«Հանրությունը չգիտի մեր գործունեության մասին այնքան, որքան պետք է: Անպայման ինչ-որ սկանդալ պիտի լինի, որ բոլոր լրատվամիջոցները հայտնվեն»,- այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԶԼՄ-ներից իր դժգոհությունն այսպես հայտնեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Իսկ Նկարիչների միությունում, պարզվում է, բավական լարված աշխատանքներ են տարվում. «Գրեթե տասն օրը մեկ մի ցուցահանդես է կազմակերպվում, ինչպես անհատական, այնպես էլ խմբակային ու հանրապետական»,- ասաց Կարեն Աղամյանը և հավելեց, որ ինքը անհատական ցուցահանդես կունենա եկող տարի, որովհետև մեծ հերթ է, և արվեստագետները հինգ տարուց շուտ չեն կարող ցուցադրվել:
15 տարի Նկարիչների միությունը ղեկավարող Կարեն Աղամյանը տեղեկացրեց, որ մոտ մեկ ամսից կկայանա իրենց միության 18-րդ համագումարը, որն էլ կորոշի անցկացնե՞լ նախագահի ընտրություն, թե՞ ոչ։
Ի դեպ, Կ. Աղամյանն ընդգծեց, որ մյուս միությունների համեմատ՝ Նկարիչների միությունն իր կազմով ամենամեծն է, ունի մոտ 1000 անդամ, որոնցից 700-ը Հայաստանում են։
Միության նախագահին վրդովվեցնում է նաև իրենց միության հ/կ-ի կարգավիճակը. «Օրենքը Հայաստանում չի տարբերում ստեղծագործական միությունը հասարակական կազմակերպությունից: Դրա մասին մենք խոսում ենք արդեն տասը տարի, բայց ոչինչ չի փոխվում: Ստեղծագործական միությունը չի կարող հ/կ լինել, որովհետև վերջինս մարդկանց մի խումբ է, որն զբաղվում է որևէ կոնկրետ խնդրի լուծմամբ, իսկ մենք` ստեղծագործական միություններս, մասսայական խնդիրներ ենք լուծում: Հայաստանում մոտ 4000 հ/կ-ներ կան, որոնց մի մասը «դրսից» է սնուցվում, ասենք՝ գրանտների տեսքով և այլն, հետևաբար, դրանց գործունեությունը, իմ կարծիքով, անիմաստ է, որովհետև հաճախ ով որ տալիս է, նա էլ պատվիրում է»,-ասում է Կարեն Աղամյանը:
Կարդացեք նաև
Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաև մարզային կառույցներին: Կ. Աղամյանն ասաց, որ լավ ստեղծագործողներ ամեն տեղ էլ կան, սակայն չկա տարածք ցուցահանդեսներ կազմակերպելու համար:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ