Ինչ խոսք, հեղափոխությունն անհրաժեշտ եւ սպասված գործընթաց է հարյուր հազարավոր քաղաքացիների համար։ Միանշանակ է նաեւ, որ ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը բոլոր իրավունքներն ունի հեղափոխական շարժում սկսելու եւ իրեն շարժման ղեկավար հռչակելու համար։ Նաեւ միանգամայն նորմալ է՝ ոմանք կարող են նախաձեռնությունը լուրջ համարել եւ միանալ դրան, իսկ ոմանք էլ՝ անհեթեթ ու զավեշտալի համարեն սկսված շարժումն էլ, դրա լիդերին էլ, հետեւորդներին էլ։ Ոստիկանության պահվածքն էլ առանձնապես նորություն չէ։ Ուրեմն՝ հարց է առաջանում՝ ո՞րն է իրավիճակի առանձնահատկությունը։
Բանն այն է, որ վերջին մեկ– երկու տարում առողջ ու անկեղծ մարդկանց նախաձեռնությունները ինչ-որ շրջանակների թեթեւ ձեռքով վերածվում են անլուրջ եւ անհասկանալի ակցիաների, եւ դրանք՝ իրենց անլրջությամբ ու թեթեւությամբ դառնամ են քաղաքական օրակարգի առաջնային քննարկվող նյութը՝ հետին պլան մղելով կարեւոր ու առաջնահերթ խնդիրները։ Օրինակ՝ «Հարսնաքարի» ակցիան «քաղաքացիական ակտիվիստների» նախաձեռնությամբ վերածվեց օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի տան վրա հարձակման փորձի, ինչի արդյունքում բազմաթիվ նորմալ քաղաքացիներ «յան տվեցին» գործընթացներից՝ խաժամուժին «նախաձեռնողականությանը» թողնելով շարժման ճակատագիրը։
Նույնը եղավ դրանից առաջ՝ Մաշտոցի պուրակի պատմության շրջանակներում։ Գրեթե նույն սցենարով զարգացան դեպքերը տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ժամանակ։ Այսինքն՝ հայտնվեցին մարդիկ, որոնց «արհեստական պայմաններում աճեցրել» էին նախագահականում, եւ նրանց ներգրավումը շարժումներում ոչ միայն կարող էր վանել նորմալ քաղաքացիներին, այլ նաեւ Բաղրամյան 26-ում ծրագրված դեպքերի զարգացման որոշակի սցենար ապահովել։
Երեկվա իրադարձությունների ժամանակ ակտիվ էին այն «քաղաքացիական ակտիվիստները», որոնք «աճեցվել» են նախագահականում, ովքեր բացառապես հայտնվել են այն «պրոյեկտների» մեջ, որոնք մշակված են եղել Բաղրամյան 26– ում։ Այս «քաղաքացիական ակտիվիստներին» լայն հասարակությունը չի էլ ճանաչում, նրանց անունները ոչինչ չեն էլ ասի ֆեյսբուքից դուրս ապրող մեր հայրենակիցներին։ Բայց սրանք այն տարրերն են, որոնք կարող են փչացնել ամեն ինչ. նրանց հայտնությունը իքս միջավայրում կամ ակցիայի շրջանակներում նշանակում է, որ գործընթացը վերահսկելի է դարձել, եւ ուրեմն՝ կանխատեսելի է դրա ավարտը։
Կարդացեք նաև
Երեկ ակնհայտ դարձավ, որ «քաղաքացական ակտիվիստ» աշխատողները կարող են վտանգավոր լինել նաեւ առողջության համար։ Որպեսզի հեղափոխական նախաձեռնությունները «օրորոցում չխեղդվեն» (արտահայտության հեղինակային իրավունքը պատկանում է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին–Գ.Վ.), ուրեմն օր առաջ պետք է սկսել պայքարը «քաղաքացիական ակտիվիստ» կոչված տեսակի դեմ։ Եթե միանգամից չեք կարողանում հասկանալ՝ ձեր դիմացինը քաղաքացի է, թե՞ «քաղաքացիական ակտիվիստ», ապա նայեք նրա պայքարի անցած ճանապարհին։ Ի տարբերություն քաղաքացու՝ «քաղաքացիական ակտիվիստը» «աշխատել– պայքարել» է բացառապես իմիտացիոն գործընթացների շրջանակներում, եւ նրա պայքարր ավելի շուտ հակապայքար է եղել։ Իսկ հակապայքարի առաջամարտիկներով հեղափոխություն անելը ուղղակի թիթիզություն է եւ ոչ ավելին։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում