Նոյեմբերի 5ին Ստամբուլի Ջեզայիր կենտրոնում կայացավ հայ լրագրող Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սեւ» եւ «Հայերը եւ թուրքերը» գրքերի թուրքերեն եւ անգլերեն հատորների շնորհանդես-վաճառքը։
Այն կազմակերպել էր »Անատոլու Քյուլթուր« կենտրոնի ղեկավար Օսման Քավալան՝ համագործակցությամբ »Ժամանակ« թերթի խմբագիր Արա Քոչունյանի։ Ներկաներին Թաթուլ Հակոբյանի եւ նրա գրքերի մասին տեղեկություններ փոխանցեց Քոչունյանը։ Ապա հեղինակը անգլերենով հակիրճ ներկայացրեց իր գրքերի բովանդակությունը, հատկապես կարեւորելով Ստամբուլի այս շնորհանդեսը։
Ներկա էին Պոլսում հրատարակվող հայկական թերթերի աշխատակիցներ, Բի Բի Սի-ի թրքական ծառայությունից լրագրող, ինչպես նաեւ փորձագետներ եւ դիվանագետներ։
»Յուրաքանչյուր կոնֆլիկտ ունի առնվազն երկու կողմ։ Ես չեմ կարող հավակնել ամենաանաչառ հեղինակի տիտղոսին, սակայն երկու գրքերում էլ փորձել եմ ներկայացնել փաստեր, իրադարձություններ՝ մեկնաբանությունները թողնելով ընթերցողին։ Կարծում եմ թուրք ընթերցողը հետաքրքրությամբ կկարդա այս հատորները եւ նոր մանրամասներ կհայտնաբերի ինչպես հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների պատմությունից, այնպես էլ արցախյան հակամարտությունից«, ասաց Հակոբյանը։
Նրա ելույթից հետո եղան հարց ու պատասխաններ, ապա ծավալվեց քննարկում։
Վերջում Թաթուլ Հակոբյանը մակագրեց իր նորատիպ հատորները։