«Ես դաստիարակվել եմ ընտանիքում եւ գիտեմ՝ ինչ է նշանակում ընկերություն, ազնվություն, հայրենասիրություն, դուխ »,- այսօր Ազատության հրապարակում հեղափոխությունը սկսելուց առաջ հպարտանում էր «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:
Նրա խոսքով, աշխարհի մի շարք երկրներում էլիտան ներկայացնում են «լավագույն տղերքը». «Ու նրանք թույլ չեն տալիս իրենց կլոր սեղանի շուրջ նստել մարդկանց, որոնք սեփական խոսքը պահել չգիտեն»:
Հետո բանտային կյանքում ընդունված «օրենքները» մեջբերեց. «Կներեք՝ օրինակները կարող են մի քիչ անհաջող թվալ, բայց բանտերում, եթե էն լուսամուտից մեկը խոսում է ու մաքուր տղա չի, ասում են՝ իջիր արա դու իրավունք չունես: Չի իջնում, ասում են՝ խցում լավ տղա չկա՞, եթե կա, ուրեմն դրան իջեցրեք, եթե ՝չէ, ուրեմն սաղ խցում փչացած են: Հայաստանում, եթե լավ տղերք չկան էդ իշխանություններին տապալելու, ուրեմն սաղ Հայաստանում բարոյազարկվածներն են ապրում: Ավելի լավ է մեռնեմ, բենզինի շշերը ձեռքիս գնամ ու մեռնեմ, սնայպերը ինձ խփի: Չեմ ուզում Կիեւյանից ինձ գցեմ, Հայաստանից չեմ ուզում գնամ: Ես այդպես եմ ապրելու: Չեմ ուզում աշխարհում իմ ազգի մասին ասեն՝ էնտեղ սաղ փչացած են, ժողովուրդ չկա: Նրանց ինչ անում են, էդ ժողովուրդը հանդուրժում է»:
Հարցին, թե բացի երթից էլ ինչ են նախատեսել, Շանթ Հարությունյանն ասաց. «Հետո կերեւա: Կախված նրանից՝ ոնց իրենց կպահեն, էն էլ կստանան: Ուզում եմ հայտարարել, մենք բացի բենզինի շշից, քարից, փետից, ռագատկից, մեկ էլ մարգանցովկա բրոնզից ուրիշ զենք հլը որ չենք վերցրել: Եթե մեր դեմ զենք հանեցին, մեզնից ով կենդանի մնաց, զենքով կռվելու է իրենց դեմ: Մենք՝ հեղափոխականներս, չենք ուզում արյունահեղություն: Առանց արյունահեղության է լինելու, ոնց որ Վրաստանում արել է Սահակաշվիլին: Խելոք կպահեն, իրենց մի հատ վարդ կտանենք կամ մեխակ կտանք կճանապարհենք: Խելոք չպահեն, արյուն թափեն, ստանալու են մեր այն ընկերներից, որոնք կենդանի կմնան»:
Կարդացեք նաև
Իր ելույթն ավարտելուց հետո, նա հանեց իր նարնջագույն վերնաշապիկը, եւ իր վրա ամրացված պաշտպանական գոտին կապեց որդու Շահենի մեջքին. «Իմ տղեն ա՝ Շահենը, ինքն էլ է հետս կռվելու: Ան Շահեն ջան, ոստիկաններին դուբինկով՝ գլխներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ