Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազդեցությունների մրցավազք նաեւ Ղարաբաղյա՞ն «ճակատում»

Նոյեմբեր 06,2013 12:10

Մոսկվան բանակցային ռաունդի վերջին շրջանի ակտիվացման փորձերը ձգտում է պահել իր ազդեցության «ծիրում»

Երկուշաբթի օրվանից Բաքվից մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: Երեկ համանախագահները Երեւանում էին։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը համանախագահները ԱԳ նախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող շարունակական հայտարարությունների եւ վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ դրանք վնասում են խաղաղ գործընթացի առաջ մղմանը: Համանախագահները հանդիպել են նաեւ Սերժ Սարգսյանին, նրանք քննարկել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ շուրջ երկու տարի տեւած ընդմիջումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպելու են, Իգոր Պոպովը նշել է, որ Բաքվում կայացած բանակցություններում քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցն էլ: «Ձեր հարցին, թե նախագահները ինչո՞ւ են մտադիր հանդիպել, հետեւյալը պատասխանեմ՝ գիտեք, որ մոտ երկու տարի շփումներն իրականացվում էին արտաքին գործերի նախարարների մակարդակով, մշակվում էին առաջ շարժվելու բազմաթիվ տարբերակներ: Այժմ մեր կարծիքով, որը սկզբունքորեն կիսում են նաեւ արտգործնախարարները, ժամանակն է հանդիպում անցկացնել բարձր մակարդակով, որպեսզի, այսպես ասած, ճշտենք ժամացույցները, հստակեցնենք դիրքորոշումները եւ կողմնորոշվենք, թե հետագայում ինչպես պետք է աշխատենք»:

Ի.  Ալիեւի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումից հետո Պոպովը հայտնել էր, թե պլանավորված է նախագահների մասնակցությամբ հանդիպումը կազմակերպել մինչեւ տարեվերջ: Պոպովն ընդգծել էր, որ Ալիեւը համաձայնվել է նախագահների հանդիպում անցկացնելուն:

Համանախագահների տարածաշրջանային այցի նպատակը, այսպիսով, նախագահների հանդիպման կազմակերպումն է, եւ եթե հաջողվի այն մինչեւ տարեվերջ անցկացնել, ապա կնշանակի, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, ըստ էության, փակուղում հայտնված կարգավորման գործընթացում վերջապես գոնե նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպվեց:

Ի դեպ, ուշագրավ է, որ մինչ հանդիպման անցկացումը՝ Բաքուն արդեն իսկ սկսել է դիրքերը «ամրապնդելը»: Համանախագահների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուս համանախագահ Իգոր Պոպովից պարզաբանումներ է պահանջել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի հայտարարության առիթով, թե՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ ուժի գործադրման դեպքում ռուսական ռազմաբազան կարող է ներգրավվել ռազմական գործողություններում: Հասանովը ասել է, որ այս հայտարարությանը պաշտոնական արձագանք է անհրաժեշտ, իսկ ռուս համանախագահը չի բացառել, որ հնարավոր է՝ խնդիրը թյուրիմացության արդյունքում է ծագել, եւ խոստացել է «զբաղվել այդ հարցով»:

Վերջին օրերին հաճախակի բնույթ են ստացել ադրբեջանական կողմից Հայաստանի ուղղությամբ արձակված կրակոցները, գնդակոծվում են Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերն ու ռազմավարական նշանակություն ունեցող միջպետական ճանապարհները։ Սա, թերեւս, բանակցություններից առաջ Բաքվի կողմից կիրառվող գործիք է՝ շփման գոտում լարվածության նվազման ու վստահության միջոցների զարգացման խնդիրների  ուղղությամբ նոր պահանջներ ու դժգոհություններ ներկայացնելու համար:

Բայց Մոսկվան ինչ-ինչ նպատակ հետապնդելով՝ ԼՂ պատերազմով, կարծես, սկսել է կողմերին վախեցնելու քարոզչություն վարել: Վստահաբար ունենալով իր հաշվարկները՝ Մոսկվան բանակցային ռաունդի վերջին շրջանի ակտիվացման փորձերը ձգտում է պահել իր ազդեցության «ծիրում», հավանաբար նաեւ Արեւմուտքի կողմից ԼՂ հարցում առաջընթացի եւ խաղաղ կարգավորման հնարավորությունները նվազեցնելով:

Նախօրեին ռուս քաղաքական մեկնաբան Մաքսիմ Շեւչենկոն ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂ կարգավորման հեռանկարին՝ նշել է, թե պարադոքսն այն է, որ առանց ռազմական միջամտության որոշ հարցեր հնարավոր չէ լուծել, եւ այդ պատճառով պետք է պարզապես ձեւավորել համարժեք դաշինք, ովքեր շահագրգռված են կարգավորմամբ. «ԱՄՆ եւ ԵՄ միջնորդությունն ընդամենը երկարաձգում է ԼՂ խնդրի կարգավորումը: Այս հակամարտությունն ավելի արագ կլուծվեր ռեգիոնալ մակարդակով, սակայն դա թույլ չեն տա ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ Իսրայելը»: Ըստ մեկնաբանի՝ ռեգիոնալ հարթակներն են՝ ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը եւ Հայաստանը: «Գերտերությունները կարող են կողքից նայել, սակայն վերջին 20 տարիներն արդեն ցույց են տվել, որ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն չեն կարողացել լուծել ադրբեջանցիների՝ իրենց տարածքներ վերադառնալու հարցը, նույնիսկ Ադրբեջանի 5 գրավյալ շրջանների վերադարձը չեն կարողացել լուծել»,- ասել է իշխանական քարոզչամեքենայի կարկառուն ներկայացուցիչը՝ հավելելով, որ ՄՄ մտնելը կնպաստի նաեւ ԼՂ խնդրի կարգավորմանը:

Ուշագրավ մտքեր հնչեցին օրերս ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի կողմից։ Ռուսաստանի ՊՆ պաշտոնաթերթ «Красная звезда»-ին տված հարցազրույցում գնդապետ Անդրեյ Ռուզինսկին նշել էր, թե Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ-ի նկատմամբ ուժային ճանապարհով իրավասության վերականգնման վերաբերյալ որոշման դեպքում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան կարող է ներգրավվել զինված հակամարտությունում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում ՌԴ-ի ստանձնած պարտավորությունների համաձայն: Ռուզինսկին հայտնել էր, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան մշտապես պատրաստ վիճակում գտնվող միավորում է, եւ համոզմունք էր հայտնել, որ ռազմաբազայի ուժերը թույլ կտան լուծել իրենց առջեւ դրված խնդիրները։ «Ռազմաբազան բաղկացած է մարտական 13 ստորաբաժանումներից։ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կազմի մեջ են մտնում С-300Թ տեսակի զենիթահրթիռային համալիրներից բաղկացած դիվիզիոնը, БУК-М1-2 տիպի զենիթահրթիռային համալիրներից կազմված դիվիզիոնը, Смерч տեսակի ռեակտիվ հրետանային մարտկոցը եւ МиГ-29 տեսակի կործանիչներից բաղկացած օդուժի ռազմակայանը»,- հայտնել էր Ռուզինսկին։

Տպավորություն է ստեղծվում, որ արեւմուտք-հյուսիս «պայքարը» կամաց-կամաց տեղափոխվում է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման «ճակատ»: Բայց այդ «պայքարը» հազիվ թե հակամարտության կարգավորման հանգեցնի: Այն նաեւ այս դեպքում է շահերի ու ազդեցությունների մրցավազք: Մնում է հուսալ, որ այն չի վերածվի հակամարտության գոտում սրման նոր փուլի:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930