Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն գաղտնալսել էր «Առավոտի» լրագրողին

Նոյեմբեր 06,2013 16:09

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, շարունակվեց քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:

Դատակոչվել էր մեր գործընկերը՝ «Առավոտի» իրավական էջի պատասխանատու, լրագրող Ռուզան Մինասյանը:

Վկան ասաց, որ իրեն անցյալ տարի կանչել են Ազգային անվտանգության քննչական վարչություն:

Կարծելով, թե դա կապված է իր հերթական հրապարակման հետ, ներկայացել է քննիչ Ա.Գրիգորյանին: Երբ պարզվել է, որ իրեն կանչել են ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի՝ «այլ դատապարտյալի միջոցով այլ դատապարտյալի սպանության նախապատրաստման գործի» հետ կապված, Ռ.Մինասյանը ԱԱԾ է հրավիրել փաստաբան Նարինե Ռշտունուն, եւ նրա ներկայությամբ տվել է ցուցմունք:

Վկան ասաց նաեւ, որ ինքը ճանաչել է Ս.Հովհաննիսյանին, երբ նա ՔԿՀ պետն էր, բացի դրանից, ունեին ընդհանուր ընկերներ, որոնց, ինչպես եւ Հովհաննիսյանի հետ շփվել են հաճախակի, մինչեւ ձերբակալվելը:

Ռուզան Մինասյանը հայտնեց, որ այս գործով «տուժող»՝ դատապարտյալ Ջեմալ Սլոյանի մասին անդրադարձել է «Առավոտում» դեռ 2006թ.-ին: Նա Ռուսաստանում սպանել էր Ահմադ Շարոյանին, որ Արցախյան պատերազմի մասնակից էր, ոստիկանության կապիտան, երեք երեխաների հայր: Այնուհետեւ դատապարտվել էր Ռուսաստանի դատարանի կողմից 12 տարվա ազատազրկման եւ տեղափոխվել էր Հայաստան՝ պատիժը կրելու:

Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ մեր գործընկերն ասաց, որ Շարոյանների ընտանիքը իրենց եղբոր սպանությունից հետո, ողջ գերդաստանով հեռացել են Հայաստանից, նրանք մի քանի անգամ ահազանգել են իրեն, որ Ջեմալ Սլոյանին ուզում են ազատել պատժի հետագա կրումից, որ «Գորիս» ՔԿՀ-ից ուզում են տեղափոխել «Արթիկ» ՔԿՀ, ապա «Դատապարտյալների հիվանդանոց»: Լրագրողն ահազանգերը հասցրել է պատկան մարմիններին:

Ռուզան Մինասյանը հարցին, թե ռեժիմի փոփոխման հետ կապված դիմե՞լ է Սամվել Հովհաննիսյանին, պատասխանեց՝ ոչ, քանի որ նախ Ս. Հովհաննիսյանը չէր աշխատում ՔԿՀ-ում, ապա այն պարզ պատճառով, որ Շարոյաններն ունեին իրենց փաստաբանը, որը իրականացնում էր տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանությունը:

Մեղադրող Արամ Ամիրզադյանը հարցաքննության ժամանակ փորձեց իմանալ, թե ինչ է խոսել մեր գործընկերը հեռախոսով ոստիկանության նախկին մի աշխատակցի հետ:

Ռուզան Մինասյանը նախ զարմացավ, ապա հարցին հարցով պատասխանեց. «Դա՞ էլ եք լսել: 23 տարի ես լուսաբանում եմ այս դատաիրավական ոլորտը, եւ նման բան չեմ տեսել: Ով գաղտնալսել է, թող նա էլ գա պատասխանի: Եղել է մասնավոր զրույց, որը չեմ հիշում»: Լրագրողն ավելի զարմացավ, երբ հարցերը վերաբերվեցին նաեւ «հանդիպման վայրերին»՝ Գայի արձանի մոտին, սրճարանին:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նաիրա says:

    ԱԱԾ-ն բոլորիս էլ լսում ու հետևում է, լրագրողներին առավել ևս

  2. David says:

    Կրթական ոլորտն իրենց համար է աշխատում, իրենք էլ պարապությունից լսում են, որ ձեռի հետ բան կպցնեն:Ի*նչ կա զարմանալու նույն հայ որձերը չեն, արտոնյալ կարգավիճակում:Ազգային արյան ծարավ= է ԱԱԾ:
    Սրանց մեջ մի խելոք մարդ լիներ, ՀՀ- ն կմնար,շատ ջրեր այլ հունով կհոսեին:Այ, դրա համար կրթական համակարգ են աշխատացնում, որովհետև խելո~~~~~ք են:

  3. Maxim says:

    Ահա և Հայաստանի իրական պատկերը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930