6 նոյեմբերի 2013թ., Երևան: Երեկ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության միջնորդությամբ քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում կայացավ Սարի Թաղի բնակիչների անունից ներկայացած Գեղամ Պետրոսյանի և վարչության պետ Սամվել Մհերյանի հանդիպումը, որին ներկա էին նաև «Բարև Երևան» խմբակցության անդամներ Գագիկ Բաղդասարյանն ու Արթուր Գասպարյանը: Հանդիպման նպատակը թաղամասին վերաբերող մի շարք խնդիրների քննարկումն էր: Պետրոսյանը ներկայացրեց, որ անհրաժեշտ է լայնացնել թաղամասի ճանապարհային ոլորանները՝ տրանսպորտային միջոցների շրջադարձը հեշտացնելու նպատակով, վերանորոգել մայթերը՝ ասֆալտապատելով և եզրաքարեր տեղադրելով (ըստ նրա՝ մայթերին աճած բուսականությունը դրանք գրեթե անանցանելի է դարձրել), կառուցել վերգետնյա անցում:
Սամվել Մհերյանը տեղեկացրեց, որ Էրեբունի վարչական շրջանում 2013թ. ընթացքում վերանորոգված ճանապարհների 15%-ը պատկանում է Սարի Թաղին: Ինչ վերաբերում է ոլորանների լայնացման խնդիրներին, ապա դրա վերաբերյալ պետք է լուրջ ուսումնասիրություն կատարվի, նոր նախագիծ կազմվի, եզրակացություններ պետք է տան նաև ճարտարապետներն ու ՃՈ համապատասխան մասնագետները: Մայթերի վերանորոգման առումով ասաց, որ հնարավոր ամեն ինչ կանի՝ հաջորդ տարվա ծրագրում և բյուջեում այն ներառելու համար: Իսկ վերգետնյա անցում կառուցելու առումով նշեց, որ այն քաղաքապետարանի ֆինանսական միջոցներով չի կառուցվում: Դրա համար պետք է ներդրողներ գտնել, որը դյուրին գործ չէ: Փոխարենը, համաձայն բնակիչների առաջարկության, նշված տեղում հետիոտնային նշագրված ուղղանկյուններ կարվեն («զեբրա»)՝ հետիոտնի անցումն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ Սարի Թաղի տրանսպորտային խնդիրների լուծման նպատակով Գեղամ Պետրոսյանն ու «Բարև Երևան» խմբակցության անդամները օրեր առաջ հանդիպել էին նաև քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի պետ Հարություն Մելքումյանի հետ:
«Բարև Երևան» խմբակցության մամլո
հաղորդագրություն