Չնայած մի շարք տնտեսագետների այն կանխատեսումներին, որ եկող տարվա բյուջեն չի կարողանալու ապահովել ՀՀ իշխանությունների ծրագրած աճը, սակայն, այսօր Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Փաստարկ» մամուլի ակումբում վստահեցրեց, որ եկող տարվա բյուջեով կունենանք եկամտային մասի բավականին լավ աճ՝ շուրջ 10 տոկոս: Ըստ նրա, ծախսային մասով աճը կկազմի` 8 տոկոս, իսկ դեֆիցիտը`շուրջ 2,6 տոկոս` ՀՆԱ-ի նկատմամբ: Եկող տարվա բյուջեն էլ սոցիալական ուղղվածություն կունենա` շեշտը դնելով սոցիալական ապահովության, կրթության եւ առողջապահության ոլորտների վրա:
Ըստ պարոն Մինասյանի, բյուջեն իր ծախսային մասով ընթացիկ տարվա նկատմամբ աճելու է 8%-ով, կրթության ոլորտում՝ 12 %, առողջապահության ոլորտում՝ 13%, իսկ սոցիալական ոլորտում՝ ավելի քան 18%-ով: Ըստ նրա,
նպաստառու ընտանիքները, որոնք կունենան 30 միավոր ցուցանիշ, եկող տարի էլ նրանց համար առողջապահական ծառայությունները կլինեն անվճար, այդ թվում նաեւ սրտի վիրահատությունը, որը վերաբերվում է շուրջ 270 000 մարդու:
12-ամյա կրթությունը եւ միջին մասնագիտական կրթությունը եւս պետական բյուջեի շրջանակներում անվճար է լինելու: Պարոն Մինասյանի խոսքերով, այս ծրագրի նպատակն է, որպեսզի երեխան շուտ մտնի աշխատաշուկա եւ կարողանա լուծել ընտանիքի սոցիալական խնդիրը:
Ծնելիության խթանման խնդրին անդրադառնալով էլ՝ պարոն Մինասյանը ասաց, որ յուրաքանչյուր 3-րդ եւ 4-րդ երեխաների համար, եթե տրվում է 470 000 դրամ, ապա եկող տարի այդ գումարը կտրուկ կաճի` հասնելով 1 միլիոն դրամի, իսկ հաջորդ երեխաների համար` 1,5 միլիոն դրամի, որից կես միլիոնը կտրվի երեխայի ծնվելու ժամանակ:
Իսկ աշխատավարձերի բարձրացման մասով էլ պարոն Մինասյանն ասաց, որ եկող տարվանից նվազագույն աշխատավարձը կազմելու է 50 հազար դրամ: Ամենաբարձր պաշտոնատար անձը՝ երկրի նախագահը, ստանալու է աշխատավարձ, որը հավասարվելու է նվազագույն աշխատավարձի քսանապատիկին, իսկ ամենացածր` քաղծառայողի աշխատավարձը կազմելու է նվազագույն աշխատավարձի 1,15 քառորդական տոկոսը. «Սովորաբար պետական հատվածում աշխատավարձերի բարձրացումը բերում է մասնավոր հատվածի աշխատավարձի բարձրացման»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ