Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանը գրավ է դրված

Նոյեմբեր 06,2013 14:23

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը սկսել է գործել 2010 թվականից: Ծրագրից կարող են օգտվել  18-30 տարեկան ՀՀ քաղաքացիություն ունեցող երիտասարդ ընտանիքները, որոնց ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը: ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ նշեց. «Պետությունը կսուբսիդավորի երիտասարդ ընտանիքներին տրվող վարկերը՝ ՀՀ մարզերում մինչեւ 4%,  իսկ Երեւանում՝ 2%»: Ըստ ֆինանսների նախարարության տեղեկատվության՝ մինչեւ 2013 թվականը վերաֆինանսավորվել է 1244 վարկ` 9.352,2 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 608 վարկ՝ 5.525,2 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երեւանում, իսկ 636 վարկ՝ 3.827,0 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում: Ծրագիրն ունի  դրական եւ բացասական կողմեր: Մի կողմից՝ 8%  տոկոսադրույքը նպաստավոր է, քանի որ պետությունը խթան է հանդիսանում, որպեսզի ծրագրի շրջանակներում՝ սովորական վարկի փոխարեն, որը կարող է կազմել մինչեւ 24%, բնակարան ձեռք բերել  8%  տարեկան տոկոսադրույքով, սակայն կա մեկ բաց կողմ: Վարկառուն, ով ցանկանում է ձեռք բերել բնակարան «Մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում, ապա պետք է վճարի 30%  կանխավճար, որն իր հերթին բազում խնդիրներ է առաջացնում: Հարցումներից պարզ դարձավ, որ այդ 30%  կանխավճարն ամենքը չէ, որ կարող են վճարել, որն էլ ծրագիրը, կարծես թե, կիսանպատակային է դարձնում: Բացի դա՝ բնակարան ձեռք բերելու համար քաղաքացին պետք է ներկայացնի աշխատանքային տեղեկանք, որտեղ նշված կլինի, թե որքան աշխատավարձ է նա ստանում: Այստեղ առաջանում է մեկ այլ խնդիր: Մարզի բնակիչը, գյուղինը հատկապես, ով միակ ապրուստի պայմանն է համարում սեփական հողը, ապա չի կարող ներկայացնել աշխատանքային տեղեկանք, քանի որ նրա մշակած հողերի դիմաց չկա վարձատրություն եւ դրանից հետեւություն՝ չկա նաեւ աշխատանքային տեղեկանք: Փաստորեն, այն, որ մարզի բնակիչը նույնպես կարող է ձեռք բերել մատչելի բնակարան՝ հեռու է իրականությունից: «Առավոտը»  հարցումներից պարզեց, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրում ընդգրկված երիտասարդ ընտանիքները չեն կարող լինել միայն պետական աշխատավարձով ապրողներ, քանի որ ամսական միջին հաշվարկով՝ կախված բնակարանի արժեքից, պետք է գնորդը վճարի 105.000 ՀՀ դրամ, որը նույնպես ամենքին հասանելի չէ: Երիտասարդ ամուսինները պետք է միասին վերցված ունենան  գոնե  350.000 ՀՀ դրամի եկամուտ, որպեսզի կարողանան եւ հագնվել, եւ սնվել, եւ կոմունալ վարձավճարներ տալ, եւ վարկ վճարել: Բարձրացված հարցի վերաբերյալ «Առավոտը»  զրուցեց  փաստաբան, «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրից օգտվող  Արթուր Թունանյանի (լուսանկարում) հետ, ով պատմեց, թե ինչ փորձությունների միջով է անցել, մինչեւ որ կարողացել է ընդգրկվել ծրագրի շրջանակում եւ ձեռք բերել բնակարան. «Ծրագրի շրջանակում ընդգրկվեցի 2011 թվականին: Գործարքը կատարել եմ «Կոնվերս» բանկի միջոցով: Սկզբում դիմել էի ՎՏԲ բանկ, սակայն այնտեղ մերժեցին եւ այդպես էլ պատճառը չհասկացա, թե ինչու: Բնակարանը ձեռք եմ բերել միայն 30%  կանխավճար թողնելով, որը կազմել է 4.800.000 ՀՀ դրամ: Վարկավորումը տրված է 10 տարի ժամկետով: Ամսական վճարում եմ 105.000 ՀՀ դրամ: Վճարում եմ նաեւ տարեկան 40.000 ՀՀ դրամ ապահովագրության վճար: Ինչ վերաբերում է նոտարական գործողություններին՝ բնակարան ձեռք բերելու հետ կապված, ապա ասեմ, որ այդ ամբողջ ծախսերը ես եմ կատարել եւ պետության կողմից ոչ մի աջակցություն չի եղել: Տրվել է բնակարանի սեփականության վկայական, սակայն այն ինձ մոտ չէ եւ ինձ կհանձնվի միայն այն դեպքում, երբ ես ամբողջ վարկը մարած կլինեմ: Այսինքն՝ բնակարանս գրավ է դրված եւ միայն ամբողջապես վարկը մարելուց հետո այն դուրս կհանվի գրավից»: Եթե Արթուրի մեջբերած տոկոսադրույքը հաշվարկենք, ապա ամսական 8%-ով կստացվի հետեւյալ պատկերը՝ նա միայն 50.000 ՀՀ դրամ վճարում է որպես տոկոսադրույք: Արթուրը հայտնեց, որ սկզբնական շրջանում թվում է, թե ցածր տոկոսադրույք է սահմանված, սակայն երբ սկսում ես վճարել, ապա զգում ես, թե ինչ ահռելի գումարի հետ ես գործ ունենում. «Առաջին հայացքից թվում է, թե  քիչ տոկոսադրույք ես վճարելու, եթե համեմատենք ծրագրի շրջանակից դուրս վարկ վերցնելուն, որի տոկոսադրույքը կարող էր կազմել նաեւ մինչեւ տարեկան 22%, սակայն, երբ վճարում ես, ապա նկատում ես, որ պետության կողմից սուբսիդացված 2%-ը չնչին գումար է կազմում, քանի որ վճարելով տարեկան 8%,  վերջում մեծ գումար է ստացվում»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ անկեղծացավ Արթուրը:

Ընդհանուր հարցումներից պարզ դարձավ, որ քաղաքացիների համար 8%  տարեկան տոկոսադրույքն ահռելի գումար է կազմում, որի փոխարեն կարելի էր ստեղծել ավելի հարմար պայմաններ՝ հասցնելով տոկոսադրույքը մինչեւ 4%-ի: Այդ դեպքում երիտասարդ ընտանիքները կարող էին ներգրավվել ծրագրի շրջանակներում եւ ձեռք կբերեին մատչելի բնակարաններ: Կա եւս մեկ խնդիր: Դրված է սահմանափակում՝ ծրագրից կարող են օգտվել 18-30 տարեկան երիտասարդ ընտանիքները: Այդ դեպքում հարց է առաջանում, ապա ի՞նչ անեն այն մարդիկ, որոնք, ենթադրենք, չեն համարվում երիտասարդ ընտանիքներ, օրինակ՝ 40-ից ավելի տարիք ունեցողները եւ որոնց գումարային տարիքը կարող է գերազանցել 60-ը:

Սա ծրագրի «բաց» կողմն է եւ այդ մասին հստակ սահմանում է պետք, քանի որ այդպիսի ընտանիքները կարող են լինել առավել կարիքավորներ՝ բնակարան չունեցողներ, որոնք դուրս են մնում ծրագրից:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930