Լրահոս
Օրվա լրահոսը

Մի դատապարտյալը քննություն հանձնեց, մյուսը գիտական թեզ է գրում

Նոյեմբեր 06,2013 16:56

Նուբարաշեն ՔԿՀ-ում այսօր հաջողությամբ հերթական քննությունները («Հոգեբուժություն», «Հոգեբանության հիմունքներ» եւ «Անձի հոգեբանություն) հանձնեց ցմահ դատապարտյալ Գեորգի Խանամիրյանը, որը սովորում է Գործնական հոգեբանության եւ սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի երրորդ կուրսում:

Aravot.am-ը «Ուրարտուի» ռեկտոր, Հոգեբանների միջազգային խորհրդի անդամ, «Հայաստանի գործնական հոգեբանների միավորում» հ/կ-ի նախագահ Սեդրակ Սեդրակյանից տեղեկացավ, որ նույն ՔԿՀ-ի մեկ այլ ցմահ դատապարտյալ՝ Արսեն Արծրունու հետ էլ է հանդիպում կայացել: Պարոն Սեդրակյանը տեղեկացրեց, որ Արսեն Արծրունին պատրաստվում է գիտական թեզ գրել, ինչի կապակցությամբ էլ նրան խորհրդատվություն էր անհրաժեշտ:
«Ուրարտու» համալսարանի ռեկտորի ձեւակերպմամբ, Արսեն Արծրունին

փայլուն քննություն էր հանձնել եւ ընդունվել մագիստրատուրա՝ հոգեբանություն մասնագիտությամբ. «Հիմա էլ Արսենը մագիստրատուրան ավարտել է, դիմում էր գրել հայցորդ ձեւակերպելու մասին: Մենք հայցորդ ձեւակերպեցինք: Ի դեպ, դա եղել է նաեւ իմ հորդորով: Իր ավարտական աշխատանքը՝ մագիստրոսական թեզը շատ ծավալուն էր, բովանդակալից եւ յուրահատուկ, այդպիսի ինքնավերլուծություն աշխարհի որեւէ անկյունում չի եղել»:

Մեր զրուցակցի ասելով, ժամանակին Արսեն Արծրունու ընդունելության քննությանը մասնակցել են մասնագետներ ոչ միայն «Ուրարտու» համալսարանից, այլեւ ԵՊՀ-ից: «Քննությունից հետո ԵՊՀ դասախոսներից մեկն ասաց, որ ցանկացած համալսարան կերազեր այսպիսի մագիստրանտ ունենալու մասին, ախր Արսենը հարցերի պատասխանները 9 տարի պարապել է: Պատասխանելիս նա հղումներ էր անում տարբեր հեղինակների գրքերին: Ինքը լեզուների տիրապետող մարդ է, նույնիսկ Դեվիդ Մեյերսի գիրքը նշեց, Հայաստանում շատերը այդ գրքին ծանոթ չեն: Արսեն Արծրունին ավարտական քննությունն էլ է գերազանց հանձնել եւ «Ուրարտու» համալսարանը կարմիր դիպլոմով է ավարտել: Նա հրաշալի մարդ է, խելացի, կիրթ, համեստ անձնավորություն»,- կարծիք հայտնեց ռեկտորը:

Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին դատապարտվել է «Դրո» ահաբեկչական խմբի գործով:

Սեդրակ Սեդրակյանը գտնում է, որ սովորելը յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է, անկախ նրանից՝ մարդը գտնվում է կալանավայրում, հիվանդանոցում, թե մեկ այլ վայրում:

Արսեն Արծրունու դիպլոմային աշխատանքի թեման էր՝ «Ցմահ դատապարտյալի հոգեվիճակը»: Սեդրակ Սեդրակյանին գրած նամակում նա հիմնավորել էր իր՝ կրթությունը շարունակելու ցանկությունը. «Հարգարժան պրոֆեսոր Սեդրակյան … Ինձ անհրաժեշտ է ուղղություն ցույց տվող, որ սովորեմ գիտական մոտեցում ցուցաբերել, ինչը ինձ հնարավորություն կտա երկարաժամկետ բանտային կալանքը, նրա արդյունքներն ու հետեւանքները ավելի խորապես պեղելու ներսից, ունակ կլինեմ մասնագիտական լեզվով եւ փաստարկված ձեւով ներկայացնել բանտային կալանքում գտնվող անհատի ներքին իսկական տանջանքը: Հավատում եմ, որ մագիստրատուրայում սովորելը եւ հետագայում դրա հիման վրա գրած աշխատությունս շատ-շատերին զերծ կպահի գիտակցված կամ ակամա հանցագործությունից: Հասարակության կողմից դատապարտյալին տրվող ուսումը եւ այս վերջինի ուսանելու միտումը նրանց միջեւ հաշտության նշան է»:
«Ուրարտուի» դասախոսները Aravot.am-ի հետ զրույցում նաեւ ասացին, որ Գեորգի Խանամիրյանի՝ բուհում կրթությունը շարունակելու որոշման վրա մեծ է եղել Արսեն Արծրունու դերը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԱՅՈՒՀԻ says:

    Մեր երկրում ամնե ինչ խառնվել է։ Մտածող մարդիկ, որոնք չգիտեմ ում զոհն են դարձել ու հայտնվել են ճաղերի հետևում, իսկ իսկական սրիկաներ ու մարդասպաններ ազատ ման են գալիս։ Ի՞նչ է մտածում (չ)արդարադատության նախարարությունը։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930