ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ 14-րդ անգամ անցկացվող «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում է ճանաչված ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը եւ գերմանացի դիրիժոր Ստեֆան Վիլլիխը: Վերջինիս ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նոյեմբերի 8-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում իբրեւ մենակատար հանդես կգա Լյուբիմովը, իսկ վաղը «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում կկայանա դաշնակահարի մենահամերգը:
Ներկայացնելով ճանաչված արվեստագետներին, «Երեւանյան հեռանկարների» հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն ասաց. «Մեզանում սպասված եւ ցանկալի հյուր Ալեքսեյ Լյուբիմովը մեր օրերի առավել գունեղ եւ ինքնատիպ երաժիշտներից մեկն է: Նրա երկացանկը, զուգորդված նվիրվածությունն իր սկզբունքներին եւ երաժշտական բարոյականությունը երաժշտին դարձրել են մի ուշագրավ բացառություն երաժշտական համաշխարհային ասպարեզում: Ինչ վերաբերում է Ստեֆան Վիլլիխին, ով 3 տարի առաջ դարձյալ մեր հյուրն էր, նա հաջող գործունեություն է ծավալում երաժշտության եւ բժշկության բնագավառներում՝ ղեկավարելով բացառապես բժիշկներից կազմված նվագախումբ: Նշեմ, որ նա 2007-ին է հիմնադրել բժիշկների համաշխարհային նվագախումբը»:
Հիշեցնենք, որ «Երեւանյան հեռանկարներն» իր այս համերգաշրջանում մեզ ներկայացրել է համաշխարհային երաժշտարվեստի մեծերին, այդ թվում՝ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Մայքլ Թիլսոն Թոմասի ղեկավարությամբ, դաշնակահար Եֆիմ Բրոմֆանին, Էստոնիայի տղամարդկանց պետական երգչախումբը, «Հորտուս մուզիկուս» անսամբլը, Յուրի Բաշմետին եւ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբին, օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկուն, «Շանհայ» լարային քառյակը եւ այլն:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ