ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն այսօր ՀՀ ազգային ժողովում գոհունակության խոսքեր հնչեցրեց Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշման կապակցությամբ:
Այս առթիվ «Առավոտը» պարոն Ռիժկովից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի՝ Մինսկում արած այն հայտարարությանը, որ մինչեւ Ադրբեջանի հետ հակամարտությունը չլուծվի՝ Հայաստանը չի կարող մտնել Մաքսային միություն: Պարոն Ռիժկովը հակադարձ հարց տվեց՝ «Եթե չեմ սխալվում, Լուկաշենկոն Բելառուսո՞ւմ է աշխատում»:
Ապա ասաց, որ դրական է գնահատում Հայաստանի մտադրությունը՝ մտնել Մաքսային միություն: Նաեւ ավելացրեց, որ անհնար է «եւ այստեղ, եւ այնտեղ» գտնվելը, ու նկատեց, որ Հայաստանի քաղաքական գործիչներից եւ ոչ մեկը չէր գնա այն բանին, որ կորցներ իր գործընկերոջը՝ հանձին Ռուսաստանի՝ «Մենք էլ չէինք գնա դրան», իսկ այն, որ բազմաթիվ հարցեր եւ խնդիրներ կան՝ այդ ճանապարհին, նա ընդունում է, բայց դրանք լուրջ պատճառ չեն կարող դառնալ:
Պարոն Ռիժկովից նաեւ հետաքրքրվեցինք՝ չէ՞ որ աշխարհում չկա նախադեպ, որ իրար հետ սահման չունեցող երկրները նույն Մաքսային միության անդամ լինեն, ինչպե՞ս պետք է լուծվի այդ հարցը: Պարոն Ռիժկովն ասաց, որ չգիտի, մասնագետները կարող են լուծել այդ հարցը, բայց նաեւ պնդեց, որ դա պատճառ չի:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ