Metallica-ն հաստատել է, որ պատրաստվում է ելույթ ունենալ Անտարկտիդայում: Խմբի համերգը կկայանա դեկտեմբերի 8-ին արգենտինական «Կարլինի» անտարկտիկական կայանի տարածքում: Ընդ որում, երաժշտությունը ունկդիրներին հասցվելու է ականջակալների միջոցով: Այս յուրօրինակ համերգի հանդիսատեսը կազմված կլինի մրցանակաբաշխության արդյունքում լատինաամերիկյան երկրներում ընտրված երկրպագուներից: Մրցանակաբաշխությանը, որը կանցկացվի Coca-Cola Zero-ի կողմից, կարող են մասնակցել երկրպագուներ Արգենտինայից, Չիլիից, Կոլումբիայից, Կոստա Ռիկայից եւ Մեքսիկայից: Հաղթելու համար մասնակիցները պետք է ցույց տան, թե ինչի են ընդունակ համերգին ներկա գտնվելու համար եւ կիսվել մտահղացումներով՝ գազավորված ըմպելիքի Twitter-ի էջում: Հաղթողներին տասնօրյա անտարկտիկական ծովագնացության տոմսեր կտրվեն, որը կմեկնարկի Հարավային Ամերիկայի ամենահարավային կետից` Կրակի Երկիր արշիպելագից դեկտեմբերի 3-ին: Ծովագնացության ընթացքում մասնակիցները ոչ միայն հնարավորություն կունենան տեսնելու մայրցամաքը, այլ նաեւ կմասնակցեն դասախոսությունների եւ շրջակա միջավայրի մասին տեղեկություններ կստանան: Դեկտեմբերի 8-ին ծովագնացության մասնակիցները կայցելեն «Կարլինի» կայանը՝ համերգին ներկա գտնվելու նպատակով:
Սա կլինի հարավբեւեռային մայրցամաքում երբեւէ կայացած երկրորդ համերգը: Անտարկտիդայում առաջին համերգը տեղի էր ունեցել 2007-ին, երբ կլիմայական փոփոխություններն ուսումնասիրող գիտական թիմի անդամներ հանդիսացող երաժիշտ-գիտնականներից կազմված Nunatak ինդի-ռոք խումբը ելույթ էր ունեցել բրիտանական «Ռոթերա» անտարկտիկական ուսումնասիրությունների գիտահետազոտական կայանում: Ընդ որում՝ Nunatak-ի հանդիսատեսը բաղկացած էր ընդամենը 17 հոգուց: Այդ համերգը Live Earth համերգաշարերի մաս էր, որոնք նպատակ ունեին բարձրացնել իրազեկությունը կլիմայական փոփոխությունների վերաբերյալ: Live Earth-ի շրջանակներում համերգներ էին անցկացվել երկրագնդի բոլոր մայրցամաքներում:
Metallica-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ խումբը, մասնավորապես, գրում է. «Խմբի գոյության 30 տարիների ընթացքում մենք անհավատալիորեն երջանիկ ենք եղել` հնարավորություն ունենալով այցելել երկրագնդի գրեթե յուրաքանչյուր անկյունը… բացառությամբ մեկի: Այդ ամենը ուր որ է կփոխվի, քանի որ մենք պատրաստվում ենք ճանապարհորդել Անտարկտիդա` միակ մայրցամաքը, որտեղ Metallica-ն դեռեւս չի նվագել: Մենք նվագելու ենք կայանի գմբեթի ներսում, – շարունակում է Metallica-ն, – եւ համերգը փոխանցվելու է հանդիսատեսին ականջակալների միջոցով, առանց որեւէ համերգային ուժեղացուցիչների: Սա իսկապես առաջին անգամ է մեզ համար»: Խումբը նաեւ հայտնել է, որ համերգը կցուցադրվի ինտերնետային հոսքի միջոցով Լատինական Ամերիկայում գտնվող երկրպագուների համար եւ կնկարահանվի` ավելի ուշ մնացած բոլորի համար ցուցադրվելու նպատակով:
Հայկական ռոք ասոցիացիա
«Առավոտ» օրաթերթ