«Ակնհայտ է, որ երկիրն այս ռեժիմը հասցրել է մի անելանելի վիճակի, որ շատերն այլևս այլ ելք չեն տեսնում, քան ծայրահեղական, ապօրինի միջոցներով փորձել այս երկիրն ազատել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն`անդրադառնալով երեկ Երեւանի կենտրոնում տեղի ունեցածին:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի երեկ`դեպի նախագահի նստավայր կազմակերպած երթն ավարտվեց ծեծկռտուքներով: Կան տուժածներ:
Կատարվածի պատասխանատուն, ըստ բանախոսի, առաջին հերթին Սերժ Սարգսյանի ղեկավարած ռեժիմին է: Լեւոն Զուրաբյանը գտնում է, թե մարդիկ ստիպված են դիմում ծայրահեղ միջոցների, քանի որ տեսնում են, որ օրինական ձևով հարց լուծելու բոլոր ճանապարհները փակված են: Այս իմաստով, Զուրաբյանի համար երեկ կատարվածը զարմանալի չէր. «Սա այսօրվա ռեժիմի լավագույն բնորոշումն է»:
Պատասխանելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ երեկ երեկոյան այս թեմայի շուրջ սոցցանցերում թեմայի քննարկումները նաեւ այն ուղղությունն ունեին, որ եթե իրական ընդդիմությունն ակտիվ լիներ եւ իր տեղում լիներ, նման բաներ չէին լինի, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ նախ իրական ընդդիմությունը երբեք իր ակտիվությունը չի կորցրել. «Մենք 2007-ից համաժողովրդական շարժում ենք ստեղծել, այս ընթացքում եղել են ակտիվության տարբեր աստիճաններ` 2009-ին, 2012-ին ունեցել ենք ժամանակաշրջաններ, երբ ակտիվ հանրահավաքներ չեն եղել ու դա չի խանգարել, երբ քաղաքական գործընթացները հասունացել են: Մենք ունեցել ենք այնպիսի հանրահավաք, ինչպիսին էր 2011-ի մարտի 17-ի հանրահավաքը, որն առանց չափազանցության՝ ամենահզոր հանրահավաքն էր Հայաստանի պատմության մեջ: Բայց դրանից առաջ՝ մեզ մեղադրում էին պասիվության մեջ, որ ընդդիմությունը քնել է: Երևի մենք վատ ենք սովորեցրել մարդկանց, մենք սովորեցրել ենք բազմահազարանոց հանրահավաքների ու երևի մարդիկ սա համարում են սովորականին երևույթ»:
Կարդացեք նաև
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք`ՀԱԿ-ը, շատ ակտիվ է, լինելու է հանրահավաքային նոր ալիք ու մեջբերեց Լևոն Տեր-Պետրոսյանին, որը վերջին հոդվածում գրել էր, թե Սերժ Սարգսյանն անելու ոչ մի քայլ չունի ու նրա հրաժարականն էլ այլընտրանք չունի:
ՀԱԿ քաղխորհրդի անդամ Վահագն Խաչատրյանն էլ ասաց, որ նման դրսեւորումները կարող են դառնալ սովորական երևույթ, քանի որ իշխանությունը չի ցանկանում ոչինչ փոխել, հետեւաբար, նման պատասխան է ստանում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ