Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ համերգ եւ ռոյալների բացակայություն

Նոյեմբեր 06,2013 14:13

Միջազգային մրցույթների դափնեկիրներ Սոֆյա Մելիքյանի ու Հայկ Մելիքյանի դիտարկումները

Համաշխարհային դաշնամուրային գրականության ընտիր նմուշներից են  Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Սեն-Սանսի, Դեբյուսիի, Ռախմանինովի եւ մյուսների երկերը՝ գրված 4 ձեռքի կամ 2, 3, 4 դաշնամուրների համար:

Հայաստանցի հանդիսատեսն առայժմ պետք է սահմանափակվի միայն 2 ռոյալի  համար գրված ստեղծագործություններով, քանի որ երեւանյան համերգասրահներում 2 եւ ավելի բարձրորակ ռոյալներ չկան: Այս մասին «Առավոտին» հաղորդեց մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը, որն այսօր  Գաֆեսճեան կենտրոնում կազմակերպել է երեկո՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ Սոֆյա Մելիքյանի (ԱՄՆ) եւ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մասնակցությամբ: Դաշնակահարները սոլո ստեղծագործություններից բացի, հանդես կգան նաեւ Բախի, Դեբյուսիի, Ռախմանինովի՝ 4 ձեռքի համար գրված ստեղծագործությունների կատարումով:

Այս դաշնակահարների բարձրակարգ արվեստին «Առավոտը» անդրադարձել է տարբեր առիթներով: Այնուամենայնիվ, դեռեւս հետաքրքրող հարցեր ունեինք, որոնք նախօրեին ուղղեցինք արվեստագետներին:

1994թ. Հայաստանից Իսպանիա  տեղափոխված եւ այնտեղ ուսում առած Սոֆյա Հակոբյանին հարցրինք, թե ի՞նչն է պատճառ հանդիսացել Իսպանիայից ԱՄՆ տեղափոխվելու: «Նախ սովորել եմ նաեւ ԱՄՆ-ում, հիմա բնակվում եմ Նյու Յորքում՝ ընտանեկան հանգամանքների բերումով»,- նշեց մեր զրուցակիցը, հավելելով, որ ամուսնացել է, ամուսինն էլ ջազմեն է: Սոֆյան  հատուկ նշեց, որ երեւանյան համերգի հրավերը ստանալով՝ աննկարագրելի երջանկություն է ապրել, մանավանդ որ պետք է հանդես գա Հայկ Մելիքյանի հետ: Նրա խոսքերով՝ «Փոքրաթիվ երաժիշտներ կան, որ ճիշտ են ընտրել իրենց՝ արվեստագետի ուղին եւ շարժվում են դրանով:  Հայկն ինձ համար  նման երաժիշտ է, էլ չասեմ, որ իսկապես վիրտուոզ»:

Վերջին շրջանում  երեւանյան մեկ-երկու ակումբներում կազմակերպվում են դասական երաժշտության երեկոներ, նույնիսկ Տիգրան Մանսուրյանն իր ստեղծագործությունները ներկայացրեց «Մեցցո» ակումբում: Հարցին, թե երիտասարդ դաշնակահարը չի՞ պատրաստվում Արեւմուտքի օրինակով համերգներ ունենալ նաեւ ակումբներում, Հայկ Մելիքյանը պատասխանեց. «Կար ժամանակ, որ հանդես էի գալիս The Club-ում եւ ճիշտն ասած՝ գոհ էի տիրող ակումբային մթնոլորտից եւ կազմակերպիչներից: Հիմա իմ մենեջեր Ալեքսանդր Հակոբյանի հետ ունենք մասշտաբային ծրագրեր, այդ թվում՝ նաեւ ձայնագրություններ, ինչն էլ  պատճառ է հանդիսանում ոչ հաճախ երեւալուն»:

Հայկ Մելիքյան կոմպոզիտորից հետաքրքրվեցինք նրա նոր ստեղծագործություններով եւ հարցրինք, թե մտադիր չէ՞ դառնալ ՀՀ կոմպոզիտորների միության անդամ: Հարցի երկրորդ «մասով» պատասխանեց նրա մենեջերը. «Հայկը ժամանակի սղության պատճառով նույնիսկ մեր կոնսերվատորիայում չի դասավանդում, իսկ տարբեր միություններին  ու միավորումներին, ինչպես նաեւ նման ինստիտուտներին անդամակցելուն դեռեւս հարկ չենք տեսնում: Գուցե հետագայում կգա շրջան, երբ Հայկը կընդունվի  Կոմպոզիտորների միություն… Այսօր եւ առաջիկա տարիներին ծրագրերն անասելի շատ են, բազմազան ու բազմաբնույթ»:

Անդրադառնալով կայանալիք համերգին, հիշեցրինք լատվիացի հանրահայտ դաշնամուրային դուետ Նորա Նովիկի եւ Րաֆֆի Խարաջանյանի, լեհ Տոմաշեւսկու եւ Կիսիլեւսկու մասին: Հիշեցրինք նաեւ  Սվյատոսլավ Ռիխտերի եւ Բենջամին Բրիտենի՝ Շուբերտի «Ֆանտազիաների»  անկրկնելի կատարումները, փաստեցինք նաեւ, որ վերջին շրջանում ընդամենը մեկ դեպք ենք արձանագրել Հայաստանում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Սեն Սանսի 2 ռոյալի համար «Կենդանիների դիմակահանդես» ստեղծագործությամբ դաշնակահարներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Լեւոն Ջավադյանի եւ Արտյոմ Աբրահամյանի հիանալի մեկնաբանումը: Հարցրինք՝ մերօրյա հայ կոմպոզիտորները ստեղծագործո՞ւմ են երկեր 4 ձեռքի կամ 2 ռոյալի համար, Սոֆյան հիշեց Խաչատրյանի, Հայկը՝ Բաբաջանյան-Հարությունյանի հանրահայտ «Հայկական ռապսոդիան», իսկ մերօրյա ստեղծագործողներից էլ հիշատակեց միայն Գեորգի Սարաջեւի անունը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930