«Փաստինֆո». ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, նոյեմբերի 21-ին կսկսվի ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով մեղադրանքի ու պաշտպանության կողմերի վերաքննիչ բողոքների քննությունը: Մեղադրանքի կողմն՝ ի դեմս տուժող Պարույր Հայրիկյանի, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, միջնորդում է բեկանել և փոփոխել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 23.09.2013թ. դատավճիռը` բավարարել տուժող Պարույր Հայրիկյանի քաղաքացիական հայցը և Վարդան Սեդրակյանից, Խաչատուր Պողոսյանից և Սամվել Հարությունյանից համապարտության կարգով հօգուտ տուժող Պարույր Հայրիկյանի բռնագանձել 43.424.000 ՀՀ դրամ :
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը միջնորդում է արդարացնել իր պաշտպանյալին, ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը միջնորդում է մասնակի բեկանել և փոփոխել հիշյալ դատավճիռը, իսկ անհնարինության դեպքում բեկանել և ուղարկել նույն դատարան` նոր քննության: Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը նույնպես միջնորդում է մասնակիորեն բեկանել և փոփոխել դատավճիռը, սպանության փորձ կատարելու մեղադրանքի մասով ամբաստանյալի արարքին տալ քրեաիրավական ճիշտ գնահատական և նրա նկատմամբ սահմանել արդարացի պատիժ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում