Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավորները հանդիպել են Վլադիմիր Գասպարյանին (Տեսանյութ)

Նոյեմբեր 06,2013 13:16

Այսօր «Մեդիա-կենտրոնում» լրագրողները ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից, որը նույն խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հետ երեկ երեկոյան եղել էր Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում, հետաքրքրվեցին`ոստիկանությունը խախտե՞լ էր օրենքով սահմանված երեք ժամը բերման ենթարկվածների համար, օրինակա՞ն էին այն գործողությունները, որոնք արդեն ոստիկանության բաժնի ներսում են եղել` քաղաքացիներին բերման ենթարկելուց հետո:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ինքն ու Արամ Մանուկյանը մեկնել են Կենտրոնի ոստիկանության բաժանմունք այն բանից հետո, երբ տեղեկատվություն եղավ, որ նաեւ բազմաթիվ անմեղ մարդկանց են բերման ենթարկել: Ըստ բանախոսի, ոստիկանները հատկապես, կարծես թիրախավորել էին այն ակտիվիստներին, ովքեր վերջին շրջանում տարբեր ակցիաների ժամանակ շատ ակտիվ են եղել: Ասաց, որ բերման ենթարկվածների մեջ կային նաեւ ՀԱԿ կուսակցության երեք անդամ, որոնց լավ ճանաչելով ու նրանց հետ խոսելուց հետո համոզված է, որ նրանք որեւէ հակաիրավական բան չէին արել:

Մինչ Կենտրոնի ոստիկանապետի հետ հանդիպումը, պատգամավորները դրսում հավաքված ակտիվիստներից ճշտել են անօրինական բերման ենթարկվածների ցուցակը, որը ներկայացվել է Կենտրոնի ոստիկանապետին: Վերջինս, ըստ Զուրաբյանի, շատ բարյացակամ էր, պատրաստ էր քննարկել կոնկրետ մարդկանց հետ կապված հարցեր. «Բայց հետո, երբ ոստիկանապետը եկավ, այցելեց բաժանմունք, իրավիճակը կտրականապես փոխվեց եւ դա շատ ակնհայտ էր: Այլեւս ոչ մի նորմալ բացատրություն մեզ չէր տրվում, մեզ խոստացել էին, որ մինչեւ մեկ ժամվա ընթացքում կկարողանանք տեսակցել բերման ենթարկվածների հետ. Այդ հնարավորությունից անմիջապես զրկեցին: Մեզ այլ ելք չմնաց, քան անմիջապես պահանջել հանդիպում ոստիկանապետի հետ: Այսպես ասեմ, որոշակի համառության, նույնիսկ սահմաններ անցնող համառության դրսեւորումից հետո, մեզ հաջողվեց հանդիպումն ունենալ»:

Պատգամավորները ոստիկանապետին են ներկայացրել այն տասնմեկ մարդկանց ցուցակը, որոնք որեւէ հակաիրավական գործողություն չեն կատարել, բայց բերման են ենթարկվել: Դա, իհարկե, ամբողջական ցուցակը չէ, բայց այդ պահին դա է եղել պատգամավորների ձեռքի տակ: Արդյունքում, որեւէ հակաիրավական գործողություն չկատարած բոլոր անձինք ազատ են արձակվել, բայց եթե կան ինչ-որ մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, մնացել են, ՀԱԿ պատգամավորները կզբաղվեն այդ հարցով:

Հարցին` այս իրադարձությունը կարո՞ղ է դառնալ ՀԱԿ-ի եւ առհասարակ քաղաքացիական իրավիճակի ակտիվացման պատճառ, Զուրաբյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ը երբեք առիթը չի օգտագործում. «Մեր հանրահավաքները կապված են եղել հստակ քաղաքական գործընթացների հետ»: Որ քաղաքական գործընթացը հասունանում է՝ Զուրաբյանն ակնհայտ է համարում ու վստահեցնում է, որ ՀԱԿ-ը ճշգրիտ ձեռքը պահում է պուլսի վրա:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930