Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում տեղի ունեցավ հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը

Նոյեմբեր 06,2013 17:05

Երեւանում այսօր տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը: 
Մինչ նիստի աշխատանքների մեկնարկը, ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահ Ռոուշ Նուրի Շաուեյսի (Rowsch Noori Shaways) գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում երկկողմ համագործակցության զարգացման մակարդակից: Արձանագրվեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում հարաբերությունների խորացման տեսանկյունից կարեւոր աշխատանքներ են իրականացվել` ձեւավորվել եւ գործում է միջկառավարական հանձնաժողովը, վերաբացվել է Երեւանում Իրաքի դեսպանությունը, նշանակվել է դեսպան: Երկու երկրների փոխվարչապետների գնահատմամբ` սա լավ հիմքեր է ստեղծում բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ առեւտրական կապերն ակտիվացնելու հարցում երկու երկրների գործարար շրջանակների կողմից փոխադարձ հետաքրքրություն է առկա` ընդգծելով, որ արդեն իսկ նկատելի է ապրանքաշրջանառության ծավալների աճ: Գործարար շփումների աշխուժացման նպատակով, հանձնաժողովի նիստի աշխատանքներին զուգահեռ, Երեւանում անցկացվում է “Արտահանվող հայկական ապրանքներ” խորագրով ցուցահանդեսը, իսկ նոյեմբերի 7-ին տեղի կունենա հայ-իրաքյան գործարար համաժողովը:
“ Մենք ցանկանում ենք, որ հայկական արտադրատեսակները հասանելի լինեն Իրաքի ժողովրդին եւ, փոխադարձաբար, Իրաքի ապրանքները մեր շուկա հասնեն: Մենք պատրաստ ենք նաեւ քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր, փոխադարձ բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների գործարարների համար”,-նշեց Արմեն Գեւորգյանը:
Հանդիպումից հետո Ա. Գեւորգյանի եւ Ռ. Շաուեյսի համանախագահությամբ տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը:
Համանախագահներն ամփոփեցին 2012թ. նոյեմբերին Բաղդադում կայացած հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը: Քննարկվեցին ներդրումային, արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարեւորվեց գործարարների միջեւ շփումների ակտիվացումը, գործարար հանդիպումների, համաժողովների, ցուցահանդեսների ու տոնավաճառների կազմակերպումը Հայաստանում եւ Իրաքում: Կողմերը պայմանավորվեցին խրախուսել փոխադարձ ներդրումները տարբեր բնագավառներում, ինչպես նաեւ անհրաժեշտ համարեցին համապատասխան տեղեկատվության փոխանակումը:
Արձանագրվեց, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ է առկա նաեւ զբոսաշրջության ոլորտում. ընդ որում, կան բոլոր նախադրյալները երկկողմ զբոսաշրջության զարգացման համար: Կողմերը պայմանավորվեցին աջակցել երկու երկրների ոլորտային տնտեսվարող սուբյեկտների, կազմակերպությունների միջեւ համագործակցության հաստատմանն ու զարգացմանը:
Տնտեսական կապերի հետագա զարգացման, շփումների ակտիվացման համար երկուստեք անհրաժեշտ համարվեց Հայաստանի եւ Իրաքի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը: Կողմերը պայմանավորվեցին այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնել:
Կարեւորվեց գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրել Հայաստանից Իրաք թարմ պտուղ-բանջարեղեն, հանքային եւ խմելու ջրեր, բնական հյութեր եւ պահածոներ արտահանելու, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքների արտադրության համատեղ ձեռնարկություններ հիմնելու եւ կենդանի ոչխարների, բրդի, ձկների արտահանման հնարավորությունները:
Կողմերն արձանագրեցին, որ առողջապահության բնագավառում արդեն իսկ համագործակցության հիմքեր ստեղծվել են. 2012թ. երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, եւ ներկայումս երկկողմ քայլեր են ձեռնարկվում փոխգործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Փոխվարչապետ Ա. Գեւորգյանը նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` իրաքցի 10 երեխաներ բուժում կստանան Երեւանում: Երեխաներից հինգն առաջիկայում արդեն կժամանեն Հայաստան:
Էներգետիկայի բնագավառում եւս փոխգործակցության լայն հնարավորություններ կան: Մասնավորապես, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում Իրաքում իրականացնել կիսակառույց եւ արդիականացման ենթակա էլեկտրակայանների վերակառուցման աշխատանքներ:
Երկուստեք կարեւորվեց մի շարք ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար փաստաթղթերի ստորագրման անհրաժեշտությունը: Ներկայումս կողմերի քննարկման փուլում են գտնվում տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մոտ մեկ տասնյակ փաստաթղթեր:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել երկրորդ նիստի արդյունքներով ստորագրվելիք արձանագրության կետերի կենսագործման ընթացքը համակարգող խումբ` հանձնաժողովի երկու կողմերի նախագահների տեղակալների գլխավորությամբ:
Նիստից հետո Ա. Գեւորգյանն ու Ռ. Շաուեյսն այցելեցին «Երեւան Էքսպո» կենտրոն, որտեղ բացվել է «Արտահանվող հայկական ապրանքներ» խորագրով ցուցահանդեսը: Հյուրերը շրջեցին տաղավարներով, ծանոթացան ներկայացված արտադրանքին: Ցուցահանդեսին մասնակցում են շինարարական նյութերի արտադրության, շինարարության, թանկարժեք զարդերի և քարերի, սննդի արդյունաբերության, ճշգրիտ մեքենաշինության, դեղագործության եւ թեթեւ արդյունաբերության ոլորտներում արտահանման ներուժ ունեցող շուրջ 75 հայկական կազմակերպություններ: Ցուցահանդեսը կազմակերպվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ Զարգացման հայկական գործակալության կողմից:
Նիստի արդյունքներով հանձնաժողովի համանախագահների կողմից կստորագրվի երկրորդ նիստի արձանագրությունը:
Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված պաշտոնյաներն այցի ընթացքում առանձին հանդիպումներ կունենան հայաստանցի գործընկերների հետ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930