Լրահոս
Օրվա լրահոսը

Միջխորհրդարանական հանձնաժողովը կքննարկի տրանսպորտային խնդիրներ

Նոյեմբեր 06,2013 14:36
rijkov

16 տարի առաջ հիմնադրված ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովը տարեկան երկու անգամ է նիստ գումարում՝ տարվա առաջին կեսին Ռուսաստանում, եւ աշնանը՝ արեւոտ հոկտեմբերին՝ Հայաստանում:

Այսօր հերթական նստաշրջանը բացվեց Երեւանում՝ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում: Այս նստաշրջանը նվիրված է լինելու տրանսպորտային խնդիրներին:

Հանձնաժողովի ռուսաստանյան պատվիրակության ղեկավար, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը, որ Հայաստանի ազգային հերոսի կոչում ունի, իր խոսքի սկզբում, ասաց, որ հանձնաժողովի «սովետական մասը», ապա ինքն իրեն ուղղեց՝ «ներողություն, ռուսական մասը», կազմված է քսան հոգուց, ճիշտ նույնքան, որքան՝ հայկական մասը: Նա նկատեց, որ երբ տարիներ առաջ կազմվում էր այս միջխորհրդարանական հանձնաժողովը, որոշվեց պատվիրակությունները կազմելիս հաշվի չառնել բնակչության քանակը կամ տարածքները, որ զբաղեցնում են երկրները, մեծ ու փոքր, բարձր ու ցածր չանել, եւ հավասար քանակությամբ պատվիրակներ ընդգրկել երկու երկրներից:

Մի քանի նախադասությամբ պարոն Ռիժկովն անդրադարձավ այսօրվա նիստի թեմատիկ ուղղվածությանը՝ քննարկվելու են տրանսպորտային խնդիրներ, եւ այս կապակցությամբ նա նկատեց, որ պետք է լուծել Հայաստանի տրանսպորտային ապաշրջափակման հարցը, բայց, ակնարկելով Վերին Լարսի անցակետում պարբերաբար առաջացող պրոբլեմները, նա շեշտը դրեց Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա, նկատելով, որ Վրաստանում իշխանության փոփոխությունը կարող է դրական ազդել այդ հարցի լուծման վրա:

Շատ ավելի երկար խոսեց պարոն Ռիժկովը պատմության եւ ապագայի մասին՝ հիշեց 1988թ. երկրաշարժը, որի արդյունքները վերացնելու համար ստեղծված շտաբի ղեկավարն էր, ապա անցավ նրան, թե որտեղ պետք է կայանա միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը: Այն կայանալու է Նիժնի Նովգորոդում, եկող հունիսին, երբ վերջնականապես կհալվեն Վոլգայի վրայի սառույցները եւ հնարավոր կլինի վայելել ռուսների մայր գետի հրապույրները: Նկատելով, որ մինչ այդ նիստեր են կայացել Սուզդալում, Վլադիմիրում եւ այլ քաղաքներում, պարոն Ռիժկովն ասաց, որ հայերը Մոսկվան մոսկվացիներից ավելի լավ գիտեն, դրա համար էլ իրենք ցանկանում են այլ քաղաքներում անցկացնել նիստերը, որպեսզի Ռուսաստանի մյուս հատվածներին էլ ծանոթանան մեր պատվիրակները:

Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի մնացյալ մասը փակ էր լրագրողների համար:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930