ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր հայտարարություն են տարածել՝ տարածաշրջան կատարած այցի ավարտին, որի համաձայն, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են հանդիպել այս ամիս՝ շուրջ երկու տարի շարունակված դադարից հետո։
«Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հաստատել են իրենց պատրաստակամությունը հանդիպել 2013 թվականի նոյեմբերին՝ հստակեցնելու իրենց դիրքորոշումները խնդրի կարգավորման շուրջ եւ քննարկելու առաջ շարժվելու հնարավորությունները»,-հայտարարում են միջնորդները։
Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Ժակ Ֆորը նաեւ նշում են, որ կշարունակեն աշխատել առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածությունների վրա եւ կոչ են անում կողմերին զսպվածություն ցուցաբերել տեղում, ինչպես նաեւ իրենց հրապարակային հայտարարություններում։ «Ցանկացած ռազմական գործողություն, հատկապես այս պահին, կարող է դիտարկվել որպես խաղաղ գործընթացը խաթարելու փորձ»,-ընդգծում են համանախագահները՝ Երեւան եւ Բաքու կատարած հերթական այցի ավարտին։
Ավելի վաղ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երեւանում հայտարարել էր, որ Հայաստանում ու Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո «հնարավորությունների պատուհան է բացվել՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերման համար»:
Կարդացեք նաև
Թարգմանությունը՝ «Ազատություն» ռադիոկայանի