Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգադավ հայրենասիրություն կամ կայքեր, որ ոչ ոք այլևս չի ուզում այցելել…

Նոյեմբեր 06,2013 13:44

Կարծես ավանդույթ է դառնում իմ կողմից արդեն իսկ որերորդ անգամ անդրադառնալ արատավոր մի երևույթի, որ այսօր առկա է մեզանում: Գտնվելով դե ֆակտո «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակում, անխոս, երկրի գլխավոր ուղղություններից է արտաքին քաղաքականությունը, և սա մեծ գաղտնիք չէ: Այսօր որոշ լրատվամիջոցների համար հայրենասիրությունը դարձել է բավականին յուրատեսակ ընկալմամբ մի հասկացություն, և տառացիորեն հայրենիքի համար այս կարևոր ուղղությունն ու նրա ղեկավարին ծաղրուծանակի առարկա սարքելն, ինքնին, շահեկան է միմիայն մեր հարևան երկրի համար: Այսօր Ադրբեջանը ծախսում է հսկայական գումարներ բացահայտ սուտ քարոզչության միջոցով Հայաստանի վարկանիշը քցելու համար, իսկ մենք ակամայից «նվերներ» ենք մատուցում նրանց՝ այդ գործում օգտագործելու համար: 

Որքան մեծ հարգանքով եմ մոտենում բազմակարծությանը և խոսքի ազատությանը, երբ իրական բովանդակային քննադատությունը ծնում է ճշմարիտ առողջ միջավայր և ապահովում առաջընթաց, այնքան էլ անընդունելի և անհասականալի է ինձ համար սին, սակայն ամպագոռգոռ, «սենսացիոն», հատկապես՝ ի ուրախություն հարևան երկրի արված արտահայտությունները և հրապարակումները:
«Քանի դեռ Հայաստանի արտգործնախարարին չեն ասել վայրենի», «Թշեր, որ ոչ ոք այլևս չի ուզում համբուրել կամ քաշել», «Նալբանդյանին այլ ինքնաթիռ են նստեցրել», «ԱԳՆ դուռը Նալբանդյանի համբույրին է սպասում», «Նալբանդյանին փակելու են», «Էդվարդ Նալբանդյանի լեզուն և հրաժարականը»: Սրանք վերնագրեր են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությանն ու անձամբ նախարար Նալբանդյանին վերաբերող և ապատեղեկատվության ու վիրավորանքի վրա հիմնված տողերից, որոնք համապատասխան լրատվական կայքը կայուն պարբերականությամբ հրապարակում է, ընդ որում նույն անձը նույն կայքում հանդես է գալիս տարբեր անունների (արական և իգական) տակ:
«Եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատասխանը, ապա, կարծում եմ, որ պատասխան չկա» – սա հատված է դեռևս այս տարվա սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովում արտգործնախարարի` լրագրողների հետ ճեպազրույցից: Թեև նախարար Նալբանդյանի խոսքերն այդ ժամանակ այլ թեմային էին վերաբերում,սակայն խիստ արդիական են նաև տվյալ դեպքում, երբ «լրագրական» գործունեությամբ զբաղվող մեկը (կամ երկուսը) իրեն իրավունք է վերապահում տեղին-անտեղին «քննադատել» ու վիրավորել պետական գերատեսչության աշխատանքն ու նրա ղեկավարին: Դիվանագիտությունը չի ենթադրում համարժեք ձևով պատասխանել էմոցիոնալ տարբեր աստիճանների վրա գտնվող ԶԼՄ-ների ներկայացուցիչների ցանկացած տեսակի հրապարակումներին: Խնդիրը կայանում է լուռ աշխատանքի և գործով արդյունքի հասնելու մեջ: Բացի այդ, արտաքին քաղաքականության աշխատանքի և բանակցությունների զգալի մասը հրապարակման ենթակա չէ, և միայն ապագայում կերևան գերատեսչության և նրա ղեկավարի գործունեության արդյունքները:
Ցանկացած գործում առողջ ու խելամիտ քննադատություն և խորհուրդ լսելը միմիայն դրական կարող է ազդել աշխատանքի վրա, սակայն անատամ ու անհիմն, բացառապես վիրավորանքի ու «քլիք» հավաքող վերնագրերով նյութերի հրապարակումը չի դիմանում որևէ փաստարկի և չի կարող տեղավորվել որևէ տրամաբանության մեջ, բացի նրանից, որ կոչվում է «դեղին ԼՐԱԳՐություն»: Այդպիսի տրամաբանությամբ շարժվողները կարող են «հսկայածավալ վերլուծություններ» գրել անգամ ԱԳՆ-ում լսված ճանճի տզզոցի վերաբերյալ: Հենց կայքի համար անհրաժեշտ լուրերն ու նորությունները սկսում են պակասել կամ չբավարարել, անմիջապես գործի են դրվում «իրազեկ և մոտ կանգնած աղբյուրի» ինստիտուտը կամ ֆուտուրիստական ու գիտաֆանտաստիկ դիտարկումների մեթոդը: Չեղած տեղից սկանդալներ ու ինտրիգներ որոնելը, ամենատարբեր պաշտոնյաների անձի շուրջ խարդավանքներ հյուսելը դարձել են սովորական վարքագիծ հայրենական ԶԼՄ-ներից շատերի համար, և դա լուրջ մտածելու տեղիք է տալիս: Ամենաթողությունն ու լկտիությունը չի կարելի խառնել խոսքի ազատության հետ:
Նմանատիպ վերջին օրինակն օրեր առաջ Երևանում՝ «Մարրիոթ» հյուրանոցում, ընթացող «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» միջազգային խորհրդաժողովին մի խումբ ակտիվիստների խորհրդաժողովի սրահ մուտք գործելն ու բողոքի ակցիա անցկացնելն էր: Միանգամից հայտնվեցին մեկնաբանություններ, թե ակտիվիստները տապալել են, վիժեցրել են խորհրդաժողովի բնականոն ընթացքը: Իրականում, սակայն, նույն այդ ակցիայի մասնակիցներն էլ իրենց հարցազրույցներում նշում էին, որ ազատորեն իրականացրել են իրենց ակցիան, իսկ խորհրդաժողովը որևէ ձևով չի ընդմիջվել և բնականոն հունով ընթացել ու ավարտվել է: Կողմնորոշվե՛ք, ուրեմն, պարոնա՛յք ԼՈՒՐ գրողներ, «սենսացիոն» վերնագրերը չեն կարող մշտապես աշխատել և արդարացնել իրենց: Ի դեպ նշեմ, որ օտարերկրյա մասնակիցները տարբեր տեղեր նշում էին, որ վերջիվերջո անհասկանալի էր, թե ինչ էին ուզում այն ակցիայի մասնակիցները: Ըստ իս՝ նրանք ցանկանում էին սուր արձագանք՝ օրինակ, որ իրավապահները նրանց դուրս հրավիրեին, դրանից առաջանար սկանդալ, աղմուկաղաղակ, և հաջորդ օրը բոլոր լրատվամիջոցները դրա մասին գրեին: Բայց նրանց որևէ մեկը չդիպչեց և այլընտրանքային պլանի բացակայության պարագայում նրանք անգործության մատնվեցին: Զարմանալ և ցավալ կարելի է, թե ինչքան չպետք է մարդ սիրի իր երկիրը, որ ամեն կերպ փորձի խայտառակել այն ուրիշի աչքերում, ինչքան անհայրենիք պետք է լինի մարդ, որ Հայաստանի մասին խոսելիս այն անվանի ֆաշիստական կամ ռասիստական, կամ ինչն ավելի վատ է՝ «այդ երկիր»: Թեև սա խոսակցության այլ թեմա է:

Նաիրա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լեյլի Ալեքսանյան says:

    <> ձև հայոց լեզվում որևէ կերպ կիրառելի չէ, ճիշտ ձևն է <>…

  2. Լեյլի Ալեքսանյան says:

    Չգիտեմ ինչու փակագծերի մեջ տեղադրված բառերը չկան…ամեն դեպքում խոսքս ՉԴԻՊՉԵՑ բառի մասին էր, որի փոխարեն պետք էր գրել ՉԴԻՊԱՎ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930