Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան . «Ուզում են ինձնով, Հայկոյով ու Պետրոսով իրենց 150 դրամը լեգիտիմացնեն»

Նոյեմբեր 06,2013 17:20

«Ուզում են ինձնով, Հայկոյով ու Պետրոսով իրենց 150 դրամը լեգիտիմացնեն, մեզ էլ ձեռքի հետ փչացնեն»,-այսպես արձագանքեց «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանն Aravot.am-ի այն հարցին, թե ընդունելո՞ւ եք Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հրավերը` տրանսպորտի ուղեվարձի հարցը քննարկելու համար ձեւավորված հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար:

Պարոն Նիկոյանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակտիվ պայքար մղող դերասան Հայկ Մարությանին, հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանին եւ Ալեն Սիմոնյանին, «որպես սրտացավ մարդիկ», հրապարակավ հրավիրել էր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու եւ համատեղ ուժերով հասնելու «խնդրի ընդունելի եւ արդար լուծմանը»։
«Ի՞նչ հրավերի մասին է խոսքը գնում, այն հանձնաժողովի՞, որտեղ աշխատանքները դեռ չավարտված՝ քաղաքապետն ու փոխքաղաքապետը, որոնց կուսակցությունը քաղաքապետարանում մեծամասնություն է կազմում, հայտարարեցին, որ տրանսպորտի ուղեվարձի գինը մեկ է 150 դրամ է դառնալու, ինչի՞ համար, գնամ ու իմ ներկայությամբ լեգիտիմացնեմ հա,՞ ցույց տամ, որ իրենք հասարակության ներկայացուցչի հետ նույնպես քննարկեցին: Չէ, իհարկե, չեմ մասնակցելու, ի՞նչ քննարկեմ, որ աղքատություն ունենք մեր երկրում եւ որ այդ 50 դրամը մեծ բե՞ռ է լինելու մեր քաղաքացիների համար, ես իրենց հետ քննարկելու բան չունեմ, պատրաստ եմ քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հետ հանդիպել միայն տեսախցիկների առջեւ եւ ոչ քաղաքապետարանում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նրա համոզմամբ, ո’չ քաղաքապետը եւ ո’չ էլ փոխքաղաքապետը չի ընդունի տեսախցիկի առջեւ բանավիճելու հրավերը, քանի որ, ըստ Ալեն Սիմոնյանի. «Իրենցից որեւիցե մեկը չի կարող իրեն թույլ տալ գալ եւ տեսախցիկների առջեւ այն քաղաքացիներին, որոնք ապրում են այս քաղաքում, բացատրեն, թե որքանով է արդարացված ու ճիշտ նրանց վրա դնել որոշ մասնավորների ծախսերը»:

Նրա խոսքերով, «Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում քաղաքապետարանում, մինչ այդ որոշում են կայացրել, որոշումը ուժի մեջ են մտցրել, հետո մեր ճնշման հետեւանքով հետմահու են արել այդ որոշումը եւ հիմա ուզում են նույն բանը մեզ հետ քննարկեն` հետո մտցնեն ուժի մեջ: Դա աբսուրդ է, ես լուրջ չեմ վերաբերվում դրան: Նպաստները կտրեցին, աշխատավարձերը բարձրացրին, 207 միլիոն դրամ փող տվեցին՝ փուչիկ ու սալյուտ տրաքացրեցին, հիմի էլ եկել են 50 դրամն էլ են ուզում շորթել, ի՞նչ քննարկում, անկեղծ կասեմ, այդ քննարկման մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում, ես կքննարկեմ, եթե համոզված լինեմ, որ այդ քննարկման հետեւանքով ինչ-որ բան է փոխվելու, իսկ այդ հայտարարությունը նպատակաուղղված է մի բանի, ինձ դարձնել իրենց գործընթացների բաղկացուցիչ մաս, փչացնել, իրենց հիմար որոշումը լեգիտիմացնել: Այնպես չի, որ ես տեռորիստ եմ, չեմ ուզում բանակցել, ասելիք չունեմ, չէ, ուղղակի սա ծուղակ է, որի մեջ ուզում են քաշել, իսկ ինչո՞ւ ես գնամ ընկնեմ դրա մեջ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930