Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր ծրագրեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման ուղղությամբ

Նոյեմբեր 06,2013 11:38

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն` ծանոթանալու իրականացվող ծրագրերին և ընթացող վերանորոգման աշխատանքներին։ 

Մասնագիտացված կենտրոնն իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտություններ, հիվանդության ախտորոշում, ՄԻԱՎ վարակով հիվանդների դիսպանսերային հսկողություն, հակառետրովիրուսային բուժում, օպորտունիստական հիվանդությունների կանխարգելում և բուժում, խորհրդատվություն, մոնիտորինգ:
Մինչև այժմ հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1563 դեպք։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների 90 տոկոսից ավելին գտնվում է դիսպանսերային հսկողության տակ, իսկ շուրջ 560 հիվանդ ստանում է հակառետրովիրուսային բուժում։
2005 թվականից ի վեր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն աջակցություն է ստանում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից։ Հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվում են հակառետրովիրուսային և այլ դեղերի մատակարարում, ախտորոշիչ սարքավորումների և լաբորատոր ծախսանյութերի ձեռքբերում, կրթական, գիտահետազոտական և այլ ծրագրեր։ Կենտրոնը հագեցվել է ախտորոշիչ ժամանակակից սարքավորումներով, ունի ռեֆերենս լաբորատորիա, որտեղ իրականացվում է հիվանդության վերջնական ախտորոշում, ինչպես նաև բուժման ընթացքում լաբորատոր հսկողություն և հակառետրովիրուսային դեղերի նկատմամբ վիրուսի կայունության հետազոտություն։
Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում «ՍՊԻԴ ինֆոսվյազ» հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացվում են նաև կենտրոնի տարբեր ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներ։
Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով արդեն ավարտվել է 3-5-րդ հարկերում տեղակայված բուժական և լաբորատոր-ախտորոշիչ բաժինների վերանորոգումը։
Ռուսական օգնության ծրագրի շրջանակներում այժմ ընթանում են սոցիալ-հոգեբանական խորհրդատվության և համաճարակաբանական հսկողության բաժինների վերանորոգման, ինչպես նաև գիտաժողովների և համագումարների անցկացման համար նախատեսված դահլիճի վերանորոգման աշխատանքներ։ Վերջինս կհագեցվի ժամանակակից սարքավորումներով և տեխնիկական միջոցներով։
Նախարարը հարկ առ հարկ շրջելով բոլոր բաժանմունքներում ու լաբորատորիաներում, գոհունակություն հայտնեց իրականացվող վերանորոգման աշխատանքների որակի վերաբերյալ։
Դերենիկ Դումանյանը մասնագետների հետ քննարկեց ՌԴ օժանդակությամբ և Գլոբալ հիմնադրամի համաֆինանսավորմամբ կենտրոնի կողմից միգրանտների շրջանում նախատեսվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի իրականացման մանրամասներ։ Նախարարին ներկայացվեց, որ այդ նպատակով կազմակերպվել են շարժական խմբեր՝ ընտրված 100 համայնքում միգրանտ բնակչության շրջանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության աշխատանքներ իրականացնելու նպատակով։
«Սա չափազանց կարևոր ծրագիր է և անհրաժեշտ է համայնքների ամբուլատորիաների հետ աշխատանքներն այնպես կազմակերպել, որ մինչև միգրանտների հաջորդ մեկնումը ծրագրում հնարավորինս մեծ թվով շահառուներ ընդգրկվեն»,-ասաց նախարար Դումանյանը։
Նա հանձնարարեց մշակել և ներկայացնել ծրագրի իրականացման հստակ ժամանակացույց։
ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման տեսանկյունից նախարարը կարևորեց հետազոտման ու բուժման գաղտնիության ապահովումը։
Դերենիկ Դումանյանը նաև առաջարկեց ռուսական ծրագրով նախատեսվող ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների հսկողության սանիտարահամաճարակային նորմերի մշակումն իրականացնել ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հետ համատեղ։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930