Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորի «կադրային քաղաքականության» հերթական վերուվարը

Նոյեմբեր 06,2013 14:06

Էլեկտրաէներգետիկայի (ԷԷ) ամբիոնը հանդիսանում է Պոլիտեխնիկի հիմնադիր,  ամբիոններից մեկն է: Բոլոր ժամանակներում Պոլիտեխնիկի ԷԷ ամբիոնում սովորել ցանկացողների թիվը միշտ աճի միտում է արձանագրել, ինչը վկայում է մասնագիտության գերպահանջարկված լինելու մասին: Ներկայումս ԷԷ ամբիոնում դասավանդվում են ավելի քան 30 մասնագիտական առարկաներ բոլոր երեք կրթական ծրագրերի` բակալավրիատ, մագիստրատուրա եւ ասպիրանտուրա, մակարդակներով: Հետխորհրդային ժամանակաշրջանին գրեթե բոլոր տեխնիկական բուհերի նմանատիպ ամբիոններին բնորոշ պրոբլեմներով, Պոլիտեխնիկի ԷԷ ամբիոնում եւս կուտակվել էին որոշ խնդիրներ, որոնց լուծումն ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը կապում էր համալսարանի նորընտիր ռեկտոր Արա Ավետիսյանի հետ: Բայց ինչպես ասում է մեր ժողովուրդը նման դեպքերի համար` պարոն Ավետիսյանը «ունքը դզելու փոխարեն, տվեց աչքն էլ հանեց»:

Այն, որ ռեկտոր Ավետիսյանին ԷԷ ամբիոնի խնդիրները հուզում են ամենից քիչ, մեզ պարզ դարձավ  նրա՝ Պոլիտեխնիկ գալուց շատ արագ, երբ 2011թ. դեկտեմբերին լրացավ մեր ամբիոնի վարիչի պաշտոնավարման ժամկետը, որին պետք է հաջորդեր ամբիոնի վարիչի նոր ընտրություն, ինչը, որպես կանոն, իրականացվում է  2-3 ամսվա ընթացքում:

Ամբիոնին վերաբերող առաջին իսկ հրամանով ռեկտոր Ավետիսյանը թույլ տվեց Պոլիտեխնիկում հաստատված կանոնակարգային կոպիտ խախտում. առանց նշելով որեւէ ժամկետ, նա նշանակեց ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ ամբիոնի նախկին վարիչին: Հասկանալի է, որ այդ հանգամանքը չեր կարող չառաջացնել դժգոհություն՝ ինչպես մեր ամբիոնում, այնպես էլ Պոլիտեխնիկի էներգետիկական ֆակուլտետի կոլեկտիվում: Այդ դժգոհությունն արտահայտվեց նրանում, որ ԷԷ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարը երկու իրար հաջորդող էներգետիկական ֆակուլտետի նիստերում չի կարողանում հավաքել բավարար ձայներ՝ համալսարանի գիտական խորհրդի անդամ դառնալու համար: Այդ հանգամանքը չափազանց արտառոց էր ոչ միայն մեր ֆակուլտետի ողջ պատմությունում, այլ նաեւ Պոլիտեխնիկի ամբողջ 80֊ամյա կենսագրության մեջ, քանի որ դա նշանակում է, որ ամբիոնի ղեկավարը չի վայելում իր կոլեկտիվի վստահությունը, առավել եւս, որ ընտրության ժամանակ թեկնածուն մրցակից  չի ունեցել:

Ստեղծված իրավիճակում, մեր գործընկեր, ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն արեց, միգուցե, ամենաճիշտ որոշումը` նա ներկայացրեց դիմում ԷԷ ամբիոնի վարիչի պաշտոնակատար լինելուց հրաժարվելու վերաբերյալ: Թվում էր, թե ստեղծված իրավիճակում ռեկտոր Ավետիսյանը պետք էր, վերջապես, սկսեր շարժվել ըստ կանոնակարգի` հայտարարել ԷԷ ամբիոնի վարիչի պաշտոնի թափուր տեղի համար նոր մրցույթ: Այնուհանդերձ, ռեկտոր Ավետիսյանն այս անգամ եւս գերադասեց խախտել Պոլիտեխնիկի ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգը, ավելացնելով դրան իր արհամարհանքը դեպի ամբիոնի մասնագիտական բովանդակությանը, եւ ԷԷ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում մի անձի` պարոն Գեորգի Կարդաշյանին, որը բացարձակ կապ չուներ մեր ամբիոնում իրականացվող ոչ մի մասնագիտության եւ մասնագիտացման հետ: Պարոն Կարդաշյանը, որը, ի դեպ, էլեկտրատեխնիկայի մասնագետ է, ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո, պետք է վարեր մեր ամբիոնում դասավանդվող որեւիցե մի առարկա, սակայն անմիջապես առաջ եկավ նոր խնդիր, թե ինչ առարկա է նա դասավանդելու, քանի որ ամբիոնում իրականացվող դասընթացներից ոչ մեկին նա չի տիրապետում: Ստիպված, որոշ ուսումնական ժամաքանակ, իբրեւ «օժիտ», պարոն Կարդաշյանի նախկին ամբիոնից` «Էլեկտրատեխնիկա եւ էլեկտրաբանեցում» պետք է տեղափոխվեր մեր ամբիոն, նրան ուսումնական բեռ ապահովելու համար, որը տեղի չունեցավ: Եթե առաջին անգամ մեր ամբիոնի վարիչի պաշտոնի հետ կապված ռեկտոր Ավետիսյանի լուծումը զարմացրել էր մեր համալսարանից քչերին, ապա երկրորդ դեպքը` երբ ամբիոնի ղեկավար նշանակվում է մի անձ, որի մասնագիտությունը ուրեւէ կապ չունի ԷԷ ամբիոնի մասնագիտության հետ, արդեն մեր համալսարանում զարմացրեց շատերին:

Ռեկտոր Ավետիսյանի որոշումների վրա զարմանալու կամ չզարմանալու հանգամանքը ստեղծված իրավիճակում, միգուցե, այնքան էլ կարեւոր չէ, որքան այն, թե ինչպես պետք է իրականացնի ամբիոնը իր աշխատանքները, երբ այն ղեկավարում է մի անձ, ով չի տիրապետում ամբիոնի մասնագիտությանը եւ դասավանդվող առարկաներից ոչ մեկին: Երբ այդ մասին մենք մեր դժգոհությունը հայտնեցինք ռեկտոր Ավետիսյանին, նա իրեն բնորոշ ոչ հուզական կեցվածքով ասաց՝ «Եթե չգիտի, ապա կսովորի, ինչ ա եղել որ` դոկտոր մարդ ա»:

Հավանաբար Էլեկտրատեխնիկա եւ Էլեկտրաէներգետիկա մասնագիտությունների իրար մոտիկ լինելու շփոթմունքը, ինժեներական մասնագիտությունից հեռու ռեկտոր Ավետիսյանի մոտ առաջացել է պայմանավորված էլետրա բառով: Ինժեների տեսակետից, պարոն Ավետիսյանի նման նշանակումը ենթակա է հետեւյալ տրամաբանության. կենսաբանություն եւ հնէաբանություն մասնագիտությունների նույնականացումը պայմանավորված է բանություն վերջնամասով:

Պարոն Կարդաշյանին ԷԷ ամբիոնի վարիչի պաշտոնակատար նշանակելուց մոտ երեք ամիս անց ռեկտոր Ավետիսյանը, վերջապես, հայտարարեց սպասված մրցույթը, որին, բնականաբար, մասնակցելու ցանկություն հայտնեց ռեկտորի պրոտեժե` պարոն Կարդաշյանը: Ըստ ընդունված կարգի, մինչեւ համալսարանի խորհրդի վերջնական քվեարկությունը, ամբիոնի վարիչի թեկնածուի վերաբերյալ իրականացվում են քննարկումներ ամբիոնում եւ ֆակուլտետի խորհրդում: Հետագա շարադրանքի համար կարեւոր է նշել հետեւյալ հանգամանքը` թե ամբիոնի եւ թե ֆակուլտետի կողմից, ինչպես նաեւ մանդատային հանձնաժողովի կողմից պարոն Կարդաշյանի թեկնածությունը չերաշխավորվեց ամբիոնի վարիչի պաշտոնի համար: Այնուհանդերձ, այդ հանգամանքը եւս չկանգնեցրեց ռեկտոր Ավետիսյանին, իր որոշման մեջ պարոն Կարդաշյանին ամեն գնով ամբիոնի վարիչ դարձնելու համար: Համալսարանի գիտական խորհուրդն անցավ ռեկտորի աննախադեպ ճնշման ներքո, որի արդյունքում բավականաչափ կողմ ձայներ ստանալով, ամբիոնի վարիչ անցավ ռեկտորի դրածու պարոն Կարդաշյանը:     Պոլիտեխնիկում ռեկտոր Ավետիսյանի կողմից իրականացվող «կադրային քաղաքականության» վերուվարները` տեխնիկական բուհի քոլեջի տնօրեն ռուսաց լեզվի ուսուցչուհու նշանակելը, դրսի մարդուն ֆակուլտետի դեկան նշանակելը եւ այլն, սովորույթ դառնալու միտում ունեն: Մասնավորապես, մեր համալսարանում ֆակուլտետի դեկանի պաշտոնում նշանակվում է ռեկտոր Ավետիսյանի  մեձավորը, ըստ էության, մեր համալսարանի համար դրսի մարդ: Թե ինչ է նշանակում դեկան ասվածը յուրաքանչուր համալսարանի համար, կարծում ենք պարզաբանման կարիք չունի: Ասենք միայն, խախտվել են Պոլիտեխնիկի պաշտոնի նշանակման բոլոր կանոնակարգերը` ֆակուլտետը կարող է ղեկավարել առնվազն 10 տարի համալսարանում աշխատած անձը, որն առնվազն պետք է ճանաչի կոլեկտիվին եւ կոլեկտիվը նրան: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:

ՎԱԼԵՐԻ ԱԹՈՅԱՆ

Էլեկտրատեխնոլոգիայի բազային

լաբորատորիայի ղեկավար

ԷԷ ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու 

Պատրաստ ենք տպագրել նաեւ մյուս կողմի տեսակետը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930