Դերասան Վարդան Պետրոսյանն այս պահին գտնվում է «Էրեբունի» բուժկենտրոնում, որտեղ անցնում է համակարգչային տոմոգրաֆիա. Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Դերասանին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով, քանի որ նրա մոտ սկսվել են ճնշման տատանումներ եւ շնչարգելություն: Բժիշկների հետազոտությունից հետո միայն պարզ կլինի՝ Վարդան Պետրոսյանին կհոսպիտալացնե՞ն, թե՞ ոչ:
Ըստ որոշ տեղեկությունների, այսօր դերասանին այցելել են ոստիկաններ` կալանավորելու համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Երեւան-Եղվարդ ճանապարհին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մեքենաներից մեկի 2 ուղեւորներ մահացել էին, մեկն էլ այս պահին դեռ հիվանդանոցում է: Վարդան Պետրոսյանի մոտ եղել էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, ինչի հետեւանքով փայծաղը հեռացրել էին: Դերասանն օրերս էր դուրս գրվել հիվանդանոցից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հետազոտությունից հետո որոշվել է, թե Վարդան Պետրոսյանը չի հոսպիտալացվելու եւ նա «Էրեբունի» բժշկական կենտրոնից» տարվել է Հոգեկան առողջության կենտրոն, որն ավելի հայտնի է «Սթրես» կենտրոն անվանումով: