Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյան. «Գյումրեցիներն իմ անունով են երդում ուտում»

Նոյեմբեր 06,2013 12:57

Հատված Գյումրու նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ հարցազրույցից: 
   –Պարոն Ղուկասյան, ոչ միայն մամուլից, այլեւ գյումրեցիներից տեղեկացանք, որ դուք «նոր քաղաքապետարան» եք բացել, այնտեղ հավաքել ձեր մտերիմներին: Նպատակ ունեք այլընտրանքային իշխանությո՞ւն ձեւավորել:
   -«Նոր քաղաքապետարան բացե՞լ»՝ դա ի՞նչ հասկացողություն է: Նման բան չկա: Նոր քաղաքապետարա՜ն, բա՜ն, դրանք անցած էտապներ են: Զարմանալի է… Գիտե՞ք, թե ինչ է ասել Ավետիք Իսահակյանը, ասել է՝ ես սեղանի որ կողմում էլ նստեմ, ուրեմն էդ կողմն էլ գլուխն է համարվելու…
Դուք ձեզ մեծ վարպետի հետ համեմատեցիքուզում եք ասել քաղաքի գլուխը այնտեղ է, որտեղ Ղուկասյա՞նն է:
   -Ուզում եմ ասել՝ որտեղ էլ գնամ իմ բարեգործություններով, իմ աշխատանքով էս ժողովրդին տեր եմ լինելու: Ու նոր քաղաքապետարան բացելու մասին, հավանաբար, այս հարթության մեջ է խոսվել:
Ինչ վերաբերում է վարպետի հետ համեմատվելուն` չէ՜, ես ո՞վ եմ, որ Իսահակյանի հետ համեմատվեմ: Անհարմար է, որ ես նման բան ասեմ կամ մտածեմ: Չնայած պետք է ուզենանք ու ձգտենք նմանվել մեր մեծերին, դա ինչքա՜ն մեծ բան կլինի հայոց ազգի համար:

…   Նոր քաղաքապետարանի ստեղծումն էլ է հորինվածք: Ասում եք, թե լուրը տարածվել է մամուլով, մամուլն ինքն իրեն գրում է ու խոսում: Ինձ ոչ մի թերթ, ոչ մի լրատվություն չի հետաքրքրում, քանի որ այսօրվա լրատվական կառույցները բոլորն աղավաղված են, մինչեւ գլուխներն ընկղմված քաղաքականության մեջ ու թելադրվող, դրա համար ես ոչ մի լրատվամիջոց չեմ ընդունում:
Այ, եթե մեր երկրում տեսնեի իրական, թափանցիկ գեթ մեկ լրատվական կառույց՝ անպայման նրա կողքին կլինեի: Իսկ այսօրվա մամուլը, հեռուստատեսությունը կուսակցական պատկանելություն ունեն: Գնացեք ու լրագրողներիդ մասին հարցրեք ժողովրդին՝ նույնը կասեն:
Ձեր վրդովմունքի պատճառը, իհարկե, հասկանալի է. Վարդան Ղուկասյան քաղաքապետը, անձը, նրա ընտանիքի անդամները երկար ժամանակ է, ինչ գտնվում են մամուլի ու էլեկտրոնային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, բայց դրա մեղավորն ամենեւին էլ լրագրողները չեն: Ըստ ձեզ, կատարված ողբերգական դեպքերը, սպանություններն ու հանցագործությունների շղթան հորինվա՞ծք է:
-Հա, էդ սարքած էր, ու հենց քաղաքական թեւերի կողմից էր պատվիրված: Երբ ինձ խփեցին ու 4 հոգի մահացավ, աշխարհի չեմպիոն տղերք էին, բարեպաշտ մարդիկ, ինչո՞ւ այս մասին մեկ անգամ չի արծարծվում, փեսայիս տարան, սպանեցին, իսկ այն, ինչ եղավ այս դեպքերից հետո՝ նախկինում կատարվածի հետեւանքներն էին: Լավ իմացեք, դիտավորյալ իրար դեմ հանեցին երկու ուժերի, որ խփեն իրար, իրենք էլ ճողոպրեն: Սրանք ցավալի հիշողություններ են, ու սրանց մասին ինձ հարցեր մի տվեք, որովհետեւ կատարվածը սատանայություն էր:
Իսկ ինձ ու ընտանիքիս անդամներին լրատվամիջոցները չգիտեմ, թե ինչ են դարձրել: Եկեք Գյումրի, պտտվեք, հարցրեք ու կհամոզվեք, որ գյումրեցիներն իմ անունով են երդում ուտում: Իսկ դուք՝ լրատվամիջոցներդ, ապակողմնորոշում եք, դրա համար էլ գյումրեցիները լրագրողներիդ չեն սիրում: Եթե դուք բռնանում եք ժողովրդի կարծիքի վրա ու ապատեղեկատվություն եք տարածում, ժողովուրդն էլ ձեզանից զզվում է:
Հիմա ինձ հետ խոսելուց հետո համոզվեցի՞ք, որ նոր քաղաքապետարան բացելը հերթական լրատվական փուչիկն է, ցնդաբանություն: Երկրի կարեւոր խնդիրները թողած՝ իմ հետեւից ընկածներին մի հարց տվեք՝ ի՞նչ եք ուզում էդ մարդուց, ինչի՞ եք ընկել նրա հետեւից: Էդ ի՜նչ վախ կա նրանց մեջ, որ ինձ չեն թողնում, տեսնես ինչի՞ց են վախենում, ինչի՞ց են ընկնավորված:
Շատ անգամ են գյումրեցիներն անկեղծացել, որ վախենում են ղուկասյանների մաֆիայից: Չե՞ք կարծում, որ ձեր պաշտոնավարման տարիներին իրականացրած սխալների մեջ պետք է փնտրեք ձեր իսկ հարցերի պատասխանները:
   -Հարցերիս պատասխանները ես շատ լավ գիտեմ. ինձնից վախենում են, որովհետեւ իմ խոսքն անցնում է ժողովրդի մոտ: Ժողովրդական մարդկանց չեն սիրում, ում հետեւից կգնա ժողովուրդը, էդ մարդուն կվարկաբեկեն, հանցագործ կսարքեն, գաղութ կգցեն, ցավս էս է:
Ոչ մի ընտրություններում որեւէ կուսակցություն ինձ չի պաշտպանել ու մինչ օրս չի պաշտպանում, նույնիսկ պահ է եղել, երբ բոլոր կուսակցություններն են իմ դեմ դուրս եկել, ու դեռ ՀՀՇ-ից սկսած, բայց բոլորը պարտվել են: Չնայած ես ոչ գումարներ եմ բաժանել, ոչ էլ ընտրակեղծիք արել, բայց ժողովուրդը գնացել ու ինձ է ընտրել: Դուք նման բան լսե՞լ եք, քանի՞ հոգու եք էս երկրում ճանաչում, որ արդար ընտրվի. դե հիմա ինքներդ եզրակացրեք՝ ժողովուրդը ինձ հարգո՞ւմ է, թե՞ վախենում:
-Այսօր ամբողջովին հեռացե՞լ եք քաղաքականությունից: Բնույթով ակտիվ մարդ եք ու մի քիչ դժվար է հավատալ, որ Վարդան Ղուկասյանը…
-Հա, հա, Ղուկասյանը երկիր է կառուցում: Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցին, որ Անիի Մայր տաճարի կրկնօրինակն է, վերակառուցել եմ, արդեն հասել եմ խաչի տեղադրմանը, թողեք հանգիստ տեղադրեմ, վերջացնեմ:
Նաեւ ստեղծում եմ աշխատատեղեր, գրքեր եմ տպագրում, մարդկանց տեր եմ լինում, քյասիբներին ու հիվանդներին օգնում եմ: Գնեցի Հովհաննես Թումանյանի տունը՝ Թիֆլիսում, բայց մի օր անունս չտվեցիք, գիտե՞ք, որ բանկից վերցրած վարկով եմ գնել:
Իսկ այսօր ես ապրում եմ իմ աշխատանքով ու իմ հոգեվիճակով եւ մի խնդրանք ունեմ բոլորից ու լրատվամիջոցներից՝ հեռու մնացեք ինձանից, ինչքան ձեզնից հեռու, էնքան Աստծուն մոտիկ:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930