Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատցիներն սպասում են ընտրությունների ավարտին՝ անկախ արդյունքներից

Նոյեմբեր 06,2013 17:31

Արարատի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ քաղաքում պայքարը թեժանում է: Թեկնածուներից յուրաքանչյուրը գործի է դնում իր ձեռքի տակ եղած ռեսուրսները: Շատերն են վկայում՝ պայքարը ոչ թե թեկնածուների, այլ կուսակցությունների՝ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ է: Երկուսն էլ օգտագործում են իրենց ձեռքի տակ եղած ռեսուրսները՝ ՀՀԿ-ի թեկնածուի շահերը պաշտպանում են Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանները, նաեւ քաղաքի վարչակազմը, իսկ ԲԿՀ-ն փորձում է հաղթանակի հասնել՝ ճնշելով «Արարատցեմենտի» գործարանում աշխատողներին:

Բնակիչները բողոքում են՝ ընտրությունների պատճառով հարեւաններ, բարեկամներ, մտերիմ ընկերներ են թշնամանում, անկեղծանում են՝ անհամբերությամբ սպասում են ընտրությունների ավարտին՝ անկախ արդյունքներից. «Մեկ ա, երկու թեկնածուներն էլ խաղալիքներ են երկու կուսակցությունների ձեռքում, նրանք անելու են այն, ինչ թելադրվելու է վերեւներից»,- ասում է քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի էլ պատմում է. «Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկի հետ դրսում խոսում էի, հանրապետական էր, երեկոյան մեկ այլ ընկերս զանգեց, ով ԲՀԿ-ից էր, սկսեց հարցուփորձ անել՝ հանրապետակա՞ն ես, կատակի տվեցի, փորձեցի փակել խոսակցությունը, ասացի՝ ես ձեր կուսակցական կռիվների հետ հավես չունեմ»

«Հստակ գիտենք՝ էս ընտրությունները մի քանի մարդկանց շահերի հետ է կապված, մի քանի հանրապետականների եւ ԲՀԿ-ից մի քանի մարդկանց: Քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը շահագրգռված է, որ Հայկ Հայկյանն ընտրվի, որովհետեւ դրանից է կախված նրանց ապագան, իսկ ԲՀԿ-ն շատերին «պայծառ ապագա» է խոստացել Սամվել Բարսեղյանի ընտրվելու դեպքում, չընտրվելու դեպքում գուցե ընդհանրապես զրկվեն ապագայից»,- ասում է մեկ այլ քաղաքացի:

Քաղաքում պատմում են, որ հիմա «թեժացել է» նաեւ «ընտրողների ցուցակներ» կազմելու պահը: Յուրաքանչյուր թեկնածուի համար «ձայներ հավաքողները» պետք է իրենց մոտ ցուցակագրեն առավելագույն թվով մարդկանց անուններ, որոնց պետք է գումար բաժանեն: Գումարի չափը դեռ հստակեցված չէ. «Երկու թեկնածուների ցուցակներում էլ անունս կա, սկզբում հարեւանս զանգեց մի կուսակցությունից, հետո էլ բարեկամս՝ մյուս կուսակցությունից, ասացի՝ չեմ կարա ախպեր ջան, ես արդեն էսինչ կուսակցության համար անունս գրել եմ, ասաց. «Ոչինչ, արի մեր մոտ էլ անունդ գրենք»: Ես էլ ասի՝ գրի: Համ էդ մարդուն եմ լավություն արել, ինքը դրանից փող ա աշխատում, համ էլ ինձ ավել փողը չի խանգարում, մեկ ա, ով էլ ընտրվի, բան չի փոխվի էս քաղաքում»:

Թեկնածուների մասին խոսելիս էլ Արարատի քաղաքացիներից շատերը նշում են՝ ՀՀԿ-ի թեկնածու Հայկ Հայկյանը խելացի, կրթված մարդ է, բայց մեկ է, նրան Հանրապետական կուսակցությունը չի թողնի բարեխիղճ աշխատի, դրա համար չարժե ընտրել, ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բարսեղյանի մասին էլ ասում են՝ մինչեւ վերջերս նրան դժվարությամբ կարելի էր սթափ վիճակում գտնել, համոզված են, որ այս թեկնածուի ընտրվելու դեպքում նա ոչինչ չի անելու, սա նույնպես հրահանգվելու է կուսակցության ղեկավարի կողմից:

 

Aravot.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930