Գաղտնիք չէ, որ ԼՂ հիմնահարցը կարեւորագույն լծակ է Մոսկվայի ձեռքերում` ճնշելու ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Եթե Երեւանը, հայտնելով Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին, այլեւս «ճնշման ենթակա չէ», ապա Բաքուն շարունակում է մնալ Մոսկվայի թիրախում: Գաղտնիք չէ նաեւ, որ Հայաստանը, որպես առանձին միավոր, սուբյեկտ, երբեք հետաքրքրական չի եղել Մոսկվայի (կենտրոնի) համար. Մոսկվային մշտապես հետաքրքրել են Հայաստանն ու Ադրբեջանը` միասին վերցրած: ԵՄ-ի պարագայում էլ այսպես է, չնայած Հայաստանը իր եվրոպականացման գործընթացի մեջ էականորեն ավելի առաջ էր Ադրբեջանից, սակայն Եվրոպայի խորհուրդը իր դռները մեր երկրի առջեւ բացեց միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն էլ քիչ թե շատ պատրաստ էր անդամակցելու ԵԽ-ին:
Այսինքն, Հայաստանից` Մաքսային միությանը միանալու որոշումը «ստանալուց» հետո Մոսկվան այսօր «աշխատում է» Բաքվի ուղղությամբ, եւ Ղարաբաղի հարցը այս առումով հրաշալի կռվան է: Պատահական չէ, որ Հայաստանի «այո»-ից եւ Բաքվի լռության համապատկերում Մոսկվայում ոչ միայն փորձագիտական մակարդակով սկսեցին շատ լրջորեն խոսել Ղարաբաղը կամ Ռուսաստանի կազմում ներառելուն, կամ ՌԴ-ի հովանու տակ վերցնելու, կամ էլ առանձին Մաքսային միությունում ընդգրկելու մասին: Այս համատեքստում պակաս ուշագրավ չհնչեց Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռոզինսկու հարցազրույցը` ռուսական «Կրասնայա Զվեզդա»-ին, որտեղ զորահրամանատարը հայտարարեց. «Ադրբեջանի կողմից Ղարաբաղն իրեն ուժով ենթարկելու ցանկացած փորձի ժամանակ 102-րդ ռազմական բազան, ելնելով Հայաստանի հետ իր, այդ թվումՙ ՀԱՊԿ դաշնակցային պարտավորություններից, կներառվի ռազմական գործողությունների մեջ»: Սա նշանակում է, որ Ռուսաստանը իր թեկուզ մեկ ռազմական բազայի միջոցով Ղարաբաղն առնում է նաեւ իր հովանու ներքո, ինչը չի կարող ճնշում որպես չդիտարկվել` Բաքվի հանդեպ:
… Ինչեւէ, ինչպես ավելի վաղ ենք արդեն նկատել, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման կարեւորության հետ կարեւոր է նաեւ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Եթե Ադրբեջանը «մեզ հետ է», մենք ունենալու ենք խնդիրներ, եւ գուցե «որոշ հարցեր լուծվեն ռազմական միջամտությամբ», եթե Բաքուն չի միանում Մաքսային միությանը, ապա Մոսկվան նաեւ ԼՂ-ն կառնի իր հովանու ներքո եւ կրկին գուցե «որոշ հարցեր լուծվեն ռազմական միջամտությամբ»: Եթե, իհարկե, Մաքսային միությունը, որպես աշխարհաքաղաքական գործոն, ի վերջո կայանա, եւ Հայաստանին այնտեղ ընդունեն:
Հովիկ ԱՖՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում