Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են պայմանավորվել Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը

Նոյեմբեր 06,2013 14:25

Անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի կարծիքով՝ Մինսկում Սերժ Սարգսյանը «ղազագիր» ստորագրեց

«Եթե հարցն այդ հարթության մեջ ենք դիտարկում, ապա Հայաստանի երեք նախագահներն էլ իրար ձեռք բռնած պետք է հեռանան»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածին, որտեղ նա հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի, ասաց մոսկվաբնակ  մեր հայրենակից, անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը: Նա ընդհանրապես այն կարծիքին է, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Հայաստանի օլիգարխները երբեւէ չէին ցանկանա հայտնվել ներկայիս իրավիճակում, երբ պետության հետ միասին վտանգված է նաեւ նրանց ունեցվածքը, ուստի կարծում է, որ պետք է սկսել հայոց նորագույն պատմության սրբագրումներից՝ իրականությունը մատուցելով հասարակությանը եւ ճիշտ փաստերի հիման վրա նոր պետություն ու հասարակություն կառուցելով. «Փախուստով ոչինչ չի որոշվում: Եթե Էնվերն ու Թալեաթն էին հետապնդվում, մի օր էլ իրենց կհետապնդեն: Կգան մարդիկ, ովքեր կբացահայտեն մինչ օրս խնամքով թաքցված իրականությունը»: Նրան զարմացնում է հայաստանյան քաղաքական այրերի կեցվածքը՝ մի մասը՝ տվյալ նախագահի թիմը, լռում է, իր թիմի կատարած սխալ քայլերի մասին այդ պահին չի խոսում, ավելին՝ փորձում է արդարացնել դրանք, իսկ մյուս մասը  միայն մեղադրանքներ է հնչեցնում: Այն, որ Հայաստանն այսօր նման ողորմելի վիճակում է, Խաչատրյանը համարում է հենց երեք նախագահների շրջապատի մեղավորությունը:

Ի՞նչն էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ունեցած ելույթի շեշտադրումների, ապա Մինսկում՝ ՄՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ դրսեւորած պահվածքի էական տարբերությունների պատճառը: Այս հարցի պատասխանը Արբակ Խաչատրյանն այդպես էլ չի գտնում: Թե Սերժ Սարգսյանի առջեւ Մինսկում ի՞նչ հարցեր էին դրվել՝ եւ որպես նախագահի, եւ իբրեւ անձի առաջ, ի՞նչ անձնական պայմանավորվածություններ ուներ նա ՌԴ նախագահի հետ, ի՞նչ խոստումներ կամ երաշխիքներ էր վերջինիցս ստացել, մեր զրուցակիցը նույնպես չի կռահում: Բայց մի բանում համոզված է. «Սերժ Սարգսյանը Մինսկում ղազագիր ստորագրեց»: Հիշեցնենք, որ Մինսկում ստորագրված փաստաթղթի համաձայն՝  Հայաստանը պարտավորվել է ձեռնպահ մնալ Մաքսային միության շահերին հակասող որեւէ հայտարարությունից եւ գործողությունից: Վերլուծելով Մինսկի հանդիպման արդյունքները՝ մեր զրուցակիցը հանգել է այն եզրակացության, որ նախ՝ ՌԴ-ում չկար մի ուժ, որը նախապատրաստեր նախագահի այցը, ապա դատելով Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հայտարարություններից՝ կլոր սեղանի շուրջ հնչած հարցերը պայմանավորված չէին, դրանք անակնկալ էին նաեւ ՌԴ նախագահի համար. «Ակնհայտ էր, որ ՌԴ նախագահն իր դաշտում տանուլ տվեց, նա էլ այդ հարցերին չէր սպասում: Թե ի՞նչ պայմանավորվածություն ուներ Սերժ Սարգսյանը Պուտինի հետ, որ լռեց՝ անհասկանալի էր: Ինչո՞ւ հարցադրումներ չարեց մի երկրի դեմ, որն Ադրբեջանին զենք է մատակարարել ու նման հարց է դնում: Ինքը պարզապես պետք է դուրս գար այդտեղից ու հեռանար: Ավելին, անգամ կոշտ տարրեր ներմուծեր Բելառուսի հետ հարաբերություններում»: Հիշեցնենք, որ խոսքը Բելառուսի նախագահ Ալ. Լուկաշենկոյի այն հայտարարության մասին է, որ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու համար պետք է հաշվի առնել նաեւ Ադրբեջանի շահերը: Հայաստանի հեղինակությունը փրկելու հնարավորությունները մեր զրուցակիցը դեռեւս իսպառ սպառված չի համարում: Բայց այժմ ՄՄ-ին անդամակցելու որոշումից հրաժարվելն էլ չի համարում, որ էական բան կփոխի Սերժ Սարգսյանի վարկի եւ Հայաստանի դերի իմաստով. «Դա նա պետք է աներ սեպտեմբերի 3-ին՝ իր հրաժարականով: Ես մի անգամ ասել եմ՝ եթե դու փոշու շոր ես, կապ չունի, թե ում հետ ես: Ասում են՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է… ի՞նչ կապ ունի՝ ինչի անդամ ես, եթե այն չի աշխատում: Նույնն էլ ՄՄ-ն՝ պարզ չէ, թե դա ի՞նչ է, բայց Հայաստանը պարտավորվում է նրա դեմ որոշումներ ու քայլեր չանել: Զավեշտ է ուղղակի»: Ստեղծված իրավիճակում Արբակ Խաչատրյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները պետք է լրջորեն մտածեն երկրից արտագաղթը կանխելու մասին ու կտրուկ քայլեր կատարեն այդ ուղղությամբ: Նա այն կարծիքին չէ, որ օլիգարխներին սնանկացնելով, նրանց ձերբակալելով ու ազատազրկելով հնարավոր է երկիրը ոտքի կանգնեցնել: Կողմ չէ նաեւ ընդդիմության տեսությանը՝ «դուք գնացեք՝ մենք գանք, մենք լավն ենք»: Սերժ Սարգսյանի հիմնական քայլն ու ներդրումը պետության փրկության գործին մեր զրուցակիցը համարում է այնպիսի հզոր ուժի ստեղծումը, որի հետ Հայաստանից դուրս էլ հաշվի կնստեն, եւ օլիգարխիկ համակարգի փոխակերպումը պետական համակարգով:

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով օրերս Մոսկվայի Լյուբլինո շրջանում ու Ռուսաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցած ազգայնականների «Ռուսական երթին» էլ՝ մեր զրուցակիցն ասաց. «Ազգայնական հարցը ժանտախտ է ամբողջ աշխարհում, եւ այն կանգնեցնելն անհնար է: Այդ մարդկանց մեջ արդեն արմատավորվել է «օտարի» նկատմամբ արհամարհանքը, դա նրանց արյան մեջ է արդեն, եւ էական էլ չէ՝ այդ «օտարը» թալանո՞վ է զբաղված, թե՞ արդար աշխատանքով»: Ինչպես հայտնել էր «Դոժդ» հեռուստաալիքը՝ «Լյուբլինո» մետրոյի մոտ «Ռուսական երթի» մասնակիցների մի խումբ հարձակվել էր կովկասցիների վրա, ազգայնականները նաեւ կոտրել են մետրոպոլիտենի մոտ կայանած մի քանի ավտոմեքենաների ապակիները: Մեր հարցին՝ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու պատրաստությունների շեմին ազգայնականների՝ կովկասցիների դեմ ուղղված նման ակտիվությունն ի՞նչ արձագանքներ կարող է բերել, մեր զրուցակիցն ասաց, որ այն մարդիկ, ովքեր կազմակերպում են նման շարժումները եւ օգտագործում են հավաքված մասսայի ատելությունը, հավանաբար տեղյակ էլ չեն զուգահեռ զարգացող քաղաքական իրադարձություններից: Ըստ նրա՝ պարզապես որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող հայաստանյան քաղաքական այրերն իրենց որոշումները կայացնելիս նաեւ նման բաները պետք է հաշվի առնեն: Թե մոսկովյան այս զարգացումներն ի՞նչ սպառնալիք են ներկայացնում այնտեղ ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած մեր հայրենակիցների համար, մեր զրուցակիցը, հղում անելով այն ոչ պաշտոնական հաշվարկներին, համաձայն որոնց՝ ՌԴ-ում այսօր բնակվում է մոտավորապես այնքան հայ, որքան ՀՀ-ում, ասաց. «Եթե մենք այդ ցավը մինչ օրս չենք բարձրացրել ու դրել մեր պետական այրերի առջեւ, որ աշխատատեղեր եւ նորմալ պետական համակարգ ստեղծեն, մյուս ցավերն, ինձ թվում է, այդքան էլ վտանգավոր չեն: Ռուսաստանում այսօր բնակվող եւ աշխատող հայերի համար դժվարությունները կավելանան, մասնավորաբար՝ կենտրոններից ստիպված կլինեն տեղափոխվել ծայրամասեր, կհարմարվեն այդ իրավիճակին եւ ավելի դժվար պայմաններում կաշխատեն»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930