Այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ, ազատամարտիկ, պատգամավորության նախկին թեկնածու, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանն անդրադառնալով երեկ Շանթ Հարությունյանի կազմակերպած «հեղափոխությանը»՝ ասաց. «Շանթը, որպես անհատ, շատ ինքնատիպ մտածողության տեր անձ է ու դա բոլորս գիտենք: Երեկվա գործողությունները, այն, ինչ-որ արեց նա, դրա մասին տեղյակ էին բոլորը, նա բացահայտ ասել էր, որ գնալու է այսինչ գործողություններն անելու: Շանթն ազնիվ տղա է, նրա մեջ երիտասարդական արյուն կա, ու երիտասարդությունը նրա հետեւից գնում է: Վալերի Օսիպյանը, որ կանգնած էր Շանթի կողքին, շատ լավ տեղյակ էր, երբ Շանթը նրան ասում էր՝ գնալու ենք, պայթեցնելու ենք: Բայց Օսիպյանը նրան դրդեց այդ քայլին… Ինչու նա չկանխեց այդ քայլերը, երբ Շանթը նրան ցույց էր տալիս, թե ինչով է պայթեցնելու»:
Խաչիկ Ավետիսյանի խոսքով`երեկ գործել է աֆեկտը, եւ ոստիկանները եւ ցուցարարները աֆեկտի մեջ էին: Ըստ նրա, ոստիկաններն իրենց կոռեկտ պահեցին, նրանք նախապատրաստված էին. «Որեւէ մեկն իրավունք չունի Շանթին մեղադրելու, որովհետեւ Շանթի եւ բոլորի համբերության բաժակը լցվել է, ու այս իշխանություններն են, որ մեզ դարձնում են Շանթ: Շանթեր վաղը ավելի շատ են լինելու: Ես կոչ եմ անում ոստիկաններին բաց թողնել բոլոր ձերբակալվածներին, քանի որ բոլորը աֆեկտի մեջ են եղել ու նա, ով պատերազմում եղել է, սա շատ լավ կհասկանա: Եվ եթե կա մեկը, ում պետք է ձերբակալել, դա գնդապետ Վալերի Օսիպյանն է»:
Խաչիկ Ավետիսյանը գտնում է, որ իշխանություններին պետք է քշել, իսկ քշողը պետք է ժողովուրդը լինի. «Մենք չենք ուզում սխալվել: Ժողովուրդը պետք է համախմբվի ու որոշի սրանց քշելու ժամկետները, քանի որ այս իշխանություններն իրենց վաղուց սպառել են»,- վստահեցրեց նա:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ