Լրահոս
Օրվա լրահոսը

BBC. Բոլշևիզմը փրկությո՞ւն էր, թե՞ անխուսափելիություն. ՀԽՍՀ և ՀՀ պատմության դասագրքերի տարբերությունները

Նոյեմբեր 05,2013 21:32

Խորհրդային միության ժամանակ Հայաստանում ԽՍՀՄ պատմությունն անցնում էին 5-ից 10-րդ դասարաններում, իսկ «Հայ ժողովրդի պատմությունը» ընդամենը երկու տարի, և դասագրքերի ծավալն էլ ավելի փոքր էր: Գրում է «Բի Բի Սի»-ի ռուսական ծառայությունը՝ Խորհրդային և անկախ Հայաստանների պատմության դասագրքերի մասին զուգահեռներ անցկացնող նյութում:

Խորհրդային միության փլուզումից հետո դպրոցական ծրագրի մեջ մտավ «Համաշխարհային պատմություն» և «Հայոց պատմություն» դասերը:

Ըստ լրատվականի, երկու առարկաներն էլ հայակենտրոն են՝ հիմնական թեման հայերի պատմությունն է, որը ներկայացված է համաշխարհային պատմության ընդհանուր ֆոնի վրա:

«Նոր դասագրքերն ավելի են ազգայնականացված», – պնդում է երևանյան դպրոցի պատմության դասատու Արթուր Զարգարյանը: Խորհրդային դասագրքերի հետ համեմատած՝ փոխվել է նաև պատմական փաստերի գնահատումը. «Երկրորդական են դարձել այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք են Կոմունիստական կուսակցության նյութերը կամ բոլշևիկյան հեղափոխությունը, որոնք, իհարկե, նույնպես ընդգրկված են դասագրքերում», – ասում է Զարգարյանը:

ՀԽՍՀ դասագրքերում Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը ներկայացված էր որպես հայ ժողովրդի ազատագրման կարևոր իրադարձություն: Ներկայիս դասագրքերում այն ներկայացված է որպես Հայաստանի համար անխուսափելի քայլ՝ պայմանավորված «միջազգային անբարենպաստ իրավիճակով, 1920թ. առանց պատերազմ հայտարարելու Թուրքիայի հարձակմամբ», – ասում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Դպրոցականներին նաև սովորեցնում են հարևան երկրների հարաբերությունների, վերջին տարիների տարածքային և ռազմական հակամարտությունների մասին:

«Խորհրդային դասագրքերում Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության թեման շրջանցում էին», – ասում է Զարգարյանը՝ նշելով, որ այժմ Հայոց ցեղասպանության դասերն ընդգրկված են 8-րդ դասարանի ծրագրում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930