետ, իրենց շնորհակալությունն են հայտնել հանգստի կազմակերպման նման հարմարավետ գոտու կառուցման համար: Տարոն Մարգարյանը հորդորել է բնակիչներին խնամքով վերաբերվել և իրենց հերթին անել հնարավորը պուրակի պահպանման համար:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների մասով ու նկատել, որ շինարարության ընթացքում աշխատանքների որակի և ժամկետների նկատմամբ պատասխանատուների կողմից սահմանված է եղել ամենօրյա հսկողություն:
«Տարիներ շարունակ բազմիցս են դիմել այս տարածքում կառուցապատում իրականացնելու համար, սակայն մեր կողմից մշտապես մերժվել են այդ դիմումները: Մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման ծրագրերի շրջանակում որոշում կայացվեց այս և նման այլ տարածքներն ընդգրկել քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրում և ստեղծել հանգստի գոտի: Այդ նպատակով Երևան քաղաքի բյուջեից ծախսվել է շուրջ 40 մլն դրամ, զուգահեռ ներդրումներ են կատարվել նաև բարերարների կողմից: Համոզված եմ՝ այս այգին ևս կդառնա ինչպես Ավանի և Նոր Նորքի բնակիչների, այնպես էլ բոլոր երևանցիների համար հանգստի կազմակերպման իսկապես հաճելի անկյուն: Նման այգի-պուրակներ նախատեսում ենք կառուցել նաև մյուս վարչական շրջաններում: Սա ևս մեկ կարևոր քայլ էր Երևան քաղաքում կանաչ տարածքների ավելացման ուղղությամբ մեր որդեգրած քաղաքականության շրջանակում»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ի դեպ նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի կանաչապատմանն ուղղված աշխատանքների շրջանակում նոր այգի-պուրակների տարածքները 2012 թվականի 5 հեկտարի համեմատ այս տարի կազմել են 8 հեկտար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն